Գլխավոր դատախազությունը ծանուցագրեր է ուղարկել Երևանի նախկին քաղաքապետին ու Հայաստանի նախկին գլխավոր դատախազին՝ տեղեկացնելով, որ իրենց ու իրենց հարազատներին պատկանող գույքի ծագման օրինականությունն ուսումնասիրել են, կազմել են ամփոփագրեր։ Իրավապահները համարում են, որ Տարոն Մարգարյանն և Գևորգ Կոստանյանը իրենց ունեցվածքի մի մասը ապօրինի են ձեռք բերել։
Այժմ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տարոն Մարգարյանի փաստաբանն ասում է՝ առանց դատախազության ուսումնասիրությանը ծանոթանալու էլ կարող են պնդել՝ իր վստահորդի գույքն ու եկամուտները օրինական են։
«Տարոն Մարգարյանը գիտի՝ այն գույքը, որ ունի իր ընտանիքը ու այն գույքը, որն ունի ինքը, օրինական են․ ունի էդ գույքի ծագման աղբյուրը, գույքի առաջացման աղբյուրը, որն օրինական է։ Հիմա մնացած մասով մենք չգիտենք միգուցե, օրինակի համար, դատախազությունը որոշակի գույք վերագրի պարոն Մարգարյանին, որն ուղղակի առնչություն չունի պարոն Մարգարյանի հետ։ Հիմա ես չեմ բացառում, հնարավոր է մարդիկ սխալվեն՝ առանց դիտավորության, բնականաբար, դա կպարզաբանվի։ Միգուցե ինչ-որ բաներ վերագրվեն պարոն Մարգարյանին, որի հետ էլի առնչություն չունի, կամ իր ընտանիքի անդամներն, օրինակի համար», - ասաց փաստաբանը։
Դատախազությունը դեռևս չի հրապարակել ապօրինի որակված ունեցվածքի մանրամասները, դա սովորաբար արվում է հայցերը դատարան ուղարկելու ժամանակ։
Երևանի նախկին քաղաքապետի փաստաբան Բենիկ Գալստյանը կարծում է՝ հարցը դրան չի էլ հասնի, քանի որ դատախազությունում իրենց դիրքորոշումը ներկայացնելուց հետո իրավապահները կհամաձայնեն, որ Մարգարյանն անօրինական ճանապարհով ձեռքբերված գույք ու եկամուտներ չունի։
«Առնվազն դատախազության մասով, ուսումնասիրության առումով, օրենքը մեզ որոշակի, ճիշտ է՝ սուղ, բայց հնարավորություններ է տալիս մեր դիրքորոշումը հիմնավորելու, որը մենք կանենք, և ես լիահույս եմ, որ արդեն էդ վարույթի փուլում դատախազությունը մեզ հետ համաձայնության կգա», - ասաց Գալստյանը։
44-ամյա Մարգարյանը որպես պատգամավոր անցած տարի հայտարարագրել է 1 շինություն Վայոց ձորի մարզում, 2007 թվականի արտադրության «Մերսեդես» ավտոմեքենա, 44 հազար դոլար, 45.000 եվրո, 420 հազար ռուբլի, 89 միլիոն դրամ։ Նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին 23 տարեկանից զբաղեցրել է տարբեր պետական պաշտոններ և իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնվել 2018-ի հեղափոխությունից հետո։
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած Հանրապետական կուսակցության Գերագույն մարմնի անդամը Երևանը ղեկավարել է 7 տարի։ Հեղափոխությունից հետո նրան մեղադրանք առաջադրեցին պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար։
Ըստ Քննչական կոմիտեի`դեռևս քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնելիս Մարգարյանը, պաշտոնական լիազորությունները չարաշահելով, դպրոցներում ու մանկապարտեզներում տարածքներ է օտարել։
Տարոն Մարգարյանը մեղադրանքը չի ընդունում, նրա հետ մեղադրյալի աթոռին է կուսակցական ընկեր Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, որը զբաղեցնում էր Պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը։
Ինչ վերաբերում է 2008-ի մարտի 1-ի գործով մեղադրյալ, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գործին, ապա արդեն երեք տարի հետախուզվող Կոստանյանը հուլիսի 19-ին դժվար թե ներկայանա դատախազություն։
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է մարտյան իրադարձություններին առնչվող ապացույցներ և փաստաթղթեր կեղծելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն դրդելու, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելու հոդվածներով։ Նա դեռ 2019-ին մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ դատախազության ակադեմիայում դասավանդելու և չի վերադարձել Հայաստան՝ մեղադրանքը համարելով շինծու։ Այժմ, եթե դատարանը նրա դեմ որոշում կայացնի, երեք տարի Ռուսաստանում գտնվող նախկին գլխավոր դատախազը ստիպված կլինի ապօրինի որակված իր ունեցվածքը վերադարձնել պետությանը։
Հենց Գևորգ Կոստանյանի և Տարոն Մարգարյանի քրեական գործերն են առիթ դարձել դատախազության ուսումնասիրությունների համար։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն ասում է՝ եթե Կոստանյանն ու Մարգարյանը համաձայնեն իրենց եզրահանգումների հետ, դատարաններ հայցեր չեն ներկայացվի, այդ դեպքում նրանք պետությանը կփոխանցեն ապօրինի որակված գույքի ու եկամուտների առնվազն 75 տոկոսը։ Նման համաձայնություններ դեռևս չկան։
«Չունենք այս պահին վերջնական, այսպես ասած, համաձայնեցված վիճակ, բայց կան գործընթացներ մի քանի անձանց հետ կապված: Մանրամասներ այս պահին նպատակահարմար չենք համարում հրապարակել, արդյունքներ լինելու դեպքում անպայման հանրությունը դրանց մասին կտեղեկացվի», - նշեց Աբրահամյանը:
Դատախազությունն արդեն 11 հայց է ուղարկել դատարան, դրանցով պահանջում են նախկին պաշտոնյաներից բռնագանձել 50 միլիարդ դրամ արժողությամբ ապօրինի ձեռք բերված գույքն ու ակտիվները։
«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման 11 հայցադիմում արդեն դատարանի կողմից վարույթ է ընդունված, բայց այս պահի դրությամբ գործնականում միայն մեկ գործով՝ ամենասկզբից ներկայացված հայցապահանջի գործով է, որ դատական նիստեր են գումարվում, քննության պրոցես է տեղի ունենում: Մնացած գործերով դեռևս նիստեր նշանակված չեն: Իհարկե, սա, մեր գնահատմամբ, լավ երևույթ չի, բայց նաև հասկանում ենք, որ կան օբյեկտիվ պատճառներ, որոնք կարող են դեր կատարել այս առումով: Դրանցից մեկը ծանրաբեռնվածության հանգամանքն է դատարանի», - նշեց Գոռ Աբրահամյանը:
Ուսումնասիրության փուլում է 314 նման գործ։ Դատարան ուղարկված 11 գործերից էլ դեռ քննվում է միայն ԱԱԾ նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանի գործը։ Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, պաշտպանության նախկին նախարար, այժմ խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դատական նիստերի օր դեռ նշանակված չէ։