Չկա բանակցություն հավասարը հավասարի հետ, «կա պարտադրանք Ադրբեջանի, համաձայնություն՝ Հայաստանի իշխանության կողմից», խորհրդարանական ընդդիմությունը նախորդ երկու օրերին Ադրբեջանի նախագահի հայտարարություններից ու դրանց Հայաստանի վարչապետի արձագանքից հետո իր կարծիքը չի փոխում։
«Փորձում են Ադրբեջանին արած զիջումները հայկական հասարակությանը ներկայացնել որպես Հայաստանի կողմից ձեռքբերում», - ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, - «Այստեղ մենք Լեոյի խոսքերով՝ «հայրենիք չենք ստանալու, այլ գերեզման»։ Դա է Ադրբեջանի ուզածը, իսկ Փաշինյանը փոխանակ բանակցությունների սեղանին Հայաստանի շահերը պաշտպանի, վիզը ծռում, ասում է՝ դե լավ, գալիս է այստեղ, փորձում է համոզել, որ դա դրական քայլ է»։
«Արմենպրեսին» տված հարցազրույցում վարչապետ Փաշինյանը չհերքեց՝ հայ-ադրբեջանական սահմանին երրորդ ուժեր չտեղակայելու կետը խաղաղության պայմանագրի երկու չհամաձայնեցված հարցերից մեկն է։ Մյուսը, կողմերից հնչող հայտարարությունների համաձայն, միմյանց նկատմամբ միջազգային հայցերից հրաժարվելու դրույթն է։ Փաշինյանն ընդհանուր գծերով ներկայացրեց Երևանի դիրքորոշումը՝ երկու դեպքում էլ, ըստ էության, գաղափարը ընդունելի համարելով։
Նա ասաց՝ միմյանց դեմ ներկայացված հայցերի հետքաշումը տրամաբանական է, երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում։ Բայց նաև շեշտեց՝ միջազգային ատյաններ հասած անհատական հումանիտար խնդիրները երկկողմ ձևաչափով լուծելու հեռանկար պետք է լինի։ Արդյոք խոսքն այս դեպքում Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին է, որոնց վերաբերյալ ևս միջազգային հայց կա՝ չբացահայտեց։ Բաքվում 23 հայ գերի է պահվում։
Փաշինյանն ավելի հստակ խոսեց սահմանին երրորդ երկրների ուժեր չտեղակայելու դրույթի մասին. Հայաստանի առաջարկն է, որ այն տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա։ Ադրբեջանին խիստ նյարդայնացնում է մոտ երկու տարի Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը, Ալիևը վերջին հարցազրույցում անգամ նրանց ՆԱՏՕ-ի ենթակառուցվածք անվանեց։
«Եվրադիտորդները, որ եկել են, սահմանապահ չեն։ Իրենք դիտարկում են՝ ինչ է տեղի ունենում ամբողջ սահմանի երկայնքով, և չկա որևէ խելամիտ բացատրություն, թե ինչու սահմանազատված հատվածում կարող է էսկալացիա չլինի, իսկ մնացած հատվածներում կարող է լինի», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։
Ալիևը նաև խաղաղության բանակցությունների սեղանին չքննարկվող պահանջներ ունի։ Ռուսական լրատվամիջոցներին տված վերջին հարցազրույցում նա անհամատեղելի էր համարել Հայաստանի ռազմական գնումներն ու խաղաղության պայմանագիրը, կրկին ուզել Հայաստանի Սահմանադրությունում չտեսնել Անկախության հռչակագիրը, որը ըստ նրա «տարածքային պահանջներ» է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, լուծարված՝ Մինսկի խումբը։ Փաստարկն էլ հետևալն է՝ «եթե Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս, իսկ Մինսկի խումբը ղարաբաղյան հարցի լուծման համար էր ստեղծվել, ինչի՞ համար է այն պետք»։
Վարչապետը երեկվա հարցազրույցում վերջին գաղափարը կառուցողական էր համարել, միաժամանակ շեշտել՝ Երևանն ուզում է համոզվել, որ Ադրբեջանն էլ «Արևմտյան Ադրբեջան» խոսույթով տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ։
«Ադրբեջանը ձեռքը խփեց սեղանին, ասաց՝ չորս գյուղերից դուրս եկեք, ափալ-թափալ դուրս եկան, բայց գոնե մի 100 մետր էլ թող Ադրբեջանի զավթած տարածքներից հետ բերեր։ Հիմա ասում է ձեռքբերում։ Նույնն է Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը։ Եթե, Փաշինյա՛ն, դու կարծում ես, որ այս ինստիտուտի գոյությունն իմաստ չունի, դու նախաձեռնությամբ հանդես գայիր», - շեշտեց Արթուր Խաչատրյանը։
Բացահայտելով մոտ 5 միլիարդ դոլարի հասնող ռազմական բյուջեն՝ Ադրբեջանի նախագահը նաև սպառնացել էր՝ Հայաստանը «չի կարող դիմանալ մեզ հետ սպառազինության մրցավազքին»։ Նիկոլ Փաշինյանը առանց կոնկրետ թվերի, այնուհանդերձ, երեկ հանրայնացրեց, որ Հայաստանի ռազմական բյուջեն 3 անգամ զիջում է Ադրբեջանին։
Ադրբեջանը չի հրաժարվել Սյունիքի նկատմամբ տարածքային նկրտումներից, կարծում է «Պատիվ ունեմից» Տիգրան Աբրահամյանը։ Դա է պատճառը, որ, ըստ պատգամավորի, չնայած հասնում է իր պահանջներին, բայց և նպատակահարմար չի համարում Հայաստանի հետ պայմանագիր կնքել։
«Ռեգիոնալ, աշխարհաքաղաքական տեսանկյունից բարենպաստ դաշինք ձևավորելու դեպքում լինելու է ուղիղ ագրեսիա Սյունիքի նկատմամբ, և նրանց խնդիրն է ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ, ոչ թե Հայաստանի միջոցով որևէ կարգավիճակի ճանապարհին, այլ ուղիղ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքի միջոցով։ Սրանով է պայմանավորված, որ իրենք ձգձգում են՝ հասկանալու, թե արդյոք իրենց համար բարենպաստ դաշտ կձևավորվի», - նշեց Տիգրան Աբրահամյանը։
Պաշտոնական Երևանը Սյունիքով Ադրբեջանի պահանջած միջանցքի գաղափարը «կարմիր գիծ» է համարում։ Հստակ է, որ Երևանն ու Բաքուն տարածաշրջանային ապաշրջափակումը խաղաղության պայմանագրից առանձին են այժմ քննարկում. վերջերս հայկական կողմը երկաթուղու վերաբացման առաջարկ է ուղարկել Բաքուն, որը դեռ անպատասխան է։ Բաքուն անխոչընդոտ, առանց մաքսային ստուգումների անցում է ուզում դեպի իր էքսկլավ Նախիջևան։ Երևանը, կարևորելով երթուղիների նկատմամբ ինքնիշխանության պահպանումը, պարզվեցված անցում էր առաջարկում, բայց վերջին առաջարկների փաթեթը չի գաղտնազերծվել։