Մատչելիության հղումներ

Խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է․ Բայրամով


 Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամով

Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է, լրագրողներին այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա նշել է, որ երկու հոդվածների վրա աշխատանքները շարունակվում են։

Բայրամովը դարձյալ կրկնել է նաև Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը՝ հայտարարելով, որ այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։

«Այս հարցում Հայաստանից վճռական քայլեր ենք ակնկալում։ Այն փաստարկները, որ մենք վերջերս լսում ենք Հայաստանից, չեն կարող բավարարել մեզ։ Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջերս ընդունած որոշումը սրել է խնդիրը, որովհետև հենց Հայաստանի Սահմանադրության նախաբանում է հղում արված փաստաթղթին, որ ընդունվել է Հայաստանի անկախացումից հետո, և այն տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ։ Այդ որոշումն է՛լ ավելի է բարդացնում իրավիճակը»,- հայտարարել է Բայրամովը։

Պաշտոնական Երևանը բազմիցս հակադարձել է Բաքվին՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությունը տարածքային պահանջ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ։

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց ՀՀ Սահմանադրական դատարանի 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշումը, որտեղ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։

«ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ»,- հայտարարել էր Հայաստանի վարչապետը։

Ադրբեջանի արտգործնախարարն այսօր նաև ասել է, որ Ադրբեջանը շարունակում է իր տարածքում արագացված տեմպերով աշխատել «Զանգեզուրի միջանցք»-ի բացման ուղղությամբ:

Օրեր առաջ Բաքվում Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆուաթ Օքթայն էր հայտարարել, որ «Զանգեզուրի միջանցքի» բացումը խաղաղության հաստատման կարևոր պայման է։

«Հուսով ենք, որ Հայաստանը չի անսա երրորդ կողմերից եկող կեղծ լուրերին և կյանքի կկոչի խաղաղության և զարգացման ծրագիրը», - ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ, ասել է Թուրքիայի իշխող ուժի բարձրաստիճան ներկայացուցիչը` հավելելով․ - «Զանգեզուրի միջանցքի աշխատանքներն ադրբեջանական կողմից ավարտվել են, Հայաստանի սահմաններին մնում են աշխատանքներ, որոնք անհրաժեշտ է ավարտին հասցվեն։ Հուսով ենք, որ մոտ ապագայում կիրականացվի»։

Բաքուն պնդում է, որ Ադրբեջանը Նախիջևանի հետ պետք է կապ ունենա Սյունիքով, բայց առանց մաքսային ու սահմանային հսկողության։ «Զանգեզուրի միջանցքի» բացման մասին պաշտոնական Բաքվի հայտարարություններին ի պատասխան՝ Երևանը մշտապես շեշտել է, որ «միջանցքային տրամաբանություն բանակցություններում չկա»՝ ընդգծելով՝ հաղորդակցային ցանկացած ուղի պետք է լինի տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո, և գործի հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG