Մատչելիության հղումներ

Հայաստանում 470 դեղ այսօրվանից պետք է վաճառվի էլեկտրոնային դեղատոմսով


Այսօրվանից Հայաստանում 470 դեղ պետք է վաճառվի էլեկտրոնային դեղատոմսով։ Որոշումն ընդունվեց երեկ՝ կառավարության նիստում, արդեն երեկոյան մարդիկ, աշխատակիցների հավաստմամբ, սրբում էին դեղատները։

Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանը երեկ թվարկում էր՝ էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվելու են հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները, իմունոգլոբոլինները, պատվաստանյութերը և միզապրաստոլ պարունակող դեղերը։

«Ինչը կբերի ինքնաբուժության նվազման, որակյալ, արդյունավետ և նպատակային բժշկական օգնության տրամադրման», - նշեց Ջումայանը:

Կենտրոնից հեռու գտնվող դեղատներից մեկում այսօր հերթեր էին... Կառավարության որոշումից վրդովված հաճախորդները տուփերով գնում էին իրենց համար կենսական նշանակության դեղերը, ընդ որում, առանց էլեկտրոնային դեղատոմսի։ Թեև արդեն այսօրվանից դեղատոմսի դուրսգրումը պետք է կատարվեր «Արմմեդ» համակարգով, բայց այս դեղատանը որևէ մեկը դեռ էլեկտրոնային դեղատոմս չէր ներկայացրել։

«Վագա Ֆարմ» դեղատնային ցանցի պատասխանատու Աիդա Ասլանյանն ասաց՝ հստակ հրահանգ չեն ստացել, ուստի առայժմ դեղերը վաճառում են թղթե դեղատոմսով։

«Պաշտոնապես ոչ մի հրապարակում չի եղել և դեռ հին օրենքը, հին կարգն ուժի մեջ է, մենք աշխատում ենք ոնց աշխատել ենք, վաճառում ենք դեղատոմսով, բայց՝ ոչ էլեկտրոնային», - նշեց Ասլանյանը:

Կառավարության երեկվա նիստում փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հապճեպ համարեց որոշման ընդունումը՝ տարակուսելով՝ արդյոք մարզային դեղատները պատրաստ են այս համակարգին։ 6 ամիս քննարկումներ են եղել, հակադարձեց առողջապահության ոլորտի պատասխանատուն։

Վարչապետն էլ եզրահանգեց. - «Այսինքն՝ վստահ ենք, որ համակարգը պատրաստ է կամ որևէ դեղատուն պատրաստ չի, ուրեմն ինքն այդքան էլ դեղատուն չի, ճիշտ հասկացա՞նք»:

«Այսինքն՝ ինքը արդեն իսկ լիցենզիոն պայմանը խախտել է, եթե չունի «Արմմեդ» համակարգ», - ասաց առողջապահության փոխնախարարը:

Մեր այցելած մեկ այլ դեղատանն էլ օրվա ընթացքում ընդամենը մեկ հոգի էր էլեկտրոնային դեղատոմս ներկայացրել։ Աշխատողները նեղսրտած ասում էին, որ խնդիրներ կառաջանան հատկապես գիշերային ժամերին, երբ մարդիկ հրատապ դեղի պահանջ ունենան։

«Ազատության» հետ զրույցներում պոլիկլինիկայի բժիշկներն էլ իրենց հերթին դժգոհում էին, որ տարեց մարդիկ հաճախ չեն կարողանում անձամբ ներկայանալ պոլիկլինիկա, կանչ են ձևակերպում, իսկ այս դեպքերում իրենք չգիտեն՝ ինչպե՞ս են էլեկտրոնային դեղատոմս նշանակելու։ Ու չնայած այս խնդիրներին, կառավարությունը վստահեցնում է, թե արդեն հաջորդ տարվանից գրանցված դեղերի 75 տոկոսի վաճառքը լինելու է բացառապես էլեկտրոնային դեղատոմսով։

XS
SM
MD
LG