Մատչելիության հղումներ

Կիրանցում փոխհատուցումը համաչա՞փ է եղել. Սաքունցի գրասենյակը դիմել է դատարան


Կիրանց գյուղ, Տավուշի մարզ, արխիվ
Կիրանց գյուղ, Տավուշի մարզ, արխիվ

Կիրանցում լուրեր են պտտվում, որ Ադրբեջանի հետ հատվածական սահմանազատման արդյունքում սեփականություն կորցրածներից յուրաքանչյուրին պետությունը մինչև 100 հազար դոլար է փոխհատուցել, բայց սա ստուգել հնարավոր չէ։ Թեման սահմանամերձ գյուղում փակ է, ոչ ոք չի համաձայնում տեսախցիկի առաջ խոսել այս մասին։

Կիրանցեցի Շուշիկ Եգանյանը եզակի բացառություն է, բայց նա էլ խոսում է այն մասին, որ իր անունը փոխհատուցման ցուցակներում չի ներառվել։ Պետք էր պետական դռներ ծեծել, փաստաթղթեր հավաքել ծնողներից ժառանգած ավելի քան հազար քառակուսի մետր սեփական հողատարածքի մասին, չի արել։ Հողն անցել է Ադրբեջանին, ինքն էլ փոխհատուցման երես չի տեսել։

Կառավարությունն էլ է հրաժարվում խոսել Կիրանցի արդեն նախկին սեփականատերերի կորցրած գույքի մասին։ Դեռ ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն «Ազատությանն» ասել էր՝ փոխհատուցման մասին գործադիրի որոշումը գաղտնի է, քանի որ այստեղ «պետական սահմանի սահմանազատման հետ կապված հարցեր են»։ Օրեր անց վարչապետը լրագրողների հետ ճեպազրույցում սահմանազատումից բացի, որոշումը գաղտնի պահելու մեկ այլ փաստարկ էր բերել։

«Դուք չպետք է վստահ լինեք, թե գիտեք՝ ինչ է տեղի ունենում փոխհատուցման կամ աջակցության ծրագրերով, որովհետև այդ ծրագրերը իրականացվում են գաղտնի որոշումներով, և որոշումները գաղտնի են, որովհետև դրանք պարունակում են անհատական տվյալներ», - ասել էր նա։

Կառավարությունից մերժել են փոխհատուցման մասին տվյալներ տալ նաև իրավապաշտպան Արթուր Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակին՝ էլի պատճառաբանելով, թե տվյալները գաղտնի են։

Ընդ որում, պատասխանից պարզ չէ՝ փոխհատուցումն այս դեպքում պետական, թե անձնական գաղտնիք են համարել։

«Տեղեկատվության չտրամադրելն այն հիմնավորմամբ, որ նա հանդիսանում է պետական գաղտնիք, բավարար չէ, որովհետև ամեն մի կոնկրետ տեղեկատվության դեպքում պետք է ոչ միայն սահմանափակվել՝ որակելով այն գաղտնիք, այլ պետք է հիմնավորել, թե ինչն է նրա գաղտնիությունը», - ասաց Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպանը դատի է տվել կառավարությանը։ Դատարանը կորոշի՝ գործադիրն իրավասու է գաղտնի պահել, թե քանի մարդու ու ինչ չափով է փոխհատուցում տալիս կիրանցիներին, որոնք գույք են կորցրել սահմանազատման արդյունքում։ Նա ասում է՝ մարդու իրավունքներին վերաբերող որևէ տեղեկություն չի կարող գաղտնի լինել։

«Վերջին հաշվով այդ գումարը պետական բյուջեից վճարվել է քաղաքացիներին, մենք որպես հարկատուներ չիմանա՞նք՝ մեր գումարը ողջամիտ չափերով է տնօրինվել, նպատակայնություն ինչումն է։ Չափորոշիչը, թե ինչ չափանիշների հիման վրա են որոշել գումարի չափը, շատ կարևոր է ոչ թե այդ մարդկանց տեսակետից, այլ մնացած հանրության տեսակետից», - «Ազատության» հետ զրույցում նշեց նա։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավարը պնդում է՝ հանրությունը պետք է տեղյակ լինի՝ որքանով է համաչափ տրվել փոխհատուցումը, հատկապես որ կառավարությունը հայտարարել է՝ սահմանազատումը շարունակվելու է հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Մյուս բնակավայրերի բնակիչները պետք է տեղյակ լինեն՝ ինչ է իրենց սպասվում, ասում է Արթուր Սաքունցը։

«Ի վերջո, մենք նաև կունենանք պատկերացում, թե մնացած տարածքներում համաչափ է արդյոք, այսինքն՝ տարբերակված մոտեցում արդյոք չկա, կա՞ ինչ-որ մի սկզբունք կամ չափանիշ, որի հիման վրա որոշել են խախտված սեփականության իրավունքի փոխհատուցման չափը», - նկատեց նա։

Գործադիրի գաղտնի որոշումը վիճարկելու առաջին դատական նիստը տեղի կունենա երկու ամսից։

XS
SM
MD
LG