Թեև Հայաստանում մոտ տասը տարի է արգելված է առանց բժշկի դեղատոմսի դեղատներից հակաբիոտիկ գնել, բայց դրանց ազատ վաճառքը շարունակվում է՝ առանց լուրջ հետևանքների։
Սեփական փորձով համոզվեցինք. երևանյան մի քանի դեղատներից հակաբիոտիկներ գնեցինք, որևէ մեկում աշխատակիցը դեղատոմս չպահանջեց։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հակաբիոտիկների դեմ պայքարն ընդլայնել է՝ չարաշահվող դեղերի խմբում ներառելով նաև հակասնկային, հակավիրուսային ու հակաբակտերիալ դեղեր: Այս խմբի դեղերի չարաշահումը հանգեցնում է մարդկանց կոլեկտիվ իմունիտետի անկմանը։ Եթե պետությունները բավարար քայլեր չձեռնարկեն, աշխարհում որոշ հիվանդություններ ու վարակներ անբուժելի կդառնան, մարդկանց մահվան թվերն ահռելի կլինեն, տնտեսական բեռն էլ 10 տրիլիոն դոլար կկազմի:
Համաճարակաբան Մհեր Դավիդյանցի պրակտիկայում շատ են դեպքերը, երբ պացիենտն արդեն հակաբիոտիկներ օգտագործած է իրեն դիմում։ Այս դեպքում, ասում է, բժիշկն արդեն բուժելու բարդություններ է ունենում:
«Եթե մենք նախկինում կարող էինք որոշակի խումբ հակաբիոտիկներ տվյալ հիվանդության, խնդրի դեպքում նշանակել, մենք այլևս հաջորդ անգամ էլ չենք կարողանում կիրառել և ստիպված ենք լինում անընդհատ փոխել հակաբիոտիկների խմբերը, դոզաները ավելացնել և այլն, որը առաջացնում է, բնականաբար, և՛ առողջական խնդիր, և՛ հանրային առողջության խնդիր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Դավիդյանցը՝ հավելելով. - «Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումներով՝ 2025 թվականին հակաբիոտիկների նկատմամբ կայունության արդյունքում կարող է յուրաքանչյուր տարի մոտ 10 միլիոն մարդ մահանալ»:
Մասնագետներն օրինակելի են համարում եվրոպական որոշ ու սկանդինավյան երկրների փորձը, որտեղ այս դեղերի վաճառքը գրեթե անհնար է առանց դեղատոմսի: Խիստ վերահսկողություն կա. բժիշկը կարող է լիցենզիայից զրկվել հակաբիոտիկի չհիմնավորված նշանակման համար, օրենքը խախտող դեղատներն էլ տուգանվում են հսկայական թվերով։
Հայաստանում այս տուգանքը կազմում է ընդամենը 5 հազար դրամ: Այսինքն՝ եթե դեղատնից մեկ տեսակի հակաբիոտիկ գնես ու տեսչական մարմինը դա արձանագրի, ապա մեկ անուն դեղի համար տուգանքն այդքան կկազմի:
Չնայած դեղատները հիմնականում շրջանցում են օրենքն ու հակաբիոտիկներն առանց դեղատոմսի են վաճառում, Առողջապահության նախարարությունը հույս ունի, որ խնդիրը կլուծվի, եթե ներդրվի էլեկտրոնային դեղատոմսի համակարգը:
«Հակաբակտերիալ, հակավարակային, հակավիրուսային և հորմոնային և այլն խմբերի դեղերը առաջիկայում արդեն դեղատներից բաց կթողնվեն էլեկտրոնային դեղատոմսի միայն առկայության դեպքում, և այս դեպքում պացիենտը պետք է այցելի արդեն սպասարկող տեղամասային պոլիկլինիկա, ստանա բժիշկ-մասնագետի համապատասխան խորհրդատվություն, որից հետո դուրս կգրվի էլեկտրոնային դեղատոմսը, և արդեն պացիենտը համապատասխան իր անձը հաստատող փաստաթղթով կմոտենա որևիցե դեղատուն և այնտեղից կստանա այդ համապատասխան դեղը», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Մարինե Հարությունյանը:
Իսկ եթե դա՞ էլ տապալվի՝ այս հարցին ի պատասխան Հարությունյանը պնդեց՝ տեսչականը կհսկի: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հիմա էլ է հսկում, բայց՝ սա է պատկերը:
«Տեսչական մարմինը ուղղակի ռեսուրսային մակարդակով չի կարող ռեսուրսներ այդքան տրամադրել և անընդհատ 24-ժամյա ընթացքով հետևել, թե որ դեղատնից երբ, որ ժամին ինչ դեղատոմսով է դուրս գրվում դեղը, թե՝ ոչ: Դրա համար Առողջապահության նախարարությունը, քանի որ գերնպատակը, նաև բնակչության առողջության բարելավման քաղաքականության համար է Առողջապահության նախարարությունը պատասխանատու, մեր կողմից մշակվել և Կառավարության հաստատմանն է ներկայացվել արդեն նախագիծ», - ասաց առողջապահական գերատեսչության պաշտոնյան:
Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալներով՝ միայն Եվրոպայում տարեկան ավելի քան 35 հազար մարդ է մահանում դեղակայուն վարակներից: Իսկ ԱՀԿ-ի կանխատեսումը, որ 2050 թվականին աշխարհում դեղակայուն վարակներից տարեկան մինչև 10 միլիոն մարդ կմահանա, գրեթե մոտենում է քաղցկեղից մահացությունների թվին:
Հայաստանում հատուկ վիճակագրություն չի վարվում, թե սպառված հակաբիոտիկներից քանի տոկոսն են մարդիկ ստանում հիվանդանոցներում, քանիսը՝ գնում դեղատներից: Բայց ԱՀԿ-ին ներկայացվում է երկրում ամենաշատը կիրառված հակամանրէային դեղերի վիճակագրությունը։
«Բոլոր հակաբակտերիային դեղերը, այդ թվում՝ անտիբիոտիկները, մտնում են այս կանաչի մեջ, և դուք տեսնում եք, որ դա գերակշռում է, որովհետև իրենց խումբը նաև շատ մեծ է: Բայց, օրինակ, վերջին տարիներին, տեսնում եք, կապույտը շատացել է, իսկ կապույտը հակավիրուսային դեղերն են: Եվ տեսնում եք, որ, օրինակ, քովիդի ժամանակ մենք ունենք աննախադեպ նաև հենց հակավիրուսային դեղերի կիրառում, որը նախկինում չենք արձանագրել, որովհետև արդեն հստակ էր, որ խնդիրը հենց վիրուսային է, այսինքն՝ ծագումը վիրուսային է, և սկսեցին նաև մեծ քանակի հակավիրուսային դեղեր օգտագործել, թեև այդ ժամանակ, քանի որ կար նաև ատիպիկ թոքաբորբ, օգտագործում էին նաև մեծ քանակությամբ հակաբակտերիային դեղեր: Եվ նաև հակասնկային դեղեր են շատ օգտագործել, որովհետև մեծ մասը այդ հակաբակտերիային դեղերի հետ չհիմնավորված կիրառում են նաև հակասնկային դեղեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Առողջապահության նախարարության դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի փոխտնօրեն Լիլիթ Ղազարյանը:
ԱՀԿ-ը հակաբիոտիկների երեք խումբ է առանձնացրել՝ առաջնային հասանելիության հակաբիոտիկներ, երկրորդը կոչվում է մշտադիտարկվող խումբ՝ այստեղ ներառված են սահմանափակ ցուցումների դեպքում առաջին կամ երկրորդ ընտրության դեղերը, իսկ վերջինը՝ երրորդը, համարվում է պահուստային հակաբիոտիկների խումբ՝ սրանք պետք է կիրառել միայն այն դեպքերում, երբ բոլոր այլընտրանքային տարբերակներն այլևս արդյունավետ չեն:
Ի դեպ, այն հակաբիոտիկները, որ դեղատանը մեզ վաճառեցին առանց դեղատոմսի, պատկանում էին հենց վերջին խմբին, որոնք փաստորեն խորհուրդ է տրվում հազվադեպ օգտագործել, այսինքն՝ ամենածանր դեպքերում։