Մատչելիության հղումներ

Բերքաբեր-Կըզըլ Հաջիլի սահմանը գծված է, բայց ադրբեջանական դիրքը դեռ տեղում է՝ հայկական հողում


Արխիվ
Արխիվ

Բերքաբեր -Կըզըլ Հաջիլի սահմանը պաշտոնապես գծված է, ադրբեջանական դրոշը ծածանվում է նրանց գյուղի մի բլրի վրա, բայց ադրբեջանցի զինծառայողները չեն շտապում հեռանալ արդեն սահմանազատված հայկական հողից։ Բերքաբերցի Ռադիկ Զարգարյանն անհույս չէ՝ սպասենք, ասում է նա։

«Դեռ դուրս չեն եկել, բայց պիտի հետ քաշվեն։ Պիտի դուրս գան, դրան ենք սպասում, որ պիտի դուրս գան։ Դա արդեն կառավարության հանձնաժողովի հարցերն են», - նշեց նա։

Կարճ, բայց ողջամիտ ժամկետում չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու և տեղը զիջելու են սահմանապահ զորքերին, երկու ամիս առաջ հայտարարեց Հայաստանի կառավարությունը։ Մեկ ամիս առաջ հետքաշումն օրերի հարց էր։

Մայիսի 24-ին էլ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց՝ պաշտոնապես ստանձնում են այդ հատվածներում պետական սահմանի պահպանությունը, Բերքաբերինը՝ շուրջ երկու կիլոմետր հատված։

Ինչպես է պահպանություն իրականացվում, եթե ադրբեջանական դիրքը մնացել է տեղում։ Համայնքի վարչական ղեկավար Տիգրան Հարությունյանն ասում է՝ գործողություններ են իրականացվում. - «Մեկ դիրքի տեղ պետք է փոխեն՝ մի քանի հարյուր մետր հետ տանեն»։

Ավելի քան 30 տարի ադրբեջանական կողմն իր հսկողության տակ է պահում Բերքաբերի հողը ջրամբարի ափից մինչև Փայտասարի գագաթ՝ շուրջ 900 հեկտար հայկական տարածք։ Սահմանազատման այս նոր փուլում, սակայն, որոշում կայացվեց այդ հատվածը, ինչպես նաև Ոսկեպարի մեջ խրված ադրբեջանական եռանկյունին ապագային թողնել։ Կառավարությունը հրապարակեց քարտեզ՝ մանուշակագույնով ընդգծելով, թե որ տեղանքն են ճշգրտում այս փուլում։ Այդ ընդգծված հատվածում է մնում չհեռացող ադրբեջանական դիրքը։

«Մեր դիրքը այս մի ծայրին է եղել մանուշակագույն գծից դեպի Բերքաբեր, իրենցը՝ մյուս ծայրին, հիմա երկու դիրքերն էլ պետք է որոշակի տեղափոխվեն, հետ գնան», - ասաց Բերքաբեր համայնքի ղեկավարը։

Ռազմական, տեխնիկական խնդիրները հաշվի չեն առնվել. քաղաքագետ

Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանի դիտարկմամբ՝ Բերքաբերի այս պահին չսահմանազատվող տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի շարունակությունն է այս մեկը, որ պիտի հետ քաշվի։ Փոխկապակցված պաշտպանական համակարգ է, ասում է նա։

«Շատ տարօրինակ է, երբ դու ընդունում ես սահմանազատման մի տարբերակ և հետագայում առնչվում ես նման խնդիրների։ Այստեղ տեղանքը և այս պոստերի տեղադրությունն ինքը ստեղծում է այս խնդիրը զուտ տրամաբանորեն, այսինքն՝ կամ պետք է ասել՝ ինչ անել։ Եթե ադրբեջանական երեք խոշոր հենակետերի մի ճյուղը՝ մի հենակետը հանվում է, բայց մնում են այն երկուսը, և մնում է հայկական հենակետը, այստեղ ո՞րն է տրամաբանությունը։ Այս հատվածում կիսահենակետային, կիսասահմանապահային ինչ-որ իրավիճակ է ստեղծվում», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա։

Ըստ քաղաքագետի՝ սա արագ քաղաքական լուծում գտնելու հետևանք է՝ ռազմական, տեխնիկական խնդիրները հաշվի չեն առնվել, ու ադրբեջանական դիրքը մնացել է հայկական հողում, ընդ որում՝ սահմանից բավականին ներս։

Սահմանազատման այս աղմկոտ պրոցեսում Բերքաբերը խաղաղ ու լուռ մնաց, ցույցեր չեղան։ Մարդիկ հիմնականում համաձայն էին՝ Կըզըլ Հաջիլին ադրբեջանական է, թող տան, գուցե ադրբեջանցիներն էլ կվերադարձնեն իրենց 900 հեկտարը։ Մեկ հենակետից չհեռացողը հարյուրավոր հեկտարներից կհեռանա՞, չգիտեն։

XS
SM
MD
LG