Մատչելիության հղումներ

Թրամփը «շատ շուտով» կհանդիպի Պուտինի հետ


ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփ
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ծրագրում է հանդիպել «շատ շուտով»՝ հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելուց անմիջապես հետո։

«Ես դա կանեի ավելի շուտ, բայց <...> նախ պետք է հասնել գրասենյակ։ Որոշ գործերի համար պետք է գրասենյակում լինել», - ասել է Թրամփը՝ Newsmax-ին տված հարցազրույցում:

Պատասխանելով Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու իր ռազմավարության մասին հարցին՝ Թրամփը, մասնավորապես, ասել է՝ «կա միայն մեկ ռազմավարություն, և այն կախված է Պուտինից»:

«Չեմ կարող պատկերացնել, որ նա [Պուտինը] ոգևորված է իրադարձությունների զարգացմամբ, քանի որ նրա համար էլ ամեն ինչ հաջող չի ընթանում», - նշել է ԱՄՆ նորընտիր նախագահը։

Մայք Ուոլցը, ում Թրամփն ընտրել է որպես ազգային անվտանգության հարցերով խորհրդական, նախօրեին հայտարարել է, որ Թրամփի և Պուտինի հեռախոսազրույցը կարող է կայանալ առաջիկա օրերին կամ շաբաթներին։

Ըստ Ուոլցի՝ զրույցը կլինի առաջին քայլը դեպի Թրամփ-Պուտին գագաթնաժողովի անցկացումը, որի նախապատրաստական աշխատանքներն արդեն ընթանում են։

«Մենք դեռ չենք որոշել հանդիպման ստույգ ձևաչափը, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ»,- ասել է կոնգրեսականը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կմասնակցի հանդիպմանը։

Անցած ուրբաթ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Պուտինը պատրաստ է հանդիպել Թրամփի հետ։ ԱՄՆ նորընտիր նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական և ամերիկյան կողմերն աշխատում են բարձ մակարդակի հանդիպում կազմակերպելու ուղղությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG