Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է, հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Արմենպրես»-ին տված հարցազրույցում:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ հայկական կողմը չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ արդեն մեկ ամսից ավելի առաջարկներ է փոխանցել Ադրբեջանին, որոնց Բաքուն դեռևս չի պատասխանել:
Ալիևը երեկ, մասնավորապես, նշել էր, թե խաղաղության պայմանագրի նախագծի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, և Երևանն ու Բաքուն դեռևս չեն համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերից ձեռնպահ մնալու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու մասին կետերը:
Փաշինյանը մանրամասնել է. - «Մենք առաջարկում ենք, որ երրորդ երկրների ուժերի չտեղակայման դրույթը տարածվի Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատված հատվածների վրա, և սա տրամաբանական է, որովհետև այդ հատվածներում հենց սահմանազատման բերումով էսկալացիայի ռիսկն էականորեն նվազեցվում է, եթե չասենք նվազագույնի է հասնում: Ամբողջական սահմանազատումից հետո, հետևաբար, Հայաստան-Ադրբեջան սահմանի որևէ հատվածում երրորդ ուժի ներկայության կարիք չի լինի, և Հայաստանի Հանրապետությունն առաջարկում է այս տրամաբանությունը»:
Ինչ վերաբերում է միմյանց դեմ ներկայացված հայցերի ետքաշմանը, Հայաստանի վարչապետն ընդգծել է. - «Երբ խաղաղության պայմանագիր է ստորագրվում, դա տրամաբանական է, հետևաբար՝ գաղափարն ընդունելի է մեզ համար: Այստեղ կա երկու նրբություն. դրանցից մեկն այն է, որ միջազգային ատյաններում քննարկվող անհատական հումանիտար խնդիրները երկկողմ ձևաչափով լուծելու հասկանալի հեռանկար պետք է լինի և երկրորդը, պետք է հստակ լինի, որ մյուս հարցերով միջազգային հարթակներից վեճերը ետ քաշելուց հետո կողմերը նույն հարցերը այլևս չպետք է դնեն և սրեն երկկողմ հարաբերությունների օրակարգում՝ դրանք էսկալացիաների հարատև աղբյուր դարձնելով»:
Փաշինյանն ասել է՝ «ոչ միայն միջազգային դատական ատյաններում վեճերը լուծելուց պետք է հրաժարվել, այլև բուն վեճերից«:
ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու գաղափարի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը «կառուցողական է»
Հարցին, թե ինչպիսի՞ն է Հայաստանի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու գաղափարի վերաբերյալ, վարչապետը պատասխանել է. -Կառուցողական: Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»:
Դիտարկմանը, որ Ադրբեջանն ասում է, թե դրանով ոչ մի տարածքային պահանջ առաջ չի քաշում ընդդեմ Հայաստանի, դա փախստականների վերադարձի իրավունքի հարց է և ՀՀ Կառավարությանը կոչ է անում արձագանքել այդ իրավունքին, Փաշինյանն արձագանքել է. - «Ակնհայտ է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթով պաշտոնական Բաքուն ցանկանում է առարկայացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած տարածքային պահանջները, որոնք ինչպես վերը ցույց տվեցի, արձանագրված են Ադրբեջանի Սահմանադրության մեջ»:
«Եթե այդպես չէ, ու մենք մեր ընկալումներում սխալվում ենք, ուրեմն Արևմտյան Ադրբեջան ասելով պետք է հասկանալ Ադրբեջանական Հանրապետության Ղազախի, Թովուզի, Աղստաֆայի, Գեդաբեյի, Դաշքեսանի, Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլուի, Զանգելանի շրջանները: Հետևաբար՝ մարդկանց վերադարձը այնտեղ Ադրբեջանի ներքին գործն է, և Հայաստանի Կառավարությունն այստեղ անելիք ու քննարկելիք չունի, բացի այն հարցերից, որ արդեն քննարկում է Ադրբեջանի հետ: Նկատի ունեմ՝ բնականոն հարաբերությունների հաստատումը, որոնք կապահովեն, այդ թվում, Ադրբեջանի արևմտյան և Հայաստանի արևելյան սահմանների անվտանգությունը», - հավելել է վարչապետը:
Անդրադառնալով սպառազինության վերաբերյալ Իլհամ Ալիևի պնդումներին, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է. - «Հայաստանը որևէ երկրի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ չէ: Մենք սպառազինությունները ձեռք ենք բերում բացառապես Հայաստանի սահմանները և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»:
«Ադրբեջանն էլ է ոչ պաշտպանական սպառազինություն ձեռքբերում, նշանակում է ռևանշիստական քաղաքականությո՞ւն է վարում», - հավելել է նա:
Ադրբեջանի նախագահը երեկ նաև նշել էր. - «Հայաստանը չի կարող դիմանալ մեզ հետ սպառազինության մրցավազքին։ Չնայած Մակրոնի ու Միացյալ Նահանգների պետդեպի օգնությանը, Ադրբեջանի դեմ սադրանք նախապատրաստելու դեպքում ոչ մեկը Հայաստանին չի օգնի։ Ինչպե՞ս նրանց օգնեց Մակրոնը 2020 թվին կամ 2023-ին»։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը Ադրբեջանի վրա հարձակվելու, սադրիչ գործողություններ ծավալելու ոչ մի մտադրություն չունի ու չի գնալու այդ ճանապարհով՝ նշելով. - «Եթե Ադրբեջանն էլ Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, ուրեմն տարածաշրջանում էսկալացիայի հավանականությունը զրո է»:
Հայաստանի վարչապետն ասել է նաև, որ առաջիկայում սահմանազատման հանձնաժողովները կհանդիպեն՝ քննարկելու, թե ո՞ր հատվածում շարունակեն սահմանազատումը: