Մատչելիության հղումներ

«Դուք պատերա՞զմ եք առաջարկում, պատրա՞ստ եք դա անել 4000 զոհի գնով». Միրզոյանն՝ ընդդիմությանը


Արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր մոլորություն որակեց ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի այն պնդումը, թե Հայաստանը բյուջեով ծախսեր է նախատեսում ուղղակի Ադրբեջանի պահանջները կատարելու համար։

Ռուստամյանը օրինակներ բերեց. - «Օրինակ՝ սահմանազատման, սահմանագծման առումով, դա ոչ միայն չի բխում միջազգային փորձից, այլ Ադրբեջանի պահանջն է և Ադրբեջանի ծրագիրն է իրականացվում: Ադրբեջանը պահանջում է մի բան, մենք դա հիմնավորում ենք, ու սկսում ենք իրականացնել, էդ թվում՝ Սահմանադրության հետ կապված փոփոխությունների պահանջը»։

Չարձագանքելով սահմանազատման վերաբերյալ դիտարկումներին, Միրզոյանը խոսեց Սահմանադրության փոփոխության մասին՝ պնդելով. - «Օրակարգի մաս Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ո՛չ մեր, ո՛չ իրենց Սահմանադրության փոփոխությունները չեն կազմում»:

Արտգործնախարարը վերահաստատեց՝ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը բարձրաձայնել են, որ միմյանց Սահմանադրություններում էական խնդիրներ են տեսնում երկարատև խաղաղության հաստատման համար։ Չնայած այդ հանգամանքին՝ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այսօր պնդեց՝ պաշտոնական Երևանը Սահմանադրությունը խաղաղության հաստատման համար մեծ խնդիր չի համարում։

Վարչապետն ու իշխանության մյուս ներկայացուցիչները տևական ժամանակ է չեն անդրադարձել Սահմանադրության փոփոխությունների անհրաժեշտությանը, թեև տարեսկզբին Փաշինյանը ուղիղ պնդում էր՝ եթե Սահմանադրությունը, դրանում ամրագրված Անկախության հռչակագիրը չփոխեն, որտեղ հղում կա Լեռնային Ղարաբաղին, «խաղաղություն երբեք չի լինի»։

2023 - ի բյուջեի կատարողականի քննարկմանը չշրջանցվեց արցախահայերի՝ իրենց հայրենիք վերադարձն ապահովելու հարցը։ Ի՞նչ կոնկրետ քայլեր է արել այս ուղղությամբ Արտգործնախարարությունը, հարց ուղղեց ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը։ Հարցին Արարատ Միրզոյանը հարցով պատասխանեց՝ արդյո՞ք ընդդմիության ուզածը պատերազմն է։

«Որ ասում եք՝ վերադարձ Լեռնային Ղարաբաղ, կարա՞ք ասեք մանրամասներ, թե Դուք ինչ նկատի ունեք Լեռնային Ղարաբաղ վերադարձ ասելով, արդյո՞ք դա այն պայմաններն են, որ պատրաստ են ու առաջարկում է պաշտոնական Բաքուն, թե՞ դա ինքնավարություն է Ադրբեջանի կազմում, թե՞ անկախ Լեռնային Ղարաբաղ է, Դուք ի՞նչ եք ուզում առաջարկել: Եթե անկախ Լեռնային Ղարաբաղ է կամ այն ստատուս քվոն, որը կար 2019 թվականին, Դուք հասկանո՞ւմ եք և պատրա՞ստ եք դա անել առնվազն 4000 զոհի գնով: Դուք առաջարկում եք պատերա՞զմ, թե՞ ոնց որ ձեր հերթական վարչապետի թեկնածուն ասում է՝ զինվորականները պիտի մեռնեն», - ասաց Միրզոյանը:

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններին, հետագա սահմանազատման գործընթացին Արարատ Միրզոյանը չանդրադարձավ, փոխարենը խոսեց հայ - թուրքական հարաբերություններից՝ վստահեցնելով Թուրքիայի կողմից չկան պահանջներ, կա շատ առողջ երկխոսություն, թեև ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում։

«Որոնցից հիմնականներն, այո, ցավոք, կյանքի չեն կոչվել առայժմ՝ պայմանավորված այլ՝ երրորդ գործոններով: Մեր ակնկալիքն է Թուրքիայից, որ մեր պայմանավորվածությունները կսկսեն իրականանալ: Մենք պատրաստ ենք շարունակել այս շատ առողջ ու նորմալ երկխոսությունը», - նշեց ԱԳ նախարարը:

«Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները հասել են պայմանավորվածության՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի միջև սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների համար», - ուղիղ 2 տարի է անցել այս պայմանավորվածությունից, բայց Թուրքիան այդպես էլ չի բացում Հայաստանի հետ ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Թե ինչո՞ւ, Հայաստանի արտգործնախարարն այսօր այդպես էլ որևէ պարզաբանում չներկայացրեց, նա նաև անպատասխան թողեց լրագրողների հարցերը։

XS
SM
MD
LG