Կառավարության այսօր ընդունած որոշմամբ վերանայվեց կարգը, որը սահմանում է, թե առողջական ինչ խնդիրների դեպքում զինծառայողները կարող են տարկետում ստանալ կամ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից։
«Նախատեսվում է քաղաքացու կամ զինծառայողի պիտանելիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները մեկ անգամ տրված տարեկետման ժամկետի ավարտից և առողջական վիճակի վատթարացում չարձանագրվելուց հետո ճանաչել զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի, ինչպես նաև հստակեցնել այդպիսի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները և մի շարք հիվանդությունների նկարագրությունները», - պարզաբանեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ «կնվազեն բուժման նպատակով քաղաքացիներին տրված տարկետումների քանակները, իսկ հակացուցված ծառայության պայմանները կորոշվեն՝ ըստ հիվանդության արտահայտման աստիճանի»։ Ըստ պաշտպանության նախարարի՝ տարկետումների դեպքում, եղած փորձի համաձայն, զինծառայողները հիմնականում ոչ թե բուժվում ու վերադառնում են ծառայության, այլ կրկին դիմում տարկետման։
«Լինում են հիվանդություններ, որոնք հնարավոր է այդ 1 տարվա ընթացքում բժշկական միջամտության միջոցով չեզոքացնել, սակայն փորձը ցույց է տալիս, որ հանրության շրջանում չկա այդ շահագրգռվածությունը՝ բժշկական միջամտության միջոցով առղջությունը վերականգնելու ուղղությամբ աշխատանք կատարել, և իհարկե, սա բերում է նրան, որ մի տարվա տարեկետումը դառնում է ևս մեկ տարվա, ևս մեկ տարվա…», - նշեց Պապիկյանը։
Պաշտպանության նախարարի խոսքով՝ այս փոփոխությամբ կվերանա զինվորական ծառայությունից խուսափելու ևս մի սողանցք։ Որպես օրինակ զինծառայողների հեռացված լեղապարկն այսուհետ պատճառ չի լինի ծառայությունն ընդհատելու համար։
Վարչապետն իր հերթին հայտարարեց, թե բանակը պետք է տեղավորվի կառավարության քաղաքական ու ռազմավարական ընկալումների շրջանակում, և բանակի միակ խնդիրը Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումն է, ինչի մասին Նիկոլ Փաշինյանը խոստացավ ավելի մանրամասն խոսել առաջիկա հարցազրույցի ընթացքում։