Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, այսօր Հունգարիայի իր գործընկերոջ հետ Բաքվում կայացած մամուլի համատեղ ասուլիսում անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու գործընթացին, ասել է, որ այն ներառում է նաև սահմանի հատվածների սահմանազատում և սահմանագծում։
«Արդյունքում մենք մտքեր փոխանակեցինք ադրբեջանական օկուպացված 4 գյուղերն ազատելու դրական ազդեցության մասին երկու կողմերի միջև գործընթացի վրա», - ըստ APA գործակալության` ասել է Բայրամովը, նշելով, որ Ադրբեջանը հանձնառու է խաղաղ գործընթացին։
«Մեր կողմից մենք պատրաստ ենք ձեռնարկել հաջորդ անհրաժեշտ քայլերը», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
- Հայաստանի ու Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները մայիսի 15-ին ստորագրեցին ԽՍՀՄ ԶՈՒ գլխավոր շտաբի 1976թ. քարտեզով Բաղանիս– Բաղանիս Այրում, Ոսկեպար– Աշաղը Ասկիպարա, Կիրանց– Խեյրումլի և Բերքաբեր– Կըզըլ Հաջիլի բնակավայրերի միջև սահմանագծի համաձայնեցման մասին արձանագրությունը։ Երևանի ու Բաքվի ավելի վաղ ձեռք բերած պայմանավորվածության համաձայն՝ այս հատվածներն այլևս համարվում են սահմանազատված։
- Տավուշի ու Ղազախի սահմանագծի 4 գյուղերի հատվածում սահմանազատումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը «մեծ հաջողություն» է որակել։ Նրա խոսքով՝ Հայաստանի ինքնիշխանության ու անկախության հետագա զարգացման շատ կարևոր անկյունաքար է դրվել։
- Ընդդիմությունը պնդում է՝ հանձնաժողովների ստորագրած արձանագրությունը և դրանից բխող ցանկացած գործողություն ապօրինի է և քրեորեն պատժելի: