Մատչելիության հղումներ

Բայդենը ներկայացրել է AI տեխնոլոգիայի արտահանման նոր սահմանափակումները

Լրացված

ԱՄՆ հեռացող նախագահ Ջո Բայդենը ներկայացրել է արհեստական բանականության տեխնոլոգիայի արտահանման նոր սահմանափակումները, որ տարածվում են նաև չիպերի և ծրագրային ապահովման համար օգտագործվող AI մոդելների վրա:

Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Վաշինգտոնի ղեկավարությունը կարծում է, որ «արհեստական բանականությունը արագորեն դառնում է անվտանգության և տնտեսական հզորության առանցքային գործոն»: Միացյալ Նահանգները պետք է վճռականորեն գործի, որպեսզի առաջնային դիրք գրավի այս ոլորտում, որ հակառակորդները չկարողանան ձեռք բերել և արհեստական բանականության առաջադեմ տեխնոլոգիաները օգտագործել ԱՄՆ-ի դեմ, ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:

Նոր կարգադրության համաձայն, ԱՄՆ-ը առանց սահմանափակումների արհեստական բանականության ոլորտի տեխնոլոգիաները կարող է մատակարարել 18 երկրների՝ դաշնակիցների և գործընկերների։ Բացի այդ Վաշինգտոնը քվոտա է մտցնում արտահանումների և լիցենզիայի պահանջ ԱՄՆ սահմաններից դուրս գտնվող երկրներում գործող ընկերությունների համար:

Արհեստական բանականության հզոր տեխնոլոգիաները արգելվում է արտահանել Չինաստան, Ռուսաստան, Բելառուս, Հյուսիսային Կորեա, նաև Աֆղանստան, Վենեսուելա, Իրան, Իրաք, Կուբա, Սիրիա, Լիբանան և Աֆրիկյան մի շարք երկրներ։

Ինչպես հայտարարել է ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոն, Վաշինգտոնը մտավախություն ունի, որ AI տեխնոլոգիաները «կարող են օգտագործվել ԱՄՆ հակառակորդների կողմից միջուկային մոդելավորման, կենսաբանական զենքի մշակման և ռազմական արդիականացման համար։ Իսկ ԱՄՆ-ը այդպիսով «ապահովում է պաշտպանությունը ազգային անվտանգության ոլորտում սպառնալիքներից»։

Նոր կանոններն ուժի մեջ կմտնեն 120 օրից, ասել է Ռայմոնդոն, հավելելով, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հաջորդ վարչակազմն այդպիսով կկարողանա հիմնովին ուսումնասիրել հարցը և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել այս կանոնակարգում։

Nvidia ընկերությունը քննադատել է Բայդենի ադմինիստրացիայի որոշումը

Nvidia ընկերությունը, որ առաջատարն է AI ոլորտի տեխնոլոգիաների արտադրության մեջ, արդեն քննադատել է Բայդենի ադմինիստրացիայի այս որոշումը՝ հայտարարելով, որ այն կխաթարի ԱՄՆ ներկա գերակայությունն արհեստական բանականության ոլորտում։

Կառավարության հետ կապերի գծով Nvidia -ի փոխնախագահ Նեդ Ֆինքլը հայտարարել է, որ ամերիկյան առաջատար դիրքերը կխաթարվեն, քանի որ կավելանա բյուրոկրատական վերահսկողությունը ամերիկյան կիսահաղորդիչների, համակարգիչների, ծրագրերի և համակարգերի վրա, որոնք արտադրվում ու մշակվում են աշխարհով մեկ։

Nvidia -ն նաև նշել է, որ նոր կանոնները չեն նպաստի ԱՄՆ ազգային անվտանգության բարելավմանը, այլ կվերահսկեն այն տեխնոլոգիաները, որոնք արդեն իսկ լայնորեն տարածված են խաղային և սպառողական սարքավորումներում։

«Որևէ վտանգ չեզոքացնելու փոխարեն Բայդենի կանոնները միայն կթուլացնեն Ամերիկյան գլոբալ մրցունակությունը, խաթարելով նորարարությունները, որ Միացյալ Նահանգներին առաջատար էին դարձնում», - հայտարարել է Ֆինքլը։

XS
SM
MD
LG