«Մենք հիմա երկու հոգի ենք՝ ես ու կինս, 6 միլիոն փող է տալիս, էդ 6 միլիոնը ես ի՞նչ անեմ»․ մի քանի օր է տեղահանված արցախցիները ծանր թվաբանության մեջ են՝ կառավարությունը հրապարակել է նրանց բնակարանով ապահովելու ծրագրի սկզբունքները՝ մեկ անձի հաշվով 3 միլիոն դրամ։
«Կլինեն որոշակի ցանկ բնակավայրերի, այդ թվում՝ գյուղական, և կլինեն նաև քաղաքային բնակավայրեր, որտեղ հնարավոր կլինի ավել աջակցություն ստանալ պետությունից և այդ աջակցությունն ուղղել տարբեր նպատակներով», - «Ազատության»-ը փոխանցեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը։
Եկող շաբաթ կառավարությունը կհրապարակի այն համայքների ցանկը, որտեղ հաստատվելու դեպքում արցախցիները 3 միլիոնից բացի, այլ աջակցություն էլ կստանան։ Ենթադրվում է դրանք մայրաքաղաքից հեռու բնակավայրեր են, որոնց զարգացմամբ կառավարությունը շահագրգիռ է։
Տեղահանվածներին երեք լուծում է առաջարկվում
Ըստ փոխնախարարի՝ տեղահանվածներին երեք լուծում են առաջարկում ՝ այդ գումարով տուն կառուցել, տուն կամ բնակարան ձեռք բերել, իսկ ովքեր չեն կարող ո՛չ սարքել, ո՛չ գնել, կապահովվեն սոցիալական կացարանով։
Ծրագրի մանրամասները դեռ քննարկվում են։ Հստակ է այն, որ արցախցիներն այս ծրագրերից օգտվելու համար պիտի Հայաստանի քաղաքացի դառնան։
Փոխնախարարի տեղեկացմամբ, կառուցվող կամ գնվող տունը ընտանիքը կարող է սեփկանաշնորհել 10 տարի այդտեղ ապրելուց և ֆինանսական որոշակի պարտավորություններ կատարելու դեպքում։ Հստակ է այն, որ գումարի վերադարձից ազատված են անչափահասները։
«Ինչպես նաև կենսաթոշակառուներին և սոցիալական այլ խոցելի խմբերի համար կլինեն որոշակի արտոնություններ», - ասաց Դավիթ Խաչատրյանը։
Ովքե՞ր գումար կստանան ծրագրի առաջին փուլով
Ծրագրի առաջին փուլում տան գումար կստանան երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանքիները, աստիճանաբար կհասնեն միայնակ կամ երկուսով բնակվող չափահասներին։ Կառավարության տան առաջարկից կարող են օգտվել բոլոր տեղահանված արցախցիները, եթե, իհարկե, նախկինում տան սերտիֆիկատ չեն ստացել։
«Թե սկսած 2020 թվականի պատերազմից հետո, այդ պահին, կամ դրանից որոշակի ժամանակ անց և իհարկե 2023 թվականին տեղի ունեցած դեպքերի մասնակիցները նույնպես», - ասաց փոխնախարարը։
Արցախցիները երեկ Շիրակի մարզպետարանում էին՝ բողոքով
Շիրակի մարզում հաստատված արցախցիները երեկ մարզպետարան էին հրավիրվել՝ իրենց խնդիրների մասին կիսվելու համար։ Հիմնական հարցն, իհարկե, տուն գտնելն է. վարձով ապրելն անտանելի թանկ է՝ բողոքում էին։
«Տներ եղել է 20-30 հազար, միանգամից դառել է 150 -200 հազար, էդ ո՞նց հասկանանք», - ասաց ստեփանակերտցի Աշոտ Օհանյանը։ Նրա ընտանիքը Գյումրիում է հաստատվել, 4 հոգով են՝ 3x4, տուն կգնի՞:
«Կարա՞նք, չենք կարա։ Կարանք ընդամենը մի վրան դնենք, որ կոմունալ, վարձ չտանք ու կապիկի նման ապրենք», - ասաց Օհանյանը՝ նշելով՝ այսպես մոլորված ենք բոլորս։
Մանրամասները՝ տեսանյութում