80 տարի առաջ Նորմանդիայի ափին մսաղաց էր
Ֆրանսիայում՝ Նորմանդիայի առափնյա շրջանում պայծառ եղանակ է, խաղաղություն է, ծովով ափ է հասնում Երկրորդ աշխարհամարտի տարիների զրահամեքենան, հավաքված մարդիկ դրանից չեն վախենում, ջերմորեն ողջունում են բրիտանացի վետերաններին: Խաղաղ ափհանում է, ոչ մի կրակոց, միայն շոտլանդական պարկապզուկի մեղեդին է հնչում:
80 տարի առաջ այստեղ մղձավանջ էր, իսկական մսաղաց: Ամերիկացի, բրիտանացի, կանադացի զինծառայողները՝ մոտ 150 հազարանոց դեսանտ, գրոհել են գերմանացիների դիրքերի վրա: Այդպես է սկսվել Եվրոպայի արևմտյան մասի ազատագրումը ֆաշիստական ժանտախտից:
D-Day՝ դեսանտի օրը 1944 թվականի հունիսի 6-ին էր, բայց ամբողջ գործողությունը մի քանի օր է տևել:
Երկու կողմից զոհվել է մոտ 85 հազար մարդ, վիրավորներով, անհետ կորածներով և զոհերով կորուստների ընդհանուր թիվը՝ 550 հազար մարդ:
Պետությունների ղեկավարները հավաքվել են Նորմանդիայում
Այսօր արևմտյան երկրների ղեկավարները Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հրավերով Նորմանդիայում՝ Կոլվիլ Սյուր Մերի անվամբ գավառում են:
Այստեղ են Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության միապետ Չարլզ երրորդը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը:
«Նորմանդիայում մեր զինված ուժերը կատարեցին իրենց պարտքը որպես խոնարհ ու վճռական հերոսներ, հատկանիշներ, որոնք այնքան բնորոշ են պատերազմի ժամանակաշրջանի այդ սերնդին: Նրանցից շատերը տուն չվերադարձան», - ասել է թագավոր Չարլզ երրորդը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին տիկին Ջիլի հետ այցելել է Կոլվիլ Սյուր Մերի ամերիկյան գերեզմանոց, որտեղ հանգչում են ափհանման օրերին զոհված ավելի քան 9 հազար ամերիկացի զինծառայողների աճյունները:
Նորմանդիայի ափհանումից 80 տարի անց Եվրոպայում նոր պատերազմ է
1944-ից 80 տարի անց Եվրոպայում նոր պատերազմ է: Երկրորդ աշխարհամարտում հակաֆաշիստական դաշինքի երբեմնի անդամ Ռուսաստանը փորձում է ուժով փոխել Եվրոպայի սահմանները, և Նորմանդիա այցելելու հրավեր է ստացել նաև ագրեսիայի ենթարկված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:
Նախատեսվում է նրա հանդիպումը Բայդենի և արևմտյան մյուս լիդերների հետ, որի օրակարգում Ուկրաինային սատարելու հարցն է:
«Ամերիկան և ՆԱՏՕ-ն երբեք չեն լքի ուկրաինացիներին»
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, դիմելով վետերաններին, ասել է, որ իր համար մեծ պատիվ է որպես Գերագույն գլխավոր հրամանատար ողջունել հերոսներին:
«Աստված ձեզ սիրում է», - ասել է Բայդենը:
Ապա նա իր ուղերձում խոսել է Ուկրաինայի մասին՝ ասելով, որ այդ երկիրը հերոսաբար, մեծ կորուստներ կրելով, պաշտպանվում է դիկտատոր Վլադիմիր Պուտինի հարձակումից:
«Ամերիկան և ՆԱՏՕ-ն երբեք չեն լքի ուկրաինացիներին, քանի որ այդ դեպքում Ռուսաստանը կուլ կտա Ուկրաինան, չեն լքի, որովհետև դրանից հետո Պուտինը կսպառնա Ուկրաինայի հարևաններին», - հայտարարել է Բադենը: