Մատչելիության հղումներ

Երևանը մերժել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում անցկացնելու Լոնդոնի առաջարկը․ Հաջիև


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը պնդում է, որ հայկական կողմը մերժել է Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպում անցկացնելու Լոնդոնի առաջարկը։

«Հանդիպման սկզբում պետք է մասնակցեր Մեծ Բրիտանիայի վարչապետը, իսկ հետո նախատեսվում էր շարունակել հանդիպումը Ադրբեջանի և Հայաստանի միջև։ Հայաստանի մերժումը համարում ենք երկխոսությունից և խաղաղության օրակարգի առաջմղման մտադրությունից հեռանալու դրսևորում»,- ադրբեջանական Report կայքի հետ զրույցում ասել է Հաջիև։

Ավելի ուշ հայկական կողմը մեկնաբանեց՝ ադրբեջանական կողմը մերժել է Լոնդոնում Փաշինյան-Ալիև երկկողմ հանդիպում ունենալու Երևանի առաջարկը, սակայն «հայկական կողմի առաջարկն ուժի մեջ է»:

Լոնդոնում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովը։ Փաշինյանն ու Ալիևը Լոնդոնում են հենց այս գագաթնաժողովին մասնակցելու համար։

Ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը երեկ փոխանցել էր, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում։

Ո՛չ Երևանը, ո՛չ Ադրբեջանը հանդիպման մասին պաշտոնական հայտարարություն չէին արել։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ստեղծել է Եվրոպական խորհուրդը 2022-ին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայից հետո։

Խորհուրդն արդեն երեք հանդիպում է անցկացրել։ Այդ գագաթնաժողովի շրջանակներում երկու անգամ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Առաջինը 2022-ին Պրահայում էր, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Երկրորդը՝ 2023 -ի հունիսին, երբ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում։ Իսկ անցած տարի հոկտեմբերին Գրանադայի հանդիպումը Ալիևը բոյկոտեց։ Այդ օրը կայացավ քառակողմ հանդիպում Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG