Կառավարությունը դեռ 9 ամիս առաջ էր որոշել, որ 470 անուն դեղ պետք է վաճառվի միայն էլեկտրոնային դեղատոմսով՝ հաջորդ տարվանից այս ցանկին ավելացնելով ևս ավելի քան 2 հազարը: Այժմ Առողջապահության նախարարությունը փաստորեն հետքայլ է անում՝ առաջարկելով ոչ թե 2025-ին, այլ 2027-ին այդ 2500 անուն դեղերը բացառապես էլեկտրոնային դեղատոմսով վաճառել։
«Առողջապահության իրավունք» ՀԿ-ի համահիմնադիր Անուշ Պողոսյանի գնահատմամբ՝ նախարարությունը տապալել է այս կարևոր ծրագիրը՝ թղթի վրա թողնելով հերթական որոշումը առողջապահական ապահովագրությունից հետո:
Նախարարությունն իր առաջարկը քննարկման է դրել իրավական ակտերի միասնական հարթակում՝ e-draft-ում։ Հիմնավորում են՝ Հայաստանն առաջին անգամ է անցնում էլեկտրոնային դեղատոմսին, ուստի առաջին փուլի համար պատշաճ վերահսկողություն իրականացնելու, հնարավոր ռիսկերից խուսափելու, խնդիրները վերլուծելու, կատարելագործելու նպատակով են առաջարկում 2 տարով հետաձգել գործընթացը:
Այս հիմնավորումները հիշեցնելով՝ նախարարության դեղորայքային քաղաքականության վարչության պետ Մարինե Հարությունյանը չի ընդունում իրենց ուղղված քննադատությունը. - «Այլ է, թե որակավորեն վերահսկողությունը, այլ է, թե որակավորեն ընդհանրապես քաղաքականությունը տապալելու մասին։ Ես դրան դեմ եմ, դա այդպես չէ։ Մեր նման երկրներում բոլորն էլ ունեն այդ խնդիրը»
Թեև պատվաստանյութերը, իմունային շիճուկները, հակաբիոտիկային, հակասնկային, հակավիրուսային ու մի շարք այլ դեղեր այսօր էլ պետք է էլեկտորնային դեղատոմսով վաճառվեն, շատ դեղատներ շրջանցում են այդ պահանջը։ Իսկ եթե այդպիսի դեղատները հայտնվեն տեսչական մարմնի տեսադաշտում, ապա մեկ անուն դեղի վաճառքի համար կտուգանվեն ընդամենը 5000 դրամով:
Էլեկտրոնային դեղատոմսերի գործարկման առաջին ամիսներին, երբ տեսչականը հայտարարում էր խիստ հսկողության մասին, «Ազատությունը» երևանյան մի քանի դեղատներից առանց էլեկտրոնային դեղատոմսի գնել էր ԱՀԿ-ի ցանկում ամենավտանգավոր դեղերի ցանկում ընդգրկված դեղերից մի քանիսը։
Իրավիճակն այսօր էլ շատ չի փոխվել։
Մարինե Հարությունյանն ասում է՝ իրենք վերահսկողություն իրականացնող մարմին չեն, իսկ թղթային դեղատոմսով դուրս գրվող դեղերի մասին օրենքն էլ, հիշեցրեց, դեռ 2019-ից է ուժի մեջ:
Ամբողջական տարբերակը դիտեք՝ «Ազատության» ռեպորտաժում.