Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իշխանությունը Դոնալդ Թրամփին հանձնելուց մեկ շաբաթ առաջ Պետքարտուղարությունում ավելի քան կես ժամ ելույթ է ունեցել և ամփոփել իր արտաքին քաղաքականությունը։ Ջո Բայդենն ասել է, որ այսօր Միացյալ Նահանգներն ավելի ուժեղ է, իսկ նրա հակառակորդները՝ ավելի թույլ, քան այն ժամանակ, երբ ստանձնեց պաշտոնը:
Բայդենը նշել է, որ առաջիկա ամիսներին և տարիներին նոր մարտահրավերներ, անշուշտ, ի հայտ կգան: Բայց և այնպես, հեռացող վարչակազմն ավելի լավ ժառանգություն է թողնում, թողնում է երկիր, որը կրկին առաջնորդում է, միավորում է երկրներ, ձևավորում օրակարգ, մյուսներին համախմբում իր տեսլականի ներքո:
«Մենք նրանց թողնում ենք Ամերիկա, որն ավելի շատ ընկերներ և ավելի ուժեղ դաշինքներ ունի, որի հակառակորդներն ավելի թույլ են և ճնշման տակ, Ամերիկա, որն այլևս ներգրավված չէ պատերազմում, պատմական ներդրումներ է արել ամերիկացի աշխատավորների, ամերիկյան էներգետիկ ոլորտում և ամերիկյան գործարաններում՝ ստեղծելով աշխարհի ամենաուժեղ տնտեսությունը, որը ցանկացած մրցակցի դեմ այժմ շատ ավելի լավ վիճակում է ապագայում հաջողելու համար», - նշել է Ջո Բայդենը:
Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն ուկրաինացիներին օգնեց կանգնեցնել Ռուսաստանի առաջխաղացումը, և հիմա, մոտ երեք տարի անց, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարողացել հասնել իր ռազմավարական նպատակներից ոչ մեկին:
«Նրան մինչ այժմ չի հաջողվել հպատակեցնել Ուկրաինային, չի կարողացել խախտել ՆԱՏՕ-ի միասնականությունը և չի կարողացել տարածքային մեծ նվաճումներ կատարել: Այստեղ ավելի շատ անելիքներ կան, մենք չենք կարող հեռանալ: Մենք 50 երկրներով միավորվեցինք Ուկրաինային սատարելու համար, ոչ միայն Եվրոպայում, այլ առաջին անգամ նաև Ասիայում», - ընդգծել է նա:
Իրանի, Սիրիայի մասին
ԱՄՆ հեռացող նախագահն անդրադարձել է նաև Իրանին՝ ասելով, որ այն հարյուրավոր բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով երկու անգամ հարձակվել է Իսրայելի վրա, ևս երկու նման փորձ ձախողվել է, քանի որ ԱՄՆ-ը կազմակերպել է երկրների կոալիցիա նրանց կանգնեցնելու համար, իսկ ամերիկյան ավիացիային կարգադրել է պաշտպանել Իսրայելին:
«Այժմ Իրանի հակաօդային պաշտպանությունը խարխուլ վիճակում է: Նրանց հիմնական պրոքսին՝ «Հեզբոլա»-ն, ծանր հարվածներ է կրել։ Եվ մինչ մենք փորձում էինք հասկանալ, թե որքանով է Իրանը պատրաստակամ վերականգնել միջուկային գործարքը, մենք շարունակում էինք ճնշում բանեցնել պատժամիջոցներով: Այժմ Իրանի տնտեսությունը հուսահատ վիճակում է», - նշել է Ջո Բայդենը։
Խոսելով Սիրիայի մասին՝ Բայդենն ասել է, որ Դամասկոսի դաշնակիցներից ոչ Ռուսաստանը, ոչ էլ Իրանը չկարողացան Բաշար Ասադին պահել իշխանության, նույնիսկ առանձնապես ջանք չգործադրեցին: Ըստ նրա՝ դրան զգալիորեն նպաստեցին ԱՄՆ գործողությունները տարածաշրջանում:
Ըստ Բիդենի՝ ԱՄՆ-ը ռազմավարական ավելի լավ դիրքերում է Չինաստանի հետ երկարաժամկետ մրցակցությունում
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն այսօր ռազմավարական ավելի լավ դիրքերում է Չինաստանի հետ երկարաժամկետ մրցակցությունում, քան չորս տարի առաջ, երբ կանխատեսվում էր, որ մինչև 2030 թվականը Չինաստանի տնտեսությունն անխուսափելիորեն առաջ կանցնի ԱՄՆ տնտեսությունից:
«Բայց մենք այս սենյակում ասացինք՝ ոչ։ Եթե ներդրումներ անենք մեր տնտեսությունում, պաշտպանենք մեր աշխատողներին և տեխնոլոգիաները, ապա դա տեղի չի ունենա: Այժմ, Չինաստանի ներկայիս վիճակի մասին տարբեր կանխատեսումների համաձայն, նրանք երբեք չեն գերազանցի մեզ», - ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Բայդենն ասել է, որ եթե իրենից առաջ ՆԱՏՕ-ի ինը անդամներ էին իրենց ՀՆԱ-ի 2 տոկոսը ծախսում պաշտպանության վրա, ապա այժմ այդ երկրների թիվը հասել է 23-ի: Նա նաև նշել է, որ իր օրոք ամերիկյան զորքը դուրս բերվեց Աֆղանստանից:
Բայդենի ելույթից մի քանի ժամ անց ԱՄՆ նորընտիր նախագահը Newsmax-ին ասել է, որ Ջո Բայդենի ղեկավարման շրջանը չորս սարսափելի տարիներ էին, քանզի երկիրը հայտնվել է ամենավատ դիրքերում և հենց հեռացող վարչակազմն է պատասխանատու ռուս-ուկրաինական ճգնաժամ և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի համար: