Գիշերը Կիևը ենթարկվել է օդային գրոհների
Անցած գիշեր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը ենթարկվել է զանգվածային հրթիռակոծության և անօդաչուների հարվածների: Գրոհների են ենթարկվել նաև այլ շրջաններ: Ամբողջ երկրում վաղ առավոտյան ժամը 3-ն անց 30-ին օդային տագնապի ահազանգն է հնչել:
Մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ ապաստանել են մետրոյի ստորգետնյա կայարաններում: Նախնական տվյալներով, զոհեր և ավերածություններ չկան։ Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի փոխանցմամբ, ռուսները X-55 տեսակի թևավոր հրթիռներ են արձակել քաղաքի վրա: Ռուսերեն այդ հրթիռի անունն արտասանվում է որպես «Խա-55»:
Ըստ վարչակազմի հաղորդագրության, հրթիռները հարավային ուղղությունից մի քանի ալիքներով են մոտեցել Կիևին, նույն ուղղությամբ են սլացել նաև անօդաչուները: Ուկրաինական ՀՕՊ-ը հաղորդել է մեկ «Կինժալ» տեսակի հրթիռ, չորս «Խա-55» տեսակի հրթիռ և 24 «Շահեդ» տեսակի անօդաչու խոցելու մասին:
«Ձեզանից շատերն օկուպացված տարածքներից են, մենք դրանք կվերադարձնեն»
«Փակել օդը»՝ դա է ուկրաինացի զինծառայողների թիվ մեկ գլխացավանքը: Ռուսներն ունեն հազարավոր հին ու նոր հրթիռներ և ԱԹՍ-ներ: Ուկրաինայի ՀՕՊ-ը գերլարված է աշխատում:
Գերմանիա մեկնած նախագահ Վլադիմիր Զելենսկին երեկ Ռոստոկ քաղաքի մոտ գտնվող Զանից ավանում հանդիպել է ռազմական կենտրոնում Patriot հրթիռների աշխատանքն ուսումնասիրող ուկրաինացի զինծառայողներին, ովքեր առաջիկայում կվերադառնան և իրենց երկրի օդային տարածքը կպաշտպանեն ամերիկյան այդ հակաօդային պաշտպանության համակարգերով: Զելենսկին շնորհակալություն է հայտնել զինծառայողներին և Patriot-ներ տրամադրող դաշնակիցներին:
«Շնորհակալություն ծառայության համար, շնորհակալություն դաշնակիցներին, մենք սպասում ենք ձեզ, ձեր հրամանատարն ասաց, թե ձեզնից շատերը ռուսական օկուպացիայի տակ հայտնված տարածքներից են: Դե եկեք, մենք կվերադարձնենք դրանք, կասկած չունենաք: Փա՛ռք Ուկրաինային»,- ասել է նախագահը:
Արևմուտքը նոր Patriot-ներ է տրամադրում
Ըստ Bloomberg հանդեսի, Արևմուտքը Կիևին տրամադրում է նոր Patriot-ներ: Դա հաստատել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի և ամերիկյան բանակի բարձրաստիճան ներկայացուցիչները: Patriot-ի մի մարտկոցն Ուկրաինա կհասնի Լեհաստանից և, ամենայն հավանականությամբ, առաջիկա օրերին կտեղակայվի ռազմաճակատի մոտ:
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը երեկ Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Գերմանիան՝ Դանիայի, Նիդեռլանդների և Նորվեգիայի հետ համատեղ նախաձեռնության շրջանակներում, Ուկրաինային է փոխանցում Patriot-ների համար լրացուցիչ 100 հրթիռ։ «Դրանցից 32-ն արդեն տրվել են, մնացած 68-ն էլ կմատակարարվեն առաջիկա շաբաթների ընթացքում», - ասել է Պիստորիուսը։
Բուդապեշտը խոստացավ էլ չառարկել
Մինչդեռ, այսօր արձանագրվել է Կիևի համար բարենպաստ տեղաշարժ՝ Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիան, որը գրեթե ամեն անգամ առարկություններ է ներկայացնում Ուկրաինայի հարցում, հավաստիացրել է, որ չի խոչընդոտի օգնությունը:
Վարչապետ Վիկտոր Օրբանը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ զրույցից հետո ասել է, որ Հունգարիայի բանակը և երկրի նյութական միջոցները որևէ դեր չեն կատարի ռուս-ուկրաինական խնդրում, ինչի դիմաց Բուդապեշտը հավանություն կտա ՆԱՏՕ-ի քայլերին:
«Հունգարիան նշում է, որ չի ցանկանում արգելափակել ՆԱՏՕ-ի որոշումները, որոնք, թեև տարբերվում են իրավիճակի մեր ռացիոնալ գնահատականից, կիսվում և պաշտպանվում են դաշինքի մյուս անդամների կողմից: Ես խնդրեցի գլխավոր քարտուղարին հստակեցնել, որ ՆԱՏՕ-ի տարածքից դուրս ցանկացած ռազմական գործողություն, որը հիմնված է ՆԱՏՕ-ի կանոնների և մեր ավանդույթների վրա, կարող է իրականացվել միայն կամավոր եղանակով: Գլխավոր քարտուղարը դա հաստատեց, և այդպիսով Հունգարիան ստացավ անհրաժեշտ երաշխիքները», - ասել է Օրբանը։
«Հունգարիայի ստորաբաժանումները չեն մասնակցի այդ աշխատանքներին, հունգարական միջոցները չեն օգտագործվի դրանք ֆինանսավորելու համար: Միևնույն ժամանակ, վարչապետն ինձ վստահեցրեց, որ Հունգարիան չի ընդդիմանա այն ջանքերին, որոնք հնարավորություն կտան մյուս դաշնակիցներին առաջ շարժվել», - ասել է Ստոլտենբերգը:
Ուկրաինական օրեր են
Այս օրերը միջազգային հարթակում իրավամբ կարելի է ուկրաինական անվանել՝ Բեռլինում ավարտվում է Ուկրաինայի վերականգնման համաժողովը, վաղն Իտալիայում՝ Պուլիա ավանում հավաքվելու են Մեծ յոթնյակի լիդերները, նրանց կմիանան Եվրոպական խորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահները:
Քննարկումների ընթացքում անպայման անդրադարձ կլինի Ուկրաինային, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին օրեր առաջ հայտնել է, որ Վլադիմիր Զելենսկին մտադիր է մասնակցել հավաքին:
Եվ վերջապես, հունիսի 15-ից 16-ն էլ Շվեյցարիայում կգումարվի Ուկրաինայի խաղաղության հարցով միջազգային խորհրդաժողովը, որին Միացյալ Նահանգներից ներկա կլինի փոխնախագահ Քամալա Հարրիսը: Ռուսներն արդեն հայտարարել են, թե առանց Մոսկվայի մասնակցության ոչ մի համաժողով իմաստ չունի: Նրանք պնդում են, թե արևմտյան զենքն ուկրաինացիներին չի օգնի:
Այսօր Ռուսաստանի օրն է. վաղ առավոտյան ռուսական կողմը հրթիռակոծել են Կիևը, հավանաբար, նրանք այդպիսի համազարկերով են սիրում նշել ազգային տոները:
Ամբողջ Արևմուտքն է գիտակցում, թե ինչ ճակատագրական նշանակություն ունի Ուկրաինայի համար հուսալի ՀՕՊ համակարգը: