Մատչելիության հղումներ

Արցախցիներն անիրատեսական են համարում կառավարության բնակարանային նոր ծրագիրը


Կառավարությունում խմորվում է տեղահանված արցախցիներին բնակարաններով ապահովելու ծրագիրը։ Օրեր առաջ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը քննարկման է հրավիրել Արցախի մի քանի նախկին պաշտոնյաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների. ըստ «Հանուն Հադրութի» կազմակերպության ղեկավար Լևոն Հայրյանի՝ հետախուզական նպատակով։

Գործադիրի խիստ նախնական ծրագրով նախատեսվում է տեղահանվածներին ամեն շնչի հաշվով 3 միլիոն դրամ տալ՝ անչափահասներին անհատույց, մեծահասակներին անտոկոս վարկ։ Հաշվել են՝ հինգ հոգանոց ընտանիքը 15 միլիոնով տուն կգտնի Երևանից դուրս՝ մյուս քաղաքներում:

Հանդիպման արցախցի մասնակիցները այս առաջարկն անիրատեսական են համարել, քննարկումները դեռ շարունակվելու են։ Բնակարանային ծրագրի մասին վարչապետ Փաշինյանն էլ խոսեց մյունխենյան հանդիպման ժամանակ, ասաց՝ երկու եզրահանգում ունեն՝ տեղահանված քույրերն ու եղբայրները պիտի Հայաստանի քաղաքացի դառնան, որ օգտվեն տների ծրագրից, մյուսը՝ «էդ ծրագիրը պետք է նույնքան հասանելի լինի նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին»:

Կառավարությունը բոլորին՝ թե՛ տեղահանվածներին, թե՛ Հայաստանի քաղաքացիներին մի առաջարկ ունի՝ սահմանի գյուղերում եթե տուն սարքեն և նախահաշիվը չգերազանցի 16 միլիոնը, պետությունն ամբողջությամբ կփակի տան վարկը, գյուղերի ցանկում միայն ամենասահմանի գյուղերն են՝ Երասխ, Տիգրանաշեն, Շուռնուխ, Սոթք և այլն։

Սրցախցիներն անհամբեր սպասում են իրենց համար նախատեսված ծրագրին՝ որ, հուսով են, հնարավորություն կտա տուն գտնել սահմանից մի քիչ հեռու։

Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը սխալ է համարում այն, որ գործադիրը երկրորդային շուկայի վրա է հույսը դնում, հենց ծրագիրը գործարկվի, տները կթանկանան:

Ըստ Բեգլարյանի, ամեն անձին տրվող գումարն էլ պիտի ողջամիտ լինի, կառավարությունից լսում են՝ փողի խնդիր կա։ Բեգլարյանը վստահ է՝ այդ հարցը կարող էր լուծվել միջազգային դոնորական մեկ կոնֆերանսով:

Թե՛ Հայրիյանը և թե՛ Բեգլարյանը այն կարծիքին են, որ ճիշտը արցախցիներն առանձին համայնքներով բնակեցնելն է, միասին ավելի հեշտ նոր կյանք կսկսեն։

Կառավարությունը բնակարանների ծրագիր սկսեց նաև 44-օրյա պատերազմից հետո. 8 միլիոն դրամ Երևանում տուն գտնելու համար, մինչև 10 միլիոն՝ մարզերում ու 14 միլիոն՝ սահմանամերձ գյուղերում։ Բնակարանների գնման սերտիֆիկատներ տրամադրեցին 3765 ընտանիքի, նրանցից 1500-ը դեռ տուն է փնտրում։

Ավելի մանրամասն՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG