Մատչելիության հղումներ

Կայացավ Հարիս-Թրամփ առաջին բանավեճը


Երեքշաբթի երեկոյան Ֆիլադելֆիայում կայացել է նախագահական բանավեճ նախագահի դեմոկրատական և հանրապետական թեկնածուների՝ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միջև։

Սա նրանց առաջին դեմ առ դեմ բանավեճն էր։

ABC-ի եթերում ավելի քան 90 րոպե տևած բանավեճի ընթացքում հարցեր են հնչել սոցհարցումների վրա հիմնված հասարակությանը հուզող կարևոր խնդիրների շուրջ, մասնավորապես, տնտեսության վիճակ, կանանց աբորտի իրավունք, անօրինական միգրացիա, Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա և ամերիկյան արձագանքը։ Սակայն թե՛ Հարիս, թե՛ Թրամփը խուսափել են խորը վերլուծություններից։

Խոսելով տնտեսությունից Հարիսը վերահաստատել է «հնարավորությունների տնտեսություն» ստեղծելու իր սկզբունքը՝ խոստանալով հարկային արտոնություններ փոքր ձեռներեցներին, օգնություն երեխաներ ունեցող ընտանիքներին և առաջին բնակարանն ու տունը գնողներին։ Նա Թրամփին մեղադրել է խոշոր բիզնեսի շահերից ելնելով գործելու համար։

Թրամփն էլ իր հերթին մեղադրել է Բայդենի և Հարիսի վարչակազմին հսկայական գնաճի պայմաններ ստեղծելու համար, սահմանները բացելու և դրա հետևանքով անօրինական միգրանտների հոսքն ավելացնելու համար՝ նշելով, թե նրանք ամերիկյան աշխատատեղեր են խլում, բազմաթիվ հանցագործություններ գործում։ Թրամփը քննարկման ողջ ընթացքում բարձրացրել է անօրինական ներգաղթի հարցը։

Բանավեճի ոչ փոքր հատված հատկացվել է Ուկրաինա ռուսական ներխուժմանը։ Դոնալդ Թրամփը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյոք ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի։

«Ես ուզում եմ, որ պատերազմը դադարեցվի, ուզում եմ փրկել մարդկանց կյանքը», - ասել է Թրամփը։

Նա վերահասատատել է իր ավելի վաղ արած հայտարարությունը, թե կարող է արագ հասնել պատերազմի ավարտին, քանի որ լավ է ճանաչում Զելենսկուն և Պուտինին, «նրանք հարգում են ինձ»։

Թրամփն ասել է, թե կարող է համոզել նրանց դադարեցնել պատերազմը նույնիսկ նախագահի լիազորությունները ստանձնելուց առաջ։

Քամալա Հարիսն էլ շեշտել է, որ Ռուսաստանը խախտել է միջազգային նորմերը՝ հարձակվելով Ուկրաինայի վրա։

«Եթե Թրամփը լիներ նախագահ, Պուտինը նստած կլիներ Կիևում՝ հայացքը գցած մնացած Եվրոպայի վրա», - հայտարարել է Հարիսը՝ նշելով՝ Ամերիկային պետք է նախագահ, ով կճանաչի Ամերիկայի կարևոր դերն աշխարհում։

Թե՛ դեմոկրատները, թե՛ հանրապետականները բանավեճից հետո հայտարարել են, որ գոհ են արդյունքներից։

ԱՄՆ-ի պատմության մեջ ամենատարեց նախագահ՝ 81-ամյա Բայդենը հունիսին տեղի ունեցած հեռուստաբանավեճի ընթացքում, որն ուղիղ եթերում հեռարձակում էր CNN-ը Ատլանտայի ստուդիայից, դժվարությամբ, հաճախ կիսատ նախադասությամբ, շփոթված էր ներկայացնում իր դիրքորոշումն առանցքային հարցերի շուրջ: Ձախողված այս բանավեճը հենց մտահոգեց դեմոկրատներին և պատճառ դարձավ, որ Բայդենը լքի մրցապայքարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG