Մատչելիության հղումներ

Երևանը Բաքվին գրավոր առաջարկ է արել կոմունիկացիաների բացման հարցով. վարչապետ


Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ունենալ փոխադարձ ընդունելի լուծում, այսօր խորհրդարանի ամբիոնից հայտարարեց վարչապետը՝ մանրամասներ ներկայացնելով մոտ 20 օր առաջ Կազանում տեղի ունեցած բանակցություններից։

«Մենք այս առաջարկը գրավոր ձևով փոխանցել ենք Ադրբեջանին», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ առանց դրա բովանդակությունը բացահայտելու:

Այսօր ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, թե Հայաստանն ու Ադրբեջանն ինտենսիվ բանակցում են երկաթագծի գործարկման շուրջ: Արտգործնախարարը, սակայն, չէր մանրամասնել՝ որ պաշտոնյաներն են այդ բանակցություններին մասնակցում։

Հայտնի է, որ սահմանազատման աշխատանքները համակարգող Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը այս ամսվա սկզբին կայացած հանդիպմանը առանձին քննարկել էին նաև տրանսպորտային հաղորդակցության հարցը։

Մինչ այդ Հայաստանն ու Ադրբեջանը ռուսական կողմի միջնորդությամբ էին բանակցում ապաշրջափակման շուրջ․ Հայաստանի կառավարությունը նույնիսկ նախնական հաշվարկ էր արել, ըստ որի՝ երկաթգծի կառուցումը կարժենա մոտ 200 միլիոն դոլար:

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ Երևանն ու Բաքուն բանակցում են արդեն չորս տարի, առայժմ՝ անարդյունք: Հայկական կողմը դեմ է միջանցքային տրամաբանությանը, իսկ Ադրբեջանն այս տարիներին, կիրառելով «Զանգեզուրի միջանցք» տերմինը, առանց ստուգումների անցում է պահանջում Սյունիքով դեպի իր էքսկլավ Նախիջևան։ Փոխվե՞լ է արդյոք Բաքվի դիրքորոշումը՝ վարչապետ Փաշինյանը չմանրամասնեց:

Հենց այդ տարաձայնությունների պատճառով էլ ամիսներ առաջ հաղորդվեց, թե կողմերը որոշել են հարցը հանել խաղաղության պայմանագրից՝ հետագայում քննարկելու համար: Փոխարտգործնախարար Կոստանյանը օրերս «Ազատությանն» ասել էր, որ ապաշրջափակման շուրջ Երևանի նոր առաջարկները որպես առանձին փաստաթուղթ է բանակցվում։

Երևանը Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի դնում 2 պատճառով. վարչապետ

Այսօրվա հարցուպատասխանին Փաշինյանը խոսեց նաև խաղաղության բանակցություններից։ Ասաց՝ Երևանը պատասխանել է պայմանագրի վերաբերյալ Բաքվի առաջարկներին: Ադրբեջանական կողմը այն ուղարկել էր նոյեմբերի 5-ին:

Վարչապետն այսօր կրկին պնդեց Հայաստանի Սահմանադրությունը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ չի պարունակում, մինչդեռ Ադրբեջանի Սահամանադրության մեջ Հայաստանի նկատմամբ կան տարածքային պահանջներ, սակայն հայկական կողմը, ըստ Փաշինյանի, նման պահանջ չի ներկայացնում երկու պատճառով. նախ, որ գործընթացը փակուղի չմտնի, երկրորդ՝ ստորագրված համաձայնագիրը գերակա է լինելու ներքին օրենսդրությանը: Փաշինյանը նաև չբացառեց սահմանադրական փոփոխությունները:

«Եթե ՍԴ-ն որոշի, որ խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը, ՀՀ-ն կարող է նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ», - ասաց նա։

Ռազմավարական գործարք կնքել. ՀՀ-ի առաջարկը

Վարչապետն Ադրբեջանի հետ խաղաղ ապրելու համար մի նոր գաղափար էլ ունի՝ այդ երկրի հետ կնքել ռազմավարական գործարք: Սա էլ կրկին մանրամասնեց կազանյան բանակցություններից, ընդ որում՝ շեշտեց, թե այդքան երկար խոսակցություն Ադրբեջանի նախագահի հետ նախկինում չի ունեցել, գոհ էր, ասաց՝ ամենակարևոր հատվածը հենց սա է:

Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ռազմավարական գործարքի վերաբերյալ իշխանությունը պատկերացում ունի՝ այն հենվելու է իրական Հայաստանի հայեցակարգի վրա: Թե ինչպես է արձագանքել Ադրբեջանի նախագահը, վարչապետը չասաց։

XS
SM
MD
LG