Բաքուն պաշտոնապես չի արձագանքել տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու Երևանի առաջարկին, Հայաստանցի պաշտոնյաները չեն գաղտնազերծում, թե ինչ փաթեթ են ուղարկել Բաքու։
«Ես տեղյակ եմ, թե ինչ առաջարկների մասին է խոսքը, բայց քանի դեռ պաշտոնական արձագանք չկա, չէի ուզենա բացել դրանց բովանդակությունը», - ասաց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Առաջարկները հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցել հոկտեմբերի 24-ին Կազանում տեղի ունեցած Ալիև-Փաշինյան բանակցություններից հետո: Վարչապետ Փաշինյանն անգամ պնդում էր, թե կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ունենալ փոխադարձ ընդունելի լուծում: Հայտնի է միայն, որ այդ առաջարկները բխում են կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի տրամաբանությունից:
Երևանին չպատասխանելուն զուգահեռ Բաքվից պարբերաբար հիշեցնում են այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին: Սա արդյոք նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանը չի համաձայնում, որ ապաշրջափակումից հետո ճանապարհները գործեն յուրաքանչյուր երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր հարցին ուղիղ չպատասխանեց:
«Մենք քանի անգամ ենք կրկնել, որ կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է: Ես նույնիսկ չեմ ուզում քննարկել ու մեկնաբանել դա: Նման բան ուղղակի չի լինելու: Եթե շարունակաբար դրա մասին խոսվում է, մենք էլ շարունակաբար կրկնում ենք, որ Հայաստանը ցանկանում է և պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց շատ դոգմատիկ կանոնների ներքո՝ ինքնիշխանության և իրավազորության ներքո», - ասաց Գրիգորյանը:
Երևանն ու Բաքուն այս հարցի շուրջ չորս տարի է՝ բանակցում են, բայց անարդյունք: Նույնիսկ խաղաղության համաձայնագրի նախագծից հարցը հանեցին, որ խաղաղության պայմանագրի ստորագրման մի խոչընդոտից ազատվեն: Բայց դրանից հետո էլ ադրբեջանցի պաշտոնյաներն ապաշրջափակման թեմային անդրադառնալիս միակ համաձայնությունը, որի մասին հիշատակում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է: Այս փաստաթղթի ստորագրումից հետո տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցով աշխատանքային խումբ էր ձևավորվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ, բայց անցած տարվա հուլիսից հանձնաժողովը նիստեր չի անցկացրել: Հնարավո՞ր է կողմերը վերադառնան այդ ձևաչափով քննարկումներին, թե՞ բանակցություններն արդեն երկկողմ են ընթանում:
«Դեռ չենք կարող ասել, որ բանակցություններ վարում ենք, կարող ենք ասել, որ մենք տվել ենք առաջակ, որի մասով սպասում ենք պատասխանի», - պատասխանեց Գրիգորյանը:
Ի տարբերություն ապաշրջափակմանը՝ սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը շարունակում են աշխատել: Մհեր Գրիգորյան վստահեցնում է՝ առաջիկայում նաև հանդիպում կլինի Շահին Մուստաֆաևի հետ: Գարնանը Տավուշի հատվածի չորս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելուց հետո միայն կողմերը վավերացրին սահմանազատման կանոնակարգը: Այս փաստաթղթի համաձայն՝ Երևանն ու Բաքուն պետք է համաձայնեցնեն, թե առաջիկայում որ հատվածներն են սահմանազատվելու: Հայկական կողմը կառաջարկի՞, որ դելիմիտացիան շարունակվի այն հատվածներում, որտեղ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։
«Մեր հանդիպումները միշտ տեղի են ունենում, որից հետո հրապարակում ենք հաղորդագրություններ ու փորձում ենք մաքսիմալ մանրամասն ներկայացնել ձեզ ու հանրությանը արդյունքների մասին», - նշեց Մհեր Գրիգորյանը:
Ադրբեջանը Հայաստանի ինքնիշխան տարածքի ավելի քան 200 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացրել, հայկական կողմից կարծում են՝ հենց սահմանազատմամբ են հետ բերելու դրանք: