Մատչելիության հղումներ

Արցախցիները ոչ թե 3, այլ 4 կամ 5 մլն կստանան, եթե տուն գնեն կառավարության հաստատած բնակավայրերի ցանկից


Կառավարությունը ոչ թե 3, այլ 4 կամ 5 միլիոն դրամ կտա տեղահանված արցախցիներին բնակարանի հարցը լուծելու համար, եթե նրանք որոշեն տուն գնել պետության համար առաջնահերթություն ունեցող բնակավայրերում։ Սոցապ փոխնախարար Դավիթ Խաչատրյանի տեղեկացմամբ՝ այժմ այդ բնակավայրերի ցանկերն են քննարկում։ Դրանք երեքն են:

«Առաջին ցանկում լինելու են բնակավայրերը, որոնք առավել առաջնահերթ են, կլինի շուրջ 200 բնակավայր, որտեղ մեկ սերտիֆիկատը կունենա 5 միլիոն դրամի չափի արժեք», - ասաց Խաչատրյանը:

Եվս 100 բնակավայրերի համար 4 միլիոն դրամանոց սերտիֆիկատ կտրամադրվի։ Առաջնահերթ ցանկից դուրս 600 բնակավայրերում տուն գնել պատրաստվող արցախցիները կստանան 3 միլիոն: Փոխնախարարը հիշեցնում է՝ այս ամենը դեռ նախագիծ է, հաստատված ծրագիր չէ, քննարկումները շարունակվում են, պարզ է սակայն, որ, օրինակ, Սյունիքում տուն գնողները երեք միլիոնից ավելին կստանան:

«Սյունիքի մազը, կարծում եմ, ամբողջությամբ հիմնականում կլինի 5-ի կամ 4-ի մեջ: Նաև Արարատի մարզում բնակավայրեր կլինեն, որտեղ սերտիֆիկատը կարժենա 4, նույնիսկ 5 միլիոն», - նշեց Դավիթ Խաչատրյանը:

Տեղահանված արցախցիները իրենց համար նախատեսված ծրագրերի քննարկումներին երբեմն մասնակցում են։ Նինել Գաբրիելյանն երեկ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հրավիրած քննարկմանն էր՝ մի խումբ այլ արցախցիների հետ։ Բնակարանային ծրագրով, մեղմ ասած, ոգևորված չեն և այդ մասին ասել են հենց որոշում կայացնողներին:

Նինելն ընտանիքով Արտաշատում է հաստատվել, այստեղ Ազնավուրի անվան մշակութային կենտրոնում նրան գործի են ընդունել, շնորհակալ է, հարմարվել են։ եթե 5 միլիոնանոց սերտիֆիկատով սահմանամերձ գյուղ գնա, գործ չի ունենա, ընտանիքում 4 հոգով են, երեք միլիոն եթե տան՝ 12 միլիոն կստացվի, այդքանով Արտաշատում տուն չկա, պնդում է:

Նինելն ասում է՝ երեկվա քննարկմանը բարձրացրել են նաև փոքր ընտանիքների հարցը, մեկ երկու հոգով այդ 3-4 միլիոնով ի՞նչ պիտի անեն:

Սոցիալական բնակարաններ՝ բնականաբար առանց սեփականության իրավունքի, սոցապ փոխնախարարն ասաց, թե իրենց ֆոնդում եղած կացարաններն են պատրաստում, գուցե նաև նորերը կառուցվեն։ Այժմ, ըստ Դավիթ Խաչատրյանի, քննարկում են նաև գումարի վերադարձի պայմանները։ Ըստ նախագծի՝ 3 միլիոն դրամ ստացող չափահասները պիտի որոշակի ժամկետում վերադարձնեն այդ գումարը, անչափահասներին անվերադարձ է տրվում, այժմ քննարկում են խոցելի խմբերի հարցը, օրինակ, թոշակառուն ինչպես է պետությանը վերադարձնելու երեք միլիոն դրամը:

«Այս դեպքում միգուցե անհրաժեշտություն չլինի ամբողջությամբ վերադարձնել, այլ օրինակ՝ 70 տոկոսը, սա պայմանական եմ ասում», - նշեց նա:

Ի դեպ, պետության առանձնացրած այդ երեքհարյուր առանձնահատուկ բնակավայրերում գումարը տրամադրվելու է անվերադարձ՝ ըստ նախագծի։ Սոցապ փոխնախարարը ենթադրում է՝ արցախցիների բնակարանային ծրագիրը կամբողջանա ու կհաստատվի մինչև ամառ, նաև ասում է ֆինանսավորման հարցեր կան:

Տեղահնվածների պետական աջակցությունը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև նրանք տանիք կունենան։ Կառավարությունը մինչև տարեվերջ անփոփոխ է թողնում բնակվարձի 40 ու կոմունալ ծախսի 10 հազարական դրամների ծրագիրը, թեպետ ավելի վաղ արցախցիների հետ քննարկումներում ասել էին, որ չափահասների համար ծրագիրը եկող ամսվանից դադարելու է։ Սոցապ փոխնախարարի խոսքով՝ որոշումը փոխել են արցախցիների հետ քննարկումների արդյունքում, նաև հաշվի առնելով այն, որ ավելի քան 100 հազար տեղահանվածներից ընդամենը 12 հազարն է գործ գտել Հայաստանում:

Դավիթ Ղազարյանը երեք ամիս է՝ չի ստանում այդ 50 հազարը։ Ծնողների, եղբոր ընտանիքի հետ 8 հոգով մի տուն են վարձել, միայն ինքն է բանվորի գործ գտել՝ ինչքան պիտի ստանա, որ բոլորով յոլա գնան:

Նինելի երկու աղջիկների նոյեմբերի, դեկտեմբերի 50 հազարները մինչև հիմա չկան։ Սոցապ նախարարությունից ասում են՝ միջինը 100 հազար արցախցի ամեն ամիս օգտվում է աջակցությունից, ծրագրային խնդիրներ պատահում են:

XS
SM
MD
LG