Հայաստանի պաշտպանության նախարարը տարածաշրջանում էսկալացիայի համար հիմքեր չի տեսնում, չնայած Ադրբեջանի նախագահի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ սպառնալից հայտարարություններին։
Սուրեն Պապիկյանն այսօր պարզաբանեց, թե յուրաքանչյուր խնդրով Հայաստանն ունի առաջարկներ և լուծումներ, սակայն, չմանրամասնեց, թե խոսքն ինչի մասին է։
«Հայաստանի Հանրապետությունը հանդես է գալիս տարածաշրջանային խաղաղություն հաստատելու նարատիվով, ու այդ նարատիվները բավականին հիմնավոր են և առաջարկները բավականին հիմնավոր են, ու ես չեմ կարծում, որ կա հիմք որևէ կերպ էսկալացնել տարածաշրջանը», - նշեց նախարարը:
Պապիկյանն արդարացված է համարում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության սառեցումը
Հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին Պապիկյանն արդարացված է համարում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամակցության սառեցումը։ Ըստ նրա՝ քանի ռազմական դաշինքի գործընկերները չեն փոխել վերաբերմունքն ու դիրքորոշումը, Երևանի արձագանքը լեգիտիմ է ու բխում է Հայաստանի շահերից։
Մյուս կողմից, ըստ ռազմական կառույցի ղեկավարի, պաշտոնական Երևանը շահագրգիռ է, որ Մոսկվայի հետ իր գործակցությունը պահի բարձր մակարդակի վրա։
«Երբ մենք խոսում ենք ՀԱՊԿ-ի մասին, երբ փորձում ենք խոսել 22 թվականի իրադարձությունների մասին ու միանգամից տեղափոխվել 25 թվական ու ասել՝ ամեն ինչ շատ լավ է, մենք հարցեր ունենք, որոնք օբյեկտիվ են: Կարծում եմ՝ այդ օբյեկտիվ հարցերը պիտի առողջ քննարկումների արդյունքում իրենց պատասխանները ստանան», - ընդգծեց Սուրեն Պապիկյանը:
Ըստ Պապիկյանի՝ հայ-ամերիկյան փաստաթղթի ստորագրմամբ ռազմական ոլորտում նոր բան տեղի չի ունեցել
Պապիկյանն անդրադարձավ նաև երեկ Վաշինգտոնում ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կանոնադրությանը։ Փաստաթղթում նշվում է, որ Երևանն ու Վաշինգտոնը մտադիր են ընդլայնել իրենց պաշտպանական և անվտանգային համագործակցության ծրագրերի ծավալը, մասնավորապես շեշտվում է՝ պաշտպանական խորհրդակցությունների, մասնագիտական ռազմական ուսուցման միջոցով Զինված ուժերին ամերիկյան կողմի աջակցության մասին։
Պապիկյանի խոսքով՝ այդ փաստաթղթի ստորագրմամբ ռազմական ոլորտում նոր բան տեղի չի ունեցել։
«Սա հիմք է, որպեսզի դրանք ավելի խորանան ու դառնան ինստիտուցիոնալ, ավելի խորքային ու համակարգային, դա միայն կարող եմ ասել: Մենք, այո, այդ հնարավորությունը պատրաստվում ենք օգտագործել», - ասաց պաշտպանության նախարարը:
Սուրեն Պապիկյանը հերքեց, թե ստորագրված փաստաթուղթը ենթադրում է սպառազինության վաճառք Հայաստանին։ Ընդ որում՝ ռազմական կառույցի ղեկավարն իր շուրջ 2 ժամ տևողությամբ ասուլիսի ընթացքում խուսափեց խոսել Հայաստանի կողմից ռազմական ձեռքբերումների մասին, բայց հայտարարեց, թե 2024-ը զինուժի զարգացման համար բարենպաստ տարի էր. ձեռքբերում համարեց անցած տարում ստեղծված ԱԹՍ վարչությունը, որն ըստ նրա, հետագայում ղեկավարելու է ԱԹՍ զորքերը։
Պապիկյանը՝ բանակում ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան դեպքերի մասին
«Պատասխանատվությունը կայանում է նրանում և բացը, որ զինված ուժերում առկա խնդիրները չենք կարողացել հասցնել այն մակարդակին, որ պրոբլեմները դառնան զրոյական: Սա, իհարկե, երկար խոսակցություն է ու, ցավոք, միայն զինված ուժերի խնդիրը չէ: Այն ունի ակունքներ ու պատճառահետևանքային շղթա է», - ներկայացրեց նա:
Պապիկյանն անդրադարձավ նաև բանակում ոչ մարտական պայմաններում զինվորների մահվան դեպքերին։ Ասաց՝ մարտահրավեր համարում է բանակում ինքնասպանության, ինքնապսանության հասցնելու ու սպանության դեպքերը։
2024-ին, ըստ իրավապաշտպանների, 36 զինվոր է մահացել։
«Սրանք, այո, ունեն ակունքներ, որոնք իրենց պատճառները ունեն նաև մարդկանց քաղաքացիական կյանքի տարբեր ընկալումների, այդ թվում նաև քրեական ենթամշակույթի, երբեմն նաև մարդու պատրաստվածության մակարդակի դիմակայունության, սրանք հարցեր են, որ որպես պաշտպանության նախարար, այո, իմ հարցն է, բայց նաև միայն իմ հարցը չէ: Ես ուզում եմ, որ մենք էս հարցին վերաբերվենք ավելի պատասխանատու, որպեսզի հանրության շրջանում նույնպես՝ սկսած դպրոցից մինչև բուհական համակարգ, ծառայություն ու նաև քաղաքացիական կյանք համապատասխան վերաբերմունք ցուցաբերենք նույն քրեական ենթամշակույթին», - ասաց նախարարը:
Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպանները տարիներ շարունակում հակադարձում են՝ բանակը փակ կառույց է, այնտեղ կատարվող ամեն միջադեպի պատասխանատուն հենց զինվորական ղեկավարությունն է։