Հայաստանի նախկին գլխավոր դատախազն ու ընտանիքը հրավիրվել են դատախազություն՝ ծանոթանալու իրենց ունեցվածքին առնչվող ուսումնասիրությանը։
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը դեռևս չի հրապարակում Աղվան Հովսեփյանի ու նրան փոխկապակցված անձանց գույքի ցանկը, որ իրենց երկու տարվա ուսումնասիրության արդյունքում ապօրինի է որակվել։ Սիրո Ամիրխանյանն ասաց, որ արդեն դիմել են դատարան՝ Հովսեփյանների ունեցվածքը արգելանքի տակ դնելու պահանջով։
«Դեռևս դատական ակտը չենք ստացել, սակայն շահագրգիռ անձանց հրավիրել ենք դատախազություն՝ ուսումնասիրության արդյունքներին ծանոթանալու և դիրքորոշում ներկայացնելու նպատակով», - ասաց Ամիրխանյանը:
Ընդ որում, դատաքննությունը չմեկնարկած՝ դատախազն արդեն վստահ է՝ դատարանն իրենց օգտին վճիռ կկայացնի և հօգուտ պետությանը կբռնագանձի 45 տարի շարունակ արդարադատության ոլորտում բարձր պաշտոններ զբաղեցրած Հովսեփյանին, նրա որդիներին, մտերիմներին պատկանող գույքն ու դրամական միջոցները։
«Այս պահին դատարանը քննում է 105 գործ, 108 գործ էր քննվում, 3 գործով արդեն իսկ ունենք կայացված դատական ակտ», - ներկայացրեց Սիրո Ամիրխանյանը:
Դրանցով դատախազությունը պահանջում է ապօրինի ճանաչել նախկին պաշտոնյաների ավելի քան 1 միլիարդ 400 միլիոն դոլար արժողության ունեցվածքն ու դրանք վերադարձնել պետությանը Նախկին բազմաթիվ պաշտոնյաների հետ միասին դատարանում իրենց ունեցվածքի ծագման օրինականությունը պետք է հիմնավորեն նաև նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։ Նրանցից և ոչ մեկը չի ընդունում, որ տարիների կուտակած սեփականությունը ձեռք է բերել ապօրինի ճանապարհով։
Հենց այս ուսումնասիրություններով է անցնում նաև Հանրապետական կուսակցության իշխանության օրոք ամենաազդեցիկ պաշտոնյաներից մեկը՝ ՊԵԿ նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը։ Բազմաթիվ այլ գույքերին զուգահեռ քննվում է նաև նրա որդիներին պատկանող Լոս Անջելեսի շքեղ առանձնատան հարցը։ Օրերս հայտնի դարձավ, որ այն կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի։ Դրա շուկայական գինը կազմում է ավելի քան 63.5 միլիոն դոլար։ Առանձնատան վաճառքից գոյացած գումարի 85 տոկոսը կփոխանցվի Հայաստանին։
«Այդ գույքի շրջանակներում Գլխավոր դատախազության և Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու պաշտոնատար անձանց հետ արդյունավետ համագործակցության արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ վերջիններս Միացյալ Նահանգներում գտնվող գույքն ամենաբարձր շուկայական արժեքով վաճառելու են ու այդ վաճառքի 85 տոկոսը փոխանցելու են Հայաստանի Հանրապետությանը», - ասաց Սիրո Ամիրխանյանը:
Արդեն կայացվել է ընդհանուր առմամբ 6 վճիռ մոտ 12 միլիոն դոլարի վերադարձով։ Սիրո Ամիրխանյանը վստահ է, որ այս թվերը կաճեն։ Ընդգծեց՝ հույս ունի, որ Սահմանադրական դատարանը հօգուտ իրենց որոշում կկայացնի։
«Ես վստահ եմ, որ օրենքն ամբողջ ծավալով համապատասխանում է Սահմանադրության կարգավորումներին», - ընդգծեց նա:
Սակայն եթե Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչի այս օրենքը, ապա, ըստ ամենայնի, արդեն պետությանը փոխանցված գույքն ու գումարները պետք է վերադարձվեն սեփականատերերին։
«Եթե իհարկե հակասահմանադրական կճանաչվի որևէ օրենքի դրույթ, որի հիման վրա դատարանն ակտ է կայացրել, ապա Քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված նոր հանգամանքի ուժով կարող է քննարկման առարկա դարձվել այդ դատական ակտի վերանայման հնարավորությունը, դա արդեն կախված է դատական ակտից», - նշեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության պետը:
Ավելի քան մեկ տարի առաջ ընդդիմադիր պատգամավորներն էին «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը վիճարկել Սահմանադրական դատարանում։ Պնդում են, որ այն հակասահմանադրական է. օրենքը դատախազությանը հնարավորություն է տալիս հետ գնալ մինչև 90-ականներ և կողմին պարտադրել ապացուցել այն ժամանակ ձեռքբերված գույքի օրինականությունը։
Պաշտոնյաների ունեցվածքի մասին բազմաթիվ լրագրողական հետաքննությունների հեղինակ Վահե Սարուխանյանի խոսքով, եթե հանկարծ օրենքը հակասահմանադրական ճանաչվի, դրան կհետևեն այլ խնդիրները՝ հարկատուների գումարներից կսկսեն վերադարձնել այդ գումարները, մինչդեռ իշխանությունը կարող էր մինչ օրենքի ընդունումը դիմել սահմանադրական դատարան, ստանալ գնահատական, նոր կիրառեր այս օրենքը։
«Այստեղ խնդիր կա՝ որքան Սահմանադրական դատարանը ձգձգեց այդ որոշման կայացումն, էնքան այս գործերը կշտանան և հետո վերադարձը նորից խնդիր կլինի։ Պատկերացրեք, որ միայն անշարժ գույքի մասին չէ խոսքը, նաև դրամական միջոցների, որոնք եթե պետբյուջ են վճարում, հետո պետբյուջեից պետք է վերցվեն և հետ վերադարձվեն», - ասաց Սարուխանյանը:
Ինչո՞ւ է Բարձր դատարանն ավելի քան մեկ տարի քննում այս գործը. դատարանից «Ազատությանը» փոխանցեցին, որ այս պահին վարույթը կասեցված է՝ նյութերի ծավալը շատ է, և դրանք լիարժեք ուսումնասիրելուց հետո կորոշվի ընթացքը։