Մատչելիության հղումներ

Ալիևը պահանջում է զինաթափել «ֆաշիստական Հայաստանին»


Հայաստանը ֆաշիստական պետություն է, որ սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանի համար, սպառնալիք, որին դիմակայելու առաքելությունը Բաքուն պատրաստ է ստանձնել։ Սա էր Իլհամ Ալիևի՝ երեկ երեկոյան ադրբեջանական ալիքներով հեռարձակված հարցազրույցի հիմնական ուղերձը։ Դա Ալիևի թերևս ամենառազմաշունչ ելույթն էր 2020 թվականից ի վեր։

«Անկախ հայկական պետությունն, ըստ էության, ֆաշիստական պետություն է, որովհետև այդ երկիրը գրեթե 30 տարի ղեկավարել են ֆաշիստական գաղափարախոսության կրողները և նրանք այդ պետությունը ձևավորել են իրենց կերպարին համապատասխան։ Տեսեք Հայաստանի առաջին նախագահի ռասիստական և ֆաշիստական հայտարարությունները։ Դրանք որքան տգեղ են, նույնքան էլ վտանգավոր են։ Նա էթնիկ զտումները ներկայացնում է որպես հպարտության աղբյուր, պարծենում է ադրբեջանցիների՝ իրենց պատմական հողերից վտարմամբ», - նշում էր Ադրբեջանի նախագահը։

Տեսանյութը, որի մասին խոսում է Ալիևը՝ անցած տարեվերջին հրապարակել էր լրագրող Թաթուլ Հակոբյանը՝ իր ղեկավարած «Անի» կենտրոնի յութուբյան ալիքում։ Դա Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի 1993-ի հուլիսին՝ «Երկրապահ» կամավորականների միության համագումարին հնչեցրած ելույթի տեսագրությունն է։ Ալիևի համոզմամբ՝ Տեր-Պետրոսյանի հաջորդները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսանը ևս՝ «ֆաշիստական գաղափարախոսության կրողներ էին»։

«Ֆաշիզմը պետք է ոչնչացվի։ Կամ Հայաստանի ղեկավարությունն այն կոչնչացնի, կամ էլ մենք։ Այլ ելք մենք չունենք», - պնդում էր Ալիևը։

Նիկոլ Փաշինյանի համար, սակայն, Իլհամ Ալիևը ևս ջերմ խոսքեր չուներ։

«Հայաստանի ներկայիս ղեկավարը իրեն փորձում է խաղաղության աղավնի ներկայացնել։ Բայց նայեք նրա՝ 2018-2019 թվականների ելույթներին։ Այժմ դրանց մասին որևէ մեկը չի ուզում հիշել։ Այդ գաղափարախոսությունն այնտեղ ողջ է, և դրա կրողը ոչ միայն ներկայիս հայկական ընդդիմությունն է, այլև Հայաստանի իշխանությունները», - վստահ է Ալիևը։

«Հայաստան մատակարարված սպառազինությունը պետք է վերադարձվի»

Ադրբեջանի նախագահն իր երեկվա հարցազրույցում կրկին խոսեց Հայաստանի կողմից սպառազինության ձեռքբերումների անթույլատրելիության մասին՝ ըստ էության Երևանին զինաթափման պահանջ ներկայացնելով։

«Հայաստանն անհապաղ կերպով պետք է դադարեցնի սպառազինումը։ Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս պետությունները պետք է խզեն պայմանագրերն ու չեղարկեն դրանք։ Արդեն իսկ Հայաստան մատակարարված սպառազինությունը պետք է վերադարձվի», - հայտարարում էր Ադրբեջանի նախագահը։

Շուրջ երեք ժամ տևած հարցազրույցում Ալիևը կրկին հիշեց Ադրբեջանի հիմնական հատվածի և Նախիջևանի միջև անխափան կապի ապահովումը՝ պնդելով, թե Հայաստանն այլ ելք չունի՝ դա թույլատրելուց բացի։

«Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և այն կբացվի։ Որքան շուտ հայերը հասկանան դա՝ այնքան լավ։ Մենք չենք կարող նման վիճակում մնալ։ Ինչո՞ւ մենք պետք է Ադրբեջանի անբաժան մաս հանդիսացող Նախիջևան մեկնենք տարատեսակ այլ ճանապարհներով։ Մենք պետք է ուղիղ կապ ունենանք, և այդ կապը Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դնում։ Նրանք պարզապես պարտավոր են կատարել նոյեմբերի 10-ի հայտարարության դրույթները։ Արդեն ավելի քան չորս տարի է, ինչ մենք համբերություն ենք դրսևորում։ Դեռ ինչքան պետք է սպասենք և ինչո՞ւ։ Ես մի անգամ արդեն ասել եմ՝ նրանք մեզ չպետք է նյարդայնացնեն և պետք է հասկանան, որ խոսքի իրավունքը այս հարցում մեզ է պատկանում», - պնդում էր Ալիևը։

«Հուսով եմ, որ խաղաղության պայմանագրին վերաբերող մեր բոլոր պայմանները կընդունվեն»

Հարցազրույցի ընթացքում Իլհամ Ալիևը Հայաստանը բնութագրեց որպես աշխարհագրական պատնեշ Ադրբեջանի և Թուրքիայի միջև։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա դրա կնքման համար, ըստ Ալիևի, Հայաստանը պետք է կատարի Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանները։

«Հուսով եմ, որ խաղաղության պայմանագրին վերաբերող մեր բոլոր պայմանները կընդունվեն, որովհետև դրանցում որևէ առանձնահատուկ բան չկա։ Առանց Մինսկի խմբի լուծարման, առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնարին է։ Եթե Հայաստանին խաղաղության պայմանագիրը պետք չէ, ուրեմն մենք էլ դրա կարիքը չունենք», - նշում էր Ալիևը։

Ադրբեջանի նախագահը չշրջանցեց նաև 2024 թվականին երկկողմ հարաբերություններում արձանագրված առանցքային իրադարձությունը՝ Տավուշի մարզի և Ղազախի սահմանագծի չորս գյուղերի տարածքների հանձնումն Ադրբեջանին։

«Անցած տարվա փետրվարին Մյունխենում՝ Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ ես անդրադարձա այս թեմային՝ մենախոսության տեսքով։ Եվ ուրախ եմ, որ մենք ստիպված չեղանք այդ գյուղերի վերադարձի համար այլ մեթոդների դիմել։ Դա պետք է նոր լիցք հաղորդի սահմանի ողջ երկայնքով իրականացվող ճշտումներին։ Գոյություն ունեցող ադրբեջանա-հայկական պայմանական սահմանը դոգմա չէ։ Մեր դիրքորոշումը մշտապես հետևյալն է եղել՝ սահմանը ճշտումների կարիք ունի», - հայտարարում էր Ալիևը։

Ադրբեջանի նախագահն, ի դեպ, ազդարարեց՝ Սահմանագծման և սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստը հրավիրվելու է արդեն այս ամիս։ Թե իր բնորոշմամբ «պայմանական սահմանի» որ հատվածին են անդրադառնալու կողմերն այս անգամ՝ Ալիևը չհստակեցրեց։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG