Մատչելիության հղումներ

Կիրանցի նորակառույց դպրոցը սեպտեմբերին կընդունի 34 աշակերտի. նոր դպրոց կառուցելու որոշում չկա


Կիրանցի դպրոցի նոր շենքը, 20-ը օգոստոսի, 2024թ.
Կիրանցի դպրոցի նոր շենքը, 20-ը օգոստոսի, 2024թ.

Կիրանց գյուղի 100 տեղանոց նորակառույց դպրոցը սեպտեմբերին կընդունի 34 աշակերտի, նրանցից երեքը առաջին դասարանցիներ են։

«Առայժմ կգնանք նոր շենք, քանի որ հինն ավելի վտանգավոր է, քան նորը, 3-4-րդ կարգի վթարային է, երբ որ չեն հարմարվի, էն ժամանակ արդեն նոր շենք կկառուցվի, կտեղափոխվեն», - ասաց դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը:

Կիրանցում կառավարությունը նոր դպրոցի շինարարություն էր սկսել ավելի քան երկու տարի առաջ՝ Գյուղի հենց սկզբնամասում։ Սահմանազատումից հետո պարզ դարձավ, որ հենց այս նորակառույց դպրոցն է ադրբեջանական սահմանին ամենամոտ շինությունը։ Սահմանազատման գործընթացին զուգահեռ՝ շինարարությունը շարունակվում էր:

Որպեսզի դպրոցականները ադրբեջանցի սահմանապահների բառացիորեն աչքի առջև չլինեն, բաժանարար պատ կառուցվեց։ Դպրոցի տնօրենը դեռ չգիտի՝ կրթական առօրյան ինչպես կդասավորվի, ասում է՝ համենայնդեպս ամբողջ գյուղն է սահմանին:

Նախորդ տարի դպրոցը 41 աշակերտ ուներ, թիվը 7-ով կրճատվել է, որովհետև ըստ տնօրենի՝ մի քանի աշակերտ կրթությունը շարունակելու է հիմնական դպրոցում, կան նաև սահմանազատման հետևանքով այլ դպրոց տեղափոխվածներ:

Կիրանցի բնակիչ Վլադիմիր Շահինյանի տունն ու արհեստանոցը մնացին սահմանային պատի ու նոր կառուցված ճանապարհի տակ։ Նա հարևան Աճարկուտում է ժամանակավոր տուն գտել. - «Ես ամեն օր չեմ կարա համ աշխատեմ, համ էլ երեխաներին տանեմ-բերեմ»:

Վլադիմիրը պնդում է՝ իր 13 և 8 տարեկան երեխաներին դպրոցից հանելու այլ պատճառ չկա. անվտանգության խնդիրները կհաղթահարեր համագյուղացիների հետ հավասար:

Ծնողները, տատիկ-պապիկները մտադիր են երեխաներին անպայման ուղեկցել դպրոց -տուն ճանապարհին, մինչև այս միայն առաջինցիներին էին առաջին օրը դպրոց տանում, ճամփան սովորեցնում ու վերջ:

Դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը շեշտում է՝ ադրբեջանցի սահմանապահները մոտ 200 մետր հեռու են, ճամփան չեն անցնում, թեպետ իրենց հսկողության տակ է։ Կիրանցի բնակիչներից Անդրանիկ Նազարյանը տարակուսում է՝ ի՞նչ կարևոր է, թե որտեղ է այսօր կանգնել ադրբեջանցի սահմանապահը, սահմանը պատն է:

Նազարյանը, որ սահմանազատման հանձնաժողովին կից աշխատանքային խմբի կազմում էր ընդգրկվել ու հրաժարվել այդ գործին մասնակցելուց, շեշտում է՝ ավելի ապահով կլիներ, եթե երեխաները հենց սահմանին չլինեին, Աստված չանի՝ սրացում լինի....

Վարչապետ Փաշինյանը սահմանին հայտնված դպրոցի հեռանկարի թեմայով մի քանի անգամ շեշտել է՝ եթե կիրանցցիները չհարմարվեն, նոր շենք կկառուցեն այլ հատվածում:

Հիմա Կիրանցում լսել են՝ նոր դպրոց կառուցելու որոշում կա, այդպիսի վերնագրեր կային լրահոսում՝ կառավարության երեկվա նիստից հետո։ Օրակարգի չզեկուցվող հարցերից մեկը գույքի նվիրատվությունն ընդունելու և գույք ամրացնելու մասին էր։ Հիմնավորման մեջ կարդում ենք՝ Կիրանց 2-րդ փողոց 1 հասցեում գրանցված հողամասը ամրացնել պետգույքի կառավարման կոմիտեին՝ Կիրանցում դպրոց կառուցելու նպատակով։ Տարածքային կառավարման նախարարությունից տեղեկացանք՝ խոսքն արդեն կառուցված դպրոցի մասին է։ Թե ինչո՞ւ է նորակառույցի փաստաթղթավորման հիմնավորման մեջ մի քանի տարով հնացած ձևակերպում հայտնվել, պարզ չէ:

Սեպտեմբերմեկյան տոն հայ-ադրբեջանական սահմանային պատի մոտ, այսինքն, Կիրանցի դպրոցի բակում չի լինի։ Համենայնդեպս տնօրենն ասաց՝ միջոցառում չեն պատրաստում, եթե իհարկե վարչապետը դպրոց չայցելի։ Այդպիսի չճշտված լուրեր էլ ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG