Մատչելիության հղումներ

Արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագրից դժգոհությունները շատ են. հասարակական գործիչ


Տեղահանված արցախցիներին տնով ապահովելու պետական աջակցության ծրագիրը գործնական փուլ կմտնի մոտ մեկ ամսից։ Տուն, բնակարան գնելու համար ծրագրին առաջինը կկարողանան միանալ երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող կամ զոհվածի ընտանիքները։

Տուն կառուցելու դեպքում էլ բավարար է, որ ընտանիքի անդամներից առնվազն երկուսն անչափահաս լինեն։ Ծրագրի վերաբերյալ անցած օրերին սոցիալական հարցերի նախարարությունն արդեն բազմաթիվ դժգոհություններ է ստացել։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչ Գայանե Ղարագյոզյանը պնդում է, թե պետության աջակցությամբ արցախցիները կկարողանան տուն կամ բնակարան գնել անգամ ոչ գյուղական վայրերում։

«Մենք ունենք 5 միլիոն արժողությամբ քաղաքային բնակավայրեր, որոնք չեն զիջում երևանամերձ մարզային բնակավայրերին», - ասաց նա։

Արցախցի տեղահանված ընտանիքի ամեն մի անդամը ամենամեծը՝ 5 միլիոն դրամի աջակցություն կստանա, եթե ընտրի պետության առաջարկած, հիմնականում գյուղական 240 համայնքներից մեկը, դրանց մեծամասնությունը՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ։

Արցախցի հասարակական գործիչ Լիանա Պետրոսյանի ներկայացմամբ՝ շատ են դժգոհությունները ծրագրի վերաբերյալ. - «Գուցե հնարավոր լինի հեռավոր սահմանամերձ գյուղերում բնակարան ձեռք բերել, բայց դրա համար գործում է սահմանամերձ գյուղերում մինչև 16 միլիոն դրամով էլի հիփոթեքային մեկ այլ ծրագիր ՀՀ կառավարության։ Եթե արցախցիները ցանկանային օգտվել այդ ծրագրից, կարծում եմ՝ արդեն իսկ կլիներ կենսունակ ծրագիր արցախցիների մասով»։

Լիանա Պետրոսյանն ասում է՝ սոցցանցով հարցում է արել, ու ավելի քան երկու հազար արցախցիների մեծ մասը բացասական են արտահայտվել կառավարության որոշմանը. - «Սրանով փաստացի ոչ թե խնդիր է լուծվում, այլ մի շարք խնդիրների առաջ են կանգնելու մարդիկ։ Եթե հաշվի առնենք, որ կան բազմաթիվ սահմանափակումներ...»։

Եթե նախկինում քննարկում էին սոցիալական բնակարաններ կառուցելու տարբերակը, այժմ գործադիրի որոշման մեջ դրա մասին խոսք չկա։ Թե ինչպես է լուծվելու միայնակ արցախցիների կամ 2 հոգանոց ընտանիքների հարցը, դեռ կառավարությունից չեն պարզաբանում։

Գործադիրը նախատեսում է ծրագիրն ավարտին հասցնել մինչև 2029 թվականը, ենթադրում են, որ դրանից կօգտվի մոտ 25 հազար ընտանիք։



Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Արցախցիներին բնակարանով ապահովելու ծրագրից դժգոհությունները շատ են. հասարակական գործիչ
please wait

No media source currently available

0:00 0:03:33 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG