Արդյոք Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ է Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը. Սահմանադրական դատարանը երկու տարի է չի տալիս այս հարցի պատասխանը։ Մինչ այն կիրառում են դատախազությունն ու դատարանը՝ բռնագանձելով նախկին պաշտոնյաների ունեցվածքը։
Պաշտոնյաների թալանածը հետ բերելու խոստումով ընդունված օրենքը բարձր դատարանում 2022-ի սկզբից վիճարկում են ընդդիմադիր պատգամավորները։ Բայց քննությունը երկու տարի է կասեցված է։ Բարձր դատարանի պատասխանը սա է՝ թեև քննությունը կասեցված է, բայց սառեցված չէ։ Ամեն օր աշխատանքներ են կատարում և ողջ նյութերին ծանոթանալուց հետո կվերսկսեն քննությունը, թե երբ՝ կոնկրետ ժամկետ չեն նշում։
«Իսկապես սա աննախադեպ որոշում է և մինչ այդ նման որևէ դեպք Սահմանադրական դատարանում չի գրանցվել, որ գործն, ըստ էության, մոտավորապես երեք տարի մնա առանց դատական քննության», - ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:
Մինչդեռ ՍԴ-ն պնդում է՝ սա առաջին գործը չէ, որ տևական ժամանակ է կասեցված է։ Հիմնավորում է՝ նոր օրենքը վիճարկվում է իր բոլոր հոդվածներով, պարզաբանման կարիք ունեն բազմաթիվ հարցեր, առանց որոնց խնդրահարույց կարող է լինել գործի քննությունը։ Միաժամանակ, ուսումնասիրում են միջազգային փորձը։ Եվ քննության համար սահմանված առավելագույն 9 ամիսը չէր բավարարի այս բարդ գործի համար, որպեսզի հասնեն արդարադատության։ Ընդգծում են՝ հարցերի շրջանակը մեծ է՝ սկսած սեփականության, արդարադատության իրավունքից մինչև դատախազության լիազորությունների ճշգրտում։
Սահմանադրագետը քաղաքական միտում է տեսնում
Սահմանադրագետ Վարդան Պողոսյանը, սակայն, հենց ժամկետի մեջ է տեսնում խնդիրը։ Պնդում է՝ դատաքննության ընթացքում էլ դատավորները կարող են ուսումնասիրել բոլոր նյութերը, իսկ կասեցման դեպքում ժամանակը չի հոսում։ Պողոսյանի պնդմամբ՝ սա ձեռնտու է իշխանությանը, որ դատարանները շարունակեն վճիռներ կայացնել և բռնագանձել քաղաքացիների ունեցվածքը։
«Ակնհայտ քաղաքական միտում եմ տեսնում այստեղ», - նշեց սահմանադրագետը:
Բարձր դատարանը չի պարզաբանում, թե քննության ընթացքում ինչու չի կասեցրել օրենքի կիրառումը, բայց ՍԴ մասին օրենքի համաձայն՝ դա ծայրահեղ դեպքում են անում, եթե չկասեցնելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ հանրության համար։
2020-ից գործող օրենքը հնարավորություն է տալիս դատախազությանը հետ գնալ մինչև 1991 թվականն ու ստուգել՝ արդյոք պաշտոնյան օրինական ճանապարհո՞վ է հարստացել։ Սա էլ հենց խնդիրներից մեկն է։ Սահմանադրագետ Վարդան Պողոսյանի խոսքով, 90-ականներից ունեցվածք կուտակածների մեծ մասը չունեն գույքի ու փողի ծագման փաստաթղթերը ու դժվարությամբ կարող են դատախազությանն ապացուցել, որ ազնիվ ճանապարհով են ձեռքբերել այն, նաև հարվածի տակ է սեփականության իրավունքը։
«Գործը պետք է դատավորներն արդեն ստանային ու սկսեին ուսումնասիրել, իրականում այնքան պրոբլեմատիկ գործ էլ չէ սա», - ընդգծեց Պողոսյանը:
Զեկուցող դատավորը Վահե Գրիգորյանն է, որն, ըստ բարձր դատարանի լրատվական ծառայության, այս ընթացքում նաև բազմաթիվ գրություններ ու նամակներ է ուղարկել տարբեր կառույցների։ Պատասխանները ստանալու համար ամիսներ են պահանջվել, դրանց ուսումնասիրությունը ևս երկար ժամանակ է պահանջում։ Օրինակ՝ Վենետիկի հանձնաժողովի եզրակացությանը սպասել են ավելի քան 5 ամիս։ Սահմանադրագետի խոսքով, Գլխավոր դատախազության պատասխանը ստացել են մեկ տարի առաջ, բայց դրանից հետո էլ շարունակել են գործը կասեցրած թողնել:
«Դա արդեն անհեթեթության ժանրից է, որովհետև Սահմանադրական դատարանի խնդիրը չէ ուսումնասիրել, թե իրենց ինչ է ուղարկել դատախազությունը, Սահմանադրական դատարանի խնդիրն է պարզել սահմանադրականությունը», - ասաց Վարդան Պողոսյանը:
ՍԴ-ից հակադարձում են
ՍԴ-ից հակադարձում են՝ կասեցումն անհրաժեշտ է հենց սահմանադրական արդարադատություն իրականացնելու համար։
Ենթադրյալ ապօրինի ունեցվածքն ուսումնասիրող դատախազությունն, իր հերթին, օրենքը համարում է արդյունավետ մեխանիզմ թալանը պետությանը վերադարձնելու համար։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով» վարչության պետ Սիրո Ամիրխանյանը, չսպասելով ՍԴ-ի գնահատականին, համոզված է՝ օրենքը խնդրահարույց չէ:
«Ես վստահ եմ, որ օրենքն ամբողջ ծավալով համապատասխանում է Սահմանադրության կարգավորումներին», - ընդգծեց Ամիրխանյանը:
Մինչդեռ օրենքը վիճարկողները կարծում են՝ այն գլխացավանք է դառնալու պետության համար միջազգային դատարաններում։
«Մենք այդ վտանգի առջև շատ ռեալ կերպով կանգնած ենք, եթե այս գործընթացն այսպես շարունակվի, բնականաբար, լինելու են բազմաթիվ դիմումներ Ստրասբուրգ», - ասաց սահմանադրագետը:
Դատախազության տվյալներով՝ մինչև օրս կայացված 11 վճիռներով պետությանն է վերադարձվել շուրջ 17 միլիոն դոլար։ Դատարաններն այժմ քննում են ավելի քան 110 հայցեր։