Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն աշխատանքային այցով գտնվում է Մեծ Բրիտանիայում, հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Լոնդոնում գտնվող իր թղթակցին։
Ալիևը Լոնդոնում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին։
Լոնդոնում է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ: Թե ինչ հանդիպումների մասին է խոսքը, կառավարությունը չի հստակեցնում։
Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը երեկ փոխանցեց, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում։
Ո՛չ պաշտոնական Երևանը, ո՛չ պաշտոնական Ադրբեջանը դեռ չեն հաստատել տեղեկությունը։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ստեղծել է Եվրոպական խորհուրդը 2022-ին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայից հետո։
Խորհուրդն արդեն երեք հանդիպում է անցկացրել։ Այդ գագաթնաժողովի շրջանակներում երկու անգամ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Առաջինը 2022-ին Պրահայում էր, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Երկրորդը՝ 2023 -ի հունիսին, երբ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում։ Իսկ անցած տարի հոկտեմբերին Գրանադայի հանդիպումը Ալիևը բոյկոտեց։ Այդ օրը կայացավ քառակողմ հանդիպում Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: