Մատչելիության հղումներ

Ուկրաինային տրամադրվելիք F-16-ների մի մասը կտեղակայվի արևմտյան երկրների ավիաբազաներում


F-16 Falcon ռազմական կործանիչը, արխիվ:
F-16 Falcon ռազմական կործանիչը, արխիվ:

Ուկրաինային տրամադրվելիք ամերիկյան արտադրության F-16 ռազմական կործանիչների մի մասը կտեղակայվի արևմտյան երկրների ավիաբազաներում, «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայությանը տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության ավիացիայի ղեկավար Սերգեյ Գոլուբցովը։

Նրա խոսքով՝ F-16-ի մի մասը կտեղակայվի անմիջապես Ուկրաինայում՝ համապատասխան այդ մեքենաներ վարելու պատրաստ օդաչուներին թվին: Մյուս կործանիչները կպահվեն «արտերկրի անվտանգ ավիաբազաներում», որպեսզի թիրախ չդառնան Ուկրաինայի տարածքում:

Գոլուբցովի մեկնաբանությունից կարելի է ենթադրել, որ այդ «պահեստային» մեքենաներն ուղղակիորեն չեն մասնակցի մարտական գործողություններին և կծառայեն որպես փոխարինողներ այն դեպքում, եթե Ուկրաինայում տեղակայվածները շարքից դուրս գան:

F-16 տեսակի ինքնաթիռների մի մասն էլ, ըստ Գոլուբցովի, կօգտագործվի օդաչուների և անձնակազմերի պատրաստման ուսումնական կենտրոններում:

«Դրանք կլինեն ուկրաինական ինքնաթիռներ, որոնք կօգտագործվեն մեր սեփական օդաչուներին պատրաստելու համար», - ընդգծել է հրամանատարը։

Նա չի ասել, թե որ երկրների մասին է խոսքը։ Մեծ ուսումնական բազա է տեղակայված, մասնավորապես, Ռումինիայում։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եթե F-16 կործանիչները մասնակցեն ուկրաինական հակամարտությանը և այդ նպատակով օդ բարձրանան երրորդ երկրների օդակայաններից, ապա դրանք կդառնան «օրինական թիրախ» ռուսական բանակի համար։

Պուտինը չի ասել, թե արդյոք Մոսկվան թիրախ կհամարի նման օդակայանները, եթե այնտեղ տեղակայվեն ուկրաինական ինքնաթիռներ, որոնք անմիջականորեն ներգրավված չեն լինի պատերազմում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG