ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը Վաշինգտոնում քարոզարշավի ժամանակ խիստ քննադատել է իր մրցակցին՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին։
Հարիսը Թրամփին մեղադրել է «անվերահսկելի իշխանության» ձգտելու մեջ։ 2021 թվականի հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա տեղի ունեցած հարձակման վայրի մոտ կայացած հավաքում, որտեղ Դեմոկրատական թեկնածուն քարոզարշավի ամփոփիչ խոսքով է հանդես եկել, նա Թրամփին անվանել է «անվստահելի, վրեժի մոլուցքով տարված և անընդհատ դժգոհող»:
Հարիսի հանդիպումը տեղի է ունեցել Նյու Յորքում հանրապետականների թեկնածու Թրամփի միջոցառման միջադեպի ֆոնին, որտեղ կատակերգու դերասանը իր ելույթի ժամանակ Պուերտո Ռիկոն անվանել էր «աղբի լողացող կղզի»: Թրամփը, ավելի ուշ ելույթ ունենալով Մար-ա-Լագոյից, հերքել է քննադատությունները՝ գովաբանելով հանրահավաքը և անվանելով այն «բացարձակ սիրո տոն»:
Միացյալ Նահանգներում ընտրությունները նոյեմբերի 5-ին են։ Ըստ վերջին հարցումների՝ Թրամփն ու Հարիսը գրեթե հավասար վարկանիշ ունեն՝ մոտ 47 տոկոս։