Կառավարությունը ցանկանում է աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով և այդ նպատակով խորհրդարանին առաջարկում է դարձյալ փոփոխել Պաշտպանության մասին օրենքը։
Աշխարհազորի մասին դրույթն օրենքում ընդունվել էր դեռևս 2020 -ի հոկտեմբերին, այսինքն 44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին։ Այն պետք է հնարավորություն տար քաղաքացիներին կամավորության սկզբունքով մասնակցել Հայաստանի զինված պաշտպանությանը։ Ըստ գործող օրենքի՝ աշխարհազորի զորամիավորումների, բրիգադների և գումարտակների ղեկավարներ պետք է նշանակվեին փոխմարզպետները, Երևանի քաղաքապետի տեղակալները և վարչական շրջանների ղեկավարները: Հենց այդ մարմինների վրա էր դրվել աշխարհազորը քաղաքացիներով համալրելու պարտականությունը:
Ինչո՞ւ ՊՆ-ը որոշեց աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով
Ինչո՞ւ այս համակարգը ներդնելուց 4 տարի անց Պաշտպանության նախարարությունը որոշեց աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով։ Գործադիրն օրինագծի հիմնավորման մեջ խոստովանում է՝ համակարգը գրեթե չի գործել, և դատելով Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանի բացատրությունից, աշխարհազորը համակարգող փոխմարզպետներ ու փոխքաղաքապետներ մինչև օրս չեն էլ նշանակվել, ինչը, սակայն, գործող օրենքի պահանջն էր։
«Մինչև հիմա այս օրենքի պահանջը որքանո՞վ է կատարվել, նշանակվե՞լ է արդյոք որևէ փոխմարզպետ, փոխքաղաքապետ, վարչական շրջանի ղեկավար, որը պատասխանատու էր աշխարհազորի համար, եթե չեն նշանակվել, ապա ինչո՞ւ», - հարցրեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Արման Սարգսյանն արձագանքեց. - «Մարզպետի տեղակալներ տվյալ պահին 10 մարզերում չկան, Երևանում, որքան ես հիշում եմ, 20 թվականից սկսած չի էլ նշանակվել քաղաքապետի տեղակալ, աշխարհազորի աշխատանքները համակարգող: Չեմ կարծում, թե մարզպետի տեղակալներ նշանակելով կամ չնշանակելով կարելի էր այդ հարցը լուծել կամ չլուծել»:
Ո՞ւմ հետ կկնքվի պայմանագիր
Առաջարկվող փոփոխության համաձայն, աշխարհազորին փոխարինող տեղական պաշտպանության ուժերը կազմավորվելու են որպես համայնքի պաշտպանության ստորաբաժանումներ, որոնք մասնակցելու են Հայաստանի սահմանների պաշտպանությանը։ Այդ ուժերը կղեկավարի բանակային կորպուսի հրամանատարը, նրանք կներառվեն զորամասերի կազմում՝ որպես աջակցող ուժեր։
«Տեղական պաշտպանության ուժերի ստորաբաժանումները համալրվելու են տվյալ համայնքում հաշվառված, պատերազմական ժամանակների հաստիքներին չկցագրված, պահեստազորի 2-րդ խմբում հաշվառված կամ զինվորական հաշվառումից հանված անձանցով՝ կամավորության սկզբունքով անձի հետ պայմանգիր կնքելու միջոցով, որը չի համարվում զինվորական ծառայության անցնելու պայմանագիր», - ներկայացրեց փոխնախարարը:
Տեղական պաշտպանության ուժերը խաղաղ ժամանակ անցնելու են պատրաստություն՝ համայնքի տարածքի պաշտպանության ապահովման նպատակով։ Պատրաստության ժամանակ տեղական պաշտպանության ուժերի անդամներին ամրակցվում է զենք, նրանք ապահովվում են անվճար սննդով, բժշկական սպասարկմամբ, նաև գումար կտրամադրվի՝ ըստ զբաղեցրած զինվորական պաշտոնի՝ պայմանագրային զինծառայողների համար օրենքով սահմանված չափով։
«Նոր պայմանագրեր կնքելու միջոցով հանդիսանալու են արդեն ոչ թե որպես աշխարհազորային, այլ տեղական պաշտպանության ուժերը համալրողներ», - ասաց Արման Սարգսյանը։
Ինչո՞ւ աշխարհազորի համակարգն այդպես էլ չաշխատեց
Ինչո՞ւ 4 տարի առաջ ներդրած աշխարհազորի համակարգն այդպես էլ չաշխատեց։ Խորհրդարանի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համոզմամբ՝ այն իշխանությունն ի սկզբանե սխալ հիմքի վրա էր դրել։ Մասնավորապես, գործող օրենքում կան այնպիսի դրույթներ, որոնք որևէ կերպ չէին կարող արդյունավետ լինել։ Առաջին հերթին դա վերաբերում է աշխարհազորի ղեկավարությանը, ովքեր, ըստ օրենքի, փոխմարզպետներն ու փոխաքաղաքապետներն էին, ու որոնք շատ դեպքերում զինվորական ծառայության, առավել ևս պատերազմական գործողությունների հետ երբևէ առնչություն չէին ունեցել։
«44-օրյա պատերազմի ժամանակ պարզ դարձավ, որ այդպիսի հրամանատարության սահմանումը ուղղակի կարող է ողբերգական իրավիճակի հասնել, որովհետև մենք տեսանք, թե ինչպես էին ջոկատներ կազմվում, ովքեր էին նշանակվում այդ ջոկատի հրամանատարներ. մարդիկ, ովքեր առհասարակ ծառայության հետ, էլ չեմ խոսում պատերազմական գործողությունների հետ առնչություն չունեին և այլն», - ասաց Աբրահամյանը:
Նույնիսկ խնդրահարույց օրենքի պայմաններում, Պաշտպանության հանձնաժողովի ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, աշխարհազորը տարբեր փուլերում ներգրավվածություն ունեցել է։ Այսօր էլ որոշակի ուղղություններով աշխարհազորայինները մարտական հերթապահություն են իրականցնում։
Ամեն դեպքում Տիգրան Աբրահամյանը դրական է համարում, որ առաջարկվող փոփոխությամբ տեղական պաշտպանության ստորաբաժանումները գործելու են տեղի բանակային զորամիավորումների ենթակայության ներքո։
Աշխարհազորը տեղական պաշտպանության ուժերով փոխարինելու կառավարության առաջարկած օրինագիծը ստացել է Պաշտպանության հանձնաժողովի դրական եզրակացությունն ու կքննարկվի խորհրդարանի առաջիկա լիագումար նիստերի ընթացքում։