Մատչելիության հղումներ

Ապագա զորակոչիկների առողջությանը վերաբերող տվյալները կթվայնացվեն. կառավարությունը որոշում ընդունեց


Ինչո՞ւ են զորակոչային տարիքի տղաների մոտ Հայաստանում միանգամից ի հայտ են գալիս առողջական խնդիրներ, որոնք նախկինում չկային։ Այս հարցի պատասխանը այսօր կառավարության նիստին թեև ուղիղ չտրվեց, բայց վարչապետը նշեց՝ դա անվտանգային, քաղաքական ու հակակոռուպցիոն պայքարի խնդիր է։

«Եթե 17 տարեկանում հանկարծ, Աստված չանի, կամ գուցե ոմանց ընկալմամբ, Աստված տա. հիվանդություն ի հայտ գա, որը կանխարգելում է, ազատում է զորակոչային պարտականություններից, մենք հնարավորություն ունենանք նայել՝ էդ ո՞նց եղավ, որ ամբողջ կյանքը երեխան առողջ է եղել, մեկ էլ 18 տարեկանը լրանալուց 2 ամիս առաջ հիվանդությունների փունջ է հայտնվում», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ապագա զորակոչիկների առողջությանը հետևելու համար կառավարությունն այսօր ընդունեց որոշում, որով տղաների առողջությանը վերաբերող բոլորը տվյալները կթվայնացվեն, բժիշկները կզբաղվեն լուծելի առողջական խնդիրներով մինչև զորակոչային տարիքին հասնելը։

Այս որոշմամբ՝ «Արմմեդ» համակարգում կարխիվացվեն ապագա զորակոչիկի առողջության վերաբերող բոլոր տվյալները՝ լաբորատոր գործիքային հետազոտություններ, ամբուլատոր քարտերի ողջ տեղեկություն և այլն։

«Կատարվող փոփոխությունները հնարավորություն կընձեռեն մինչև զորակոչային տարիքը հայտնաբերել հավանական հիվանդությունները և նախաձեռնել նպատակային բուժման գործընթաց քաղաքացու վերաբերյալ ստանալ թվային առողջապահական տվյալներ, ունենալ առողջական հետազոտությունների հետագծելիությունը, որը ամենակարևոր հանգամանքներից մեկն է», - ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

Կառավարության այս որոշման ընդունումն այսօր առիթ դարձավ ծավալուն քննարկման. Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանում տղաների ծնողների մղումը առողջական խնդիրների հիմքով որդիներին հետ պահելու զինվորական ծառայությունից «ի վերջո հանգեցնում է դեֆորմացիայի երևույթի»։

«Կրթության, ինտելեկտուալ, կազմակերպչական, ստեղծարար աշխատանքի մեջ ես տեսնում եմ, որ մեր իրականության մեջ աղջիկներն ավելի որակյալ աշխատուժ են դառնում քան տղաները: Ես ինչ-որ առումով սկսել եմ մտածել, որ սա կապ ունի այդ երևույթի հետ, որովհետև 15 տարեկանը լրանում է, էդ դեֆորմացիայի պրոցեսն ուղղակի կամ անուղղակի սկսվում է», - նշեց Փաշինյանը:

Հայաստանում տարեկան քանի՞ երիտասարդ է ազատվում ժամկետային զինվորական ծառայությունից առողջական խնդիրների պատճառով, այսպիսի վիճակագրություն հրապարակված բաց աղբյուրներում չկա, «Ազատությունը» հարցում է արել Պաշտպանության նախարարությանը: Մինչ այդ, սակայն, Զինված ուժերի հարցերով զբաղվող փորձագետը, որ ցանկացավ անանուն մնալ, մեզ ասաց՝ թիվը մեծ է, ընդ որում, պատկերը նույնն է արդեն ավելի քան 2 տասնամյակ։

«Այստեղ երկու խնդիր կա, որ մենք այնքան մեխանիզմները կատարելագործենք, որ որևէ սողանցք չլինի սրանից փախնելու համար, կամ մենք եղած ոչ լեգիտիմ իրավիճակները որոշակիորեն լեգիտիմության հանրային պայմանավորվածության դաշտ բերենք», - ասաց Փաշինյանը:

Ծառայությունից խուսափելու դեպքերը կրճատելու համար նախ պետք է փոխվի բանակի ներսում տիրող մթնոլորտը. իրավապաշտպան

Զինված ուժերում ծառայությունից խուսափելու դեպքերը կրճատելու համար նախ պետք է փոխվի բանակի ներսում տիրող մթնոլորտը, հակադարձում է իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ու հարց բարձրացնում՝ ի՞նչ բարեփոխումներ են արվել վերջին 6 տարում ոչ կանոնադրական հարաբերությունների վերացման, բանակում մթնոլորտի բարելավման ուղղությամբ։

Իրավապաշտպանը հիշեցնում է Զինված ուժերում բռնության վերջին դեպքը. Կապանի զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Սարգիս Մելքոնյանի ընտանիքը պնդում է՝ 2 ամսով կալանավորված Սարգիսին հայհոյել ու հարվածներ է հասցրել հրամանատարը, ինչից հետո Սարգիսը պատասխան հարված է հասցրել։

«Մենք իրենց ընտանիքին ենք այցելել, այդ տղան ուներ սահմանափակումներով ծառայություն, հոգեկան խնդիրներ, հրամանատարը և մնացած սպաները ծեծել են: Գործը հարուցել են տղայի վրա, ոչ թե հրամանատարի վրա, որ վնասվածքներ ինքն իրեն է հասցրել: Նիկոլ Փաշինյանը թող սրա մասին մտածի, որ պայմաններ ստեղծի, եթե կա մեկ հոգի, ով չի ուզում ծառայել, այդ մեկ հոգին էլ գնա ծառայի», - ասաց Ալեքսանյանը:

Մեկ ամիս առաջ կառավարությունը մեկ այլ որոշում ընդունեց, որով վերանայվեց կարգը, թե առողջական ինչ խնդիրների դեպքում զինծառայողները կարող են տարկետում ստանալ կամ ազատվել զինվորական ծառայությունից, հիվանդությունների ցանկը կրճատվեց, ինչպես նախ ընդգծվեց, որ առողջության պատճառով սահմանափակումներ ունեցող անձանց համար էլ բանակում գործ կա:

«Դա բնականում չի անցնում ոչ մի հատուկ ցուցում, մարդը սրտի խնդիրներ ունի, ճնշման խնդիրներ ունի, սահմանափակումով ծառայության է գնում, բայց իրեն տանում են դիրքեր, որտեղ ինքը չի կարող ծառայություն անցկացնի», - նշեց Ժաննա Ալեքսանյանը:

Իրավապաշտպանի կարծիքով՝ բանակի գլխավոր պատասխանատուները նախ պետք է զբաղվեն զինված ուժերում անարդարության դրսևորումների վերացմամբ։

XS
SM
MD
LG