Մատչելիության հղումներ

Փոխել ՀՀ Սահմանադրությունը, համաձայնել լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումը․ Բաքուն Երևանի նկատմամբ պահանջներն է վերահաստատում


Բաքուն վերահաստատում է Երևանի նկատմամբ պահանջները՝ նախքան խաղաղության պայմանագիր ստորագրումը՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, համաձայնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը․ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է հայտարարել "Россия сегодня" գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում։

«Եվս երկու կետ, որ հայկական կողմը պետք է կատարի. առաջինը՝ փոխի Սահմանադրությունը, քանի որ սահմանադրության մեջ հիշատակվում է անկախության հռչակագիրը, որն իր հերթին տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այնտեղ նախկին «Լեռնային Ղարաբաղի» ինքնավար մարզը հայտարարված է Հայաստանի մաս, ուստի Սահմանադրության փոփոխությունը մեր քմահաճույքը չէ, դրանք օբյեկտիվ պայմաններ են»,- ասել է Ալիևը։

Պաշտոնական Երևանը բազմիցս հակադարձել է Բաքվին՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։ Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց ՀՀ Սահմանադրական դատարանի 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշումը, որտեղ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։

«ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ»,- հայտարարել էր Հայաստանի վարչապետը։

Ադրբեջանի նախագահն այսօր ասել է, որ Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու Բաքվի երկրորդ պայմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, որն էլ, ինչպես Ալիևն է նշել, ֆորմալ առումով անհնար է անել` առանց Հայաստանի համաձայնության, քանի որ այս հարցը լուծվում է կոնսենսուսով։

Ընդգծելով, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է Ղարաբաղի հարցի լուծման համար՝ Ադրբեջանի նախագահն ասել է՝ եթե Հայաստանը ճանաչել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս, ապա ինչի է պետք ԵԱՀԿ Մինսկի խումբը։

«ԵԱՀԿ Մինսկի խումը լուծարելու Հայաստանի դժկամությունը խոսում է այն մասին, որ ռևանշիստների ծրագրերը բավականին լուրջ են», - կրկին ասել է Ալիևը։

Ըստ պաշտոնական Երևանի՝ Մինսկի գործընթացի շարունակականության հարցը կարող է դիտարվկել առաջին հերթին՝ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։

Իշխող «Քաղաքացիական պայմանագրից» էլ ասել էին, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է լուծարվի այն ժամանակ, երբ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն արդեն ստորագրված լինի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG