Դեղորայք ներկրող խոշոր ընկերություններից ահազանգում են՝ վերջին շաբաթներին մի նոր խնդրի են բախվել, ու եթե պատկան մարմիններն այն հրատապ չլուծեն, գուցե դեղերի մատակարարման խնդիր առաջանա:
«Ստացվեց այնպես, ինչպես միշտ է ստացվում՝ ֆորսմաժորային իրավիճակ», - ընդգծում է «Վագա-Ֆարմ» ընկերության հիմնադիր Վահե Վարսանյանը: - «Երևի իրենք դեղատուն չեն գնում, դեղ չեն առնում, դրա համար էլ արխային են»:
Արտադրված կամ ներկրված դեղորայքը մինչ դեղատներ հասնելը տարբեր փուլերով է անցնում։ Ամենավերջում դրանց վրա դրոշմապիտակներ են փակցվում, ինքնասոսնձվող այս պիտակները նույնականացնող տեղեկություններ են պարունակում։ Կարճ ասած՝ առանց սրա դեղ և տարբեր այլ ապրանքներ վաճառել չի կարելի։
Հայաստանի 103-րդ ամենախոշոր հարկատու «Վագա-Ֆարմ»-ի հիմնադիրը հայտարարում է՝ դրոշմապիտակների պատվերներն ուշանում են կամ դրանք քիչ քանակությամբ են տրամադրվում, այնինչ նախկինում Պետական եկամուտների կոմիտե դիմելուց հետո դրանք մշտապես մեկ օրում ստացել են։ Ընդգծում է՝ վերջին շաբաթներին գործընթացը զգալիորեն դանդաղել է:
«Մեր տեղեկություններով՝ դրոշմապիտակները ՊԵԿ-ում վերջացել են, ձեռնարկություններն էլ փաստորեն պարալիզացվում են, քանի որ դրոշմապիտակներ չկան, որ փակցվեն: Դա վերաբերում է և՛ ներմուծումներին, և՛ արտադրողներին. նոր արտադրողներից [մեկի հետ] խոսում էի, դիմել են արտադրողներ, որ 240 հազար հատ դրոշմապիտակ ստանան, նրանց ընդամենը կարողացել են բավարարել 60 հազար հատ», - ասաց Վարսանյանը:
Այլ խոշոր ընկերություններ նույնպես բախվել են այս խնդրին, ասում են՝ նախկինում երբեք այսպիսի բան չի եղել։ Անցած շաբաթվա վերջից «Ազատություն»-ը փորձում է պարզաբանումներ ստանալ Պետական եկամուտների կոմիտեից, հորդորել են հարցերը գրավոր ուղարկել, պատասխան մինչ այս պահը չունենք։ Հարցրել ենք՝ որո՞նք են այս ուշացումների պատճառները, դրոշմանիշների պատվերները տեխնիկական ի՞նչ խնդիրների պատճառով ժամանակին չեն կատարվել։
«Ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվում հարթ տեղը, ոնց որ այլ բնագավառներում», - նշեց Վարսանյանը:
Նման խնդիրներ ունեցող համակարգում, մինչդեռ, տեխնիկապես շատ ավելի «պահանջկոտ» փոփոխություններ են պատրաստվում, դեղորայքի դրոշամանիշներին շուտով պետք է փոխարինեն Data Matrix թվային ծածկագրերը. սրանք QR կոդերի նման են, սկանավորելով՝ քաղաքացիները կկարողանան ապրանքի վերաբերյալ տարբեր տեղեկություններ ստուգել՝ ով է արտադրել, որտեղից է ներկրվել, պիտանելիության ժամկետը և այլն։ Այժմ այս կոդերը պարտադիր փակցվում են միայն ալկոհոլի, ծխախոտի ու ջրի շշերի վրա։
Դեղորայքից զատ, Կառավարությունը ծրագրում է այս ծածկագրերը պահանջել ապրանքների շատ լայն խմբերի համար՝ կաթնամթերքից ու շոկոլադից մինչև հիգիենայի պարագաներ, օծանելիք և կոսմետիկա։ 2024-ի վերջին ամիսներին փորձնական մեկնարկ տվեցին։
Պետությունն այս աշխատանքների համար ապրանքների դրոշմավորման ազգային օպերատոր է ընտրել, որի կայքում էլ մեծ տառաչափերով պարտադիր դառնալու ժամկետ է նշված այս հունվարի 1-ը և միայն ներքևում փակագծերի մեջ գրված է՝ նախնական։
Այսպես կոչված պիլոտային ծրագիրն այժմ ավարտվել է, փոփոխությունները, սակայն, դեռ ուժի մեջ չեն մտել։
Փորձնական ծրագրին մասնակցած «Վագա-Ֆարմ»-ի հիմնադիր Վահե Վարսանյանի կարծիքով՝ հրատապ լուծում պահանջող դրոշմապիտակների խնդրի պատճառը նաև հենց սա է, նոր համակարգը դեռ պատրաստ չէ, դա հասկանալով՝ Կառավարությունն շատ ավելի վաղ պետք է հոգար սովորական դրոշմապիտակների ապահովման հարցը:
«Կարելի էր կանխատեսել, մի քիչ շրջահայաց գտնվել, դա չկատարվեց, ու շուտ կարելի էր ռեակցիա տալ սրան՝ տեսնելով, որ համակարգը չի գործում, ու համակարգը դեռ դեկտեմբերին էլ պարզ էր, մենք էլ էդ պիլոտային ծրագրերին մասնակցել ենք ՊԵԿ-ի հետ, բավականին պրոբլեմներ կան համակարգում, օպերատորի հետ էլ խնդիրներ կան, ժամանակ կտևի: Այն ժամանակ պետք էր միաժամանակ, որ այդ վիճակն էր, չսպասեին, որ դրոշմապիտակները վերջանան, ու ձեռնարկությունները փակուղու առջև կանգնեն», - ասաց Վարսանյանը:
«Ազատություն»-ը Պետական եկամուտների կոմիտեից նաև հետաքրքրվել է՝ արդյոք ուշացման պատճառը նաև սպասվող փոփոխություններն են, շփոթեցնող չէ՞ կայքում գրված ժամկետը՝ հունվարի 1-ը, նոր պահանջները ե՞րբ պարտադիր կլինեն։ Սպասում ենք պատասխան գրությանը: Առայժմ միայն տեղեկացրել են՝ մեր հարցումը մուտքագրվել է և ուսումնասիրվում է համապատասխան ստորաբաժանման կողմից։