ԱՄՆ ունի մեծ ներուժ՝ նպաստելու Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հաստատմանը, այսօր հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Հայաստան-Միացյալ Նահանգներ ռազմավարական երկխոսության երկրորդ ամփոփիչ նիստի մեկնարկին։
Միրզոյանը վերահաստատեց՝ Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանների սահմանազատման գործընթացին՝ հիմնված 1991 թվականին Ալմա-Աթայի հռչակագրի հիմքով տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա։
Կա իրական հնարավորություն, պատմական պահ՝ վերջնականացնելու խաղաղության պայմանագրի նախագիծը, ասաց Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն՝ ընդգծելով՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը կարող է նոր դուռ բացել տարածաշրջանում երկարատև խաղաղության համար։
«Որպես խաղաղության օրակարգի և տարածաշրջանի զարգացման տեսլականի մաս, Հայաստանը մեծապես շահագրգռված է բոլոր տարածաշրջանային հաղորդակցություններն ապաշրջափակելու հարցում՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասության լիակատար հարգման, իրավահավասարության և փոխադարձության սկզբունքների վրա։ Դա լավագույնս արտացոլված է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մեջ, որն առաջ է քաշվել մեր կառավարության կողմից», - ասաց Միրզոյանը։
«Վաշինգտոնն աջակցում է տևական խաղաղության հաստատման ջանքերին»
ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենն իր հերթին շեշտեց՝ Վաշինգտոնն աջակցում է տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման ջանքերին։
«Մենք աշխատում ենք նաև տնտեսական հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ Կենտրոնական Ասիայից մինչև Միջերկրական ծով, և եթե տևական խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ հնարավորություններն ավելի լայն կլինեն։ Եվ մենք ուրախ ենք այդ ասպարեզում աջակցել ջանքերին», - հայտարարեց Օ՛Բրայենը։
Անդրադառնալով այսօրվա օրակարգին՝ Հայաստանի արտգործնախարարը տեղեկացրեց՝ քննարկվում է կոնկրետ քայլերի լայն շրջանակ՝ սկսած տնտեսության և էներգետիկ ոլորտի դիվերսիֆիկացիայից, մինչև պաշտպանական ոլորտի համագործակցություն և արդարադատության ոլորտի բարեխումներ։
«Մենք շահագրգռված ենք Հայաստանի պաշտպանական վերափոխման համար համագործակցության հետագա հնարավորությունների ուսումնասիրմամբ», - ասաց Միրզոյանը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև նշեց, որ Հայաստանը հանձնառու է ժողովրդավարության կառուցմանը և վստահ է, որ Միացյալ Նահանգներն այս հացում կանգնած է Հայաստանի կողքին։
«Մենք նաև պաշտպանության անվտանգության հարցերում ենք շարունակելու աշխատել»
ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարը հայտարարեց որ Վաշինգտոնը նաև պաշտպանության անվտանգության հարցերում է շարունակելու աշխատել Երևանի հետ։
«Անցած տարի տեղի ունեցով մեր առաջին համատեզ զորավարծությունը՝ «Արծիվ գործընկեր»-ը։ Մենք նաև կիբերանվտանգության, սահմանների անվտանգության, էներգետիկ անվտանգության, պարենային անվտանգության ասպարեզում ենք ակնկալում աշխատել։ Այստեղ Հայաստանը հնարավորություն ունի սեփական կարիքների ապահովման ուղղությամբ և այդ ջանքերում մենք պատրաստ ենք աջակցել Հայաստանին», - ասաց Օ՛Բրայենը՝ շեշտելով, որ ուզում են ռազմավարական երկխոսությունը փոխարինել ռազմավարական գործընկերության հանձնաժողովով, որը հնարավորություն կտա ավելի խորը փոխգործակցության։
ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարը նաև ընդգծեց, որ պատվիրակության մեծ կազմով են ժամանել Հայաստան։
Նախքան նիստի մեկնարկը Միրզոյանն առանձնազրույց է ունեցել ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի հետ։ Ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով։ Քննարկվել են ինչպես երկկողմ օրակարագի, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության հարցեր: