Մատչելիության հղումներ

Ըստ Բեգլարյանի՝ արցախցիներից շատերը կնախընտրեն արտագաղթել, եթե կառավարությունը չվերանայի ծրագիրը


Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը պահանջում է կասեցնել տեղահանվածներին տնով ապահովելու կառավարության ծրագիրը։ Արցախի նախկին պետնախարար, նախաձեռնության ներկայացուցիչ Արտակ Բեգլարյանը պնդում է՝ Հայաստանի կառավարությունը մեծամասշտաբ այս ծրագիր մշակելիս չի լսել ոչ արցախցի նախկին պաշտոնյաների, ոչ էլ քաղհասարակության առաջարկները։

Բեգլարյանը չի բացառում՝ արցախցիներից շատերը կնախընտրեն արտագաղթել, եթե կառավարությունը չվերանայի ծրագիրը։

Արցախցի նախկին պաշտոնյան վիճահարույց է համարում տեղահանվածներին հիմնականում գյուղական համայնքներում բնակեցնելու կառավարության մտադրությունը։ Շեշտում՝ աշխատանք չլինելու պատճառով նույն գյուղերից հենց տեղացիներն են արտագաղթում։

«Տեղահանված արցախցիների շուրջ 80 տոկոսը բնակվում է Երևանում և երևանամերձ բնակավայրերում: Ինչո՞ւ, երբ մարդկանց հետ շփվում եմ, բոլորի փաստարկն այն է, որ զբաղվածության հնարավորություններն այստեղ են՝ Երևանում և հարակից բնակավայրերում», - նշեց Բեգլարյանը։

Տուն գնելու կամ կառուցելու համար 3 մինչև 4 կամ 5 միլիոն դրամ է պետությունը նախատեսում տրամադրել տեղահանված ընտանիքի ամեն մի անդամի։ Ամենամեծ՝ 5 մլն դրամի աջակցությունը տրվելու է կառավարության առաջարկած՝ մեծամասնությունը՝ սահմանամերձ գյուղերում տուն գնելու համար։ Կառավարությունից պնդում են, թե աջակցության ծրագիրը կազմել են բազմաթիվ քննարկումների արդյունքում։

Սոցիալական հարցերի նախարարությունում վստահ են, թե արցախցիներն իրենց առաջարկած գումարներով տուն գնելու կամ կառուցելու հնարավորություն կունենան, պնդում, թե անգամ ամենահեռավոր համայնքներում էլ աշխատանք կգտնեն։

Մինչդեռ շատ արցախցիներ մտահոգ են՝ արդյոք պետության տրամադրած գումարով հնարավոր է գոնե սեփական տուն ունենալ:

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նախկին դասախոս Իրենա Հարությունյանը կասկածներ ունի նաև՝ արդյոք ինքն ու ամուսինն աջակցություն կստանան։ Դժգոհում է՝ դեռ 50 հազարական դրամներն են ուշացումով ստանում։

5 տարում պետությունն ավելի քան 25 հազար արցախցի ընտանիքի է պատրաստվում տնով ապահովել։ Մոտ մեկ ամսից ծրագրին դիմել կարող են երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող կամ զոհվածի ընտանիքները։ Կառավարությունից վստահեցնում են՝ առանձին սոցիալական բնակարանների ծրագիր էլ միայնակ, երկու, երեք հոգանոց ընտանիքների համար են նախատեսում։

XS
SM
MD
LG