Կիրանցում՝ հայ - ադրբեջանական սահմանից մի քանի տասնյակ մետրի վրա, այսօր նորակառույց դպրոցը բացվեց՝ 34 աշակերտների համար։
Պայծառ գույներով ներկված շենքը ոգևորել էր 10-ամյա Դանիելին։ Իրենց նախկին վթարային դպրոցի համեմատ նորը պալատ է հիշեցնում իրեն. - «Ոնց որ պալատ ըլնի»:
Ամիսներ առաջ՝ սահմանազատման ընթացքում, Կիրանցում մարդիկ անհանգիստ էին՝ սահմանի բաժանարար պատը որքանո՞վ կապահովի երեխաների անվտանգությունը ՝ ադրբեջանցի սահմանապահների տեսադաշտում։ Այսօր՝ դպրոցի բացման օրը, երբ Երևանից պաշտոնական պատվիրակություն էին սպասում՝ վարչապետի ու տիկնոջ գլխավորությամբ, արդեն այդ մասին չէին խոսում։ Վաղ առավոտից դպրոցում եռուզեռ էր, մաքրման վերջին գործերն էին անում։
Երկու տարի տևած շինարարությունից հետո այսօր Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ անձամբ եկավ կարմիր ժապավենը կտրելու։ Կարճ ելույթ ունեցավ դպրոցի դահլիճում, որին լրագրողներին թույլ չտվեցին ներկա լինել։ Ավարտից հետո փոխտնօրեն Սուսաննա Փաշինյանն ասաց՝ վարչապետը հավաստիացրել է, թե դպրոցը երբևէ այնքան ապահով չի եղել, որքան այսօր։
«Ի սկզբանե ոնց որ թե մի քիչ կար, բայց հիմա բոլորովին չունենք մենք անհանգստանալու՝ ոչ ծնողների կողմից, ոչ մանկավարժական կոլեկտիվի կողմից, ոչ էլ աշակերտների, բացարձակ չունենք այդ գաղափարը», - «Ազատության» հետ զրույցում ասաց փոխտնօրենը՝ շարունակելով. - «Նրանց սահմանապահն էլ է կանգնած, մերն էլ է կանգնած, մենք վախենալու ոչինչ չունենք, եթե այդպես է, նրանք էլ պիտի ավելի շատ վախենան մեզանից, որովհետև սա մե՛ր հողն է, իրենք են մեզ մոտիկ կանգնած:
Վարչապետի վստահությունը, սակայն, առայժմ ոչ բոլորին է վարակել։ Անցած տարի դպրոցը 41 աշակերտ ուներ, այսօր՝ 34։ Այս տարի դպրոց ավելի քիչ աշակերտ է ընդունվել, քան նախորդ տարի ավարտել էր, բացի այդ՝ գյուղացիներից երկուսն էլ հեռացել են, երբ գույքը սահմանազատումից հետո հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Մինչդեռ դպրոցը 100 աշակերտի համար է նախատեսված։ Մեծ մարզադահլիճ, հանդիսությունների դահլիճ, լաբորատորիա ու ընդարձակ դասասենյակներ ունի։ Բայց անգամ կիսով չափ ծանրաբեռնված չէ։ Այն միջնակարգ կդառնա, թե՝ ոչ, այսօր դեռևս հայտնի չդարձավ։
«Դպրոցի միջնակարգ լինելու փաստը չեմ կարող ասել վերջնականորեն, որովհետև հրամանը պիտի վերևից ունենանք, առայժմ չունենք, չգիտեմ: Կամ թե կա, ես ինֆորմացված չեմ՝ էս պահին, իմ ներկայությամբ՝ չէ, ես չեմ լսել, որքան որ ես ներկա եմ եղել», - ասաց Սուսաննա Փաշինյանը:
Այսօր Նիկոլ Փաշինյանը դպրոցից դուրս գալուց հետո հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին: «Շաբաթ օրն եմ ասուլիս տվել, հարցերի չեմ պատասխանում», - ասաց վարչապետը: