Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հրավիրվել են Մեծ Բրիտանիայում վաղը կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին: Վարչապետ Փաշինյանն այսօր տիկնոջ հետ արդեն մեկնել է Լոնդոն։
Կառավարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ: Թե ում է հանդիպելու Փաշինյանը, չի նշվում։
Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Իլհամ Ալիևը ևս կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ «Թուրան» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ոչ պաշտոնական տվյալներով՝ գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Ադրբեջանի և Հայաստանի բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպում։
Հենց այսօր, վարչապետ Փաշինյանի որոշմամբ, Լոնդոն է մեկնում նաև Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այս այցի նպատակների մասին, սակայն, մանրամասներ չեն հաղորդվել։ Եվ պարզ չէ՝ Գրիգորյանը մասնակցելու է Լոնդոնում վաղը մեկնարկելիք գագաթնաժողովին, թե՝ ոչ։
Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որ Եվրոպական խորհուրդը ստեղծեց 2022-ին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայից հետո, արդեն իսկ 3 հանդիպում է անցկացրել։ Այդ գագաթնաժողովի շրջանակներում արդեն 2 անգամ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Առաջինը 2022 -ին Պրահայում էր, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Երկրորդ անգամ՝ 2023 -ի հունիսին Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում։ Իսկ արդեն անցած տարի հոկտեմբերին Գրանադայում անցկացված հանդիպումը Ալիևը բոյկոտեց։
Կկայանա՞ Փաշինյան-Ալիև հանդիպում. քաղաքական մեկնաբանը քիչ հավանական է համարում
Արդյոք այս անգամ կկայանա՞ Փաշինյան-Ալիև հանդիպում։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը քիչ հավանական է համարում։
«Ես հիմա չեմ կարծում, թե Ադրբեջանն առանձնապես հետաքրքրված է լինելու նոր հանդիպումով արդեն Լոնդոնում: Որևէ բան չեմ բացառում, սակայն Գրանադայից հետո ես չեմ կարծում, որ Ադրբեջանի մոտ այդ հետաքրքրությունը թարմացած լինի, հատկապես, որ արտգործնախարարների մակարդակով հանդիպում եղավ Վաշինգտոնում», - նշեց Բադալյանը:
Վերլուծաբանի համոզմամբ՝ Հայաստանի վարչապետի լոնդոնյան այցի առանցքային ինտրիգը հետևյալն է՝ արդյոք Փաշինյանը կրկին կհանդիպի Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ։ Բադալյանը հիշեցնում է՝ այս տարվա փետրվարին Փաշինյանը Մյունխենում Անվտանգության համաժողովի շրջանակում հանդիպեց Ռիչարդ Մուրին, ինչն արտառոց ձևաչափ էր։ Դրանից առաջ՝ 2022-ի դեկտեմբերին՝ Լաչինի միջանցքի արգելափակումից անմիջապես հետո, Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավարն այցելել էր Երևան ու հանդիպել Փաշինյանին։
«Ամենատարբեր հարցեր կարող են քննարկել, Բրիտանիան բարձրաձայնել է, որ իր համար էլ էական է Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա միջանցքի ձևավորումը, և բնականաբար, ձգտելու են առավելագույնն անել այդ միջանցքը ստանալու համար, որի շնորհիվ Բրիտանիան փորձելու է ամրապնդել իր աշխարհաքաղաքական դիրքերը և թուլացնել իր աշխահաքաղաքական գլխավոր մրցակցի՝ Ռուսաստանի, ինչպես նաև Իրանի և Չինաստանի դիրքերը», - ընդգծեց քաղաքական մեկնաբանը:
Ի դեպ, Բադալյանի համոզմամբ՝ Անվտանգության քարտուղարի այցը Լոնդոն նույնպես կապված է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի հետ: Քաղաքական մեկնաբանը հիշեցնում է, որ Արմեն Գրիգորյանը հաճախակի է այցելում Մեծ Բրիտանիա, բայց այս մեկը թերևս Փաշինյանին ուղեկցելու նպատակ ունի։
Օքսֆորդշիրում գտնվող գեղատեսիլ Բլենհեյմ պալատում վաղը մեկնարկելիք գագաթնաժողովին մասնակցելու են շուրջ 50 երկրների կառավարության ղեկավարներ, ինչպես նաև Եվրոպական միության կառույցներ։ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի օրակարգում է Ուկրաինային աջակցություն ցուցաբերելու, այդ թվում՝ անվտանգության, ժողովրդավարության, հաղորդակցության, միգրացիայի և էներգետիկ խնդիրներին վերաբերող հարցեր։
Ժողովրդավարության ապահովմանն ու պաշտպանությանը նվիրված կլոր սեղանը համանախագահելու են Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելը և Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը։ Այս քննարկման օրակագում են եվրոպական ժողովրդավարությանը սպառնացող վտանգները, ներառյալ ապատեղեկատվությունն ու արտաքին ինֆորմացիոն շահարկումները։