Մատչելիության հղումներ

«Մենակ հողակտորը 25 միլիոն է». արցախցի կինը պնդում է՝ պետության առաջարկած գումարով անգամ հողակտոր չեն կարող գնել


Ստեփանակերտցի Զինա Նաջարյանի տեղահանված ընտանիքը փորձում է հարմարվել Զորավան գյուղին, որը Երևանից մոտ 30 կմ է հեռու։ 64-ամյա կինն ասում է՝ վարձը մայրաքաղաքից համեմատաբար էժան է. 100 հազար են վճարում 3 սենյականոցի համար։ Կոտայքի մարզի՝ իրենց անսովոր ցուրտ եղանակն ու տան անմխիթար պայմաններն են անհարմարության գլխավոր պատճառը։ Պատրաստ են հենց Զորավանում էլ տուն գնել, եթե պետությունն աջակցի։

Հաշվել են՝ Զորավանում պետության առաջարկած գումարով անգամ հողակտոր չեն կարող գնել, ուր մնաց տուն կառուցեն։ 5 հոգանոց ընտանիքի ամեն անդամը 3 միլիոն՝ ընդհանուր 15 մլն դրամ կարող է ստանալ պետությունից։ Գյուղում մի փոքր հողակտոր են տեսել, բայց՝ «մենակ հողակտորը, մի քանի ծառ ա տնկած, 25 միլիոն ա ասում»:

Արցախից տեղահանված ավելի քան 25 հազար ընտանիքի է պետությունը նախատեսում տնով ապահովել։ Կառավարությունն աջակցության ծրագիրը երեկ հաստատեց։

Կառավարությունը երեք փուլով՝ մինչև 2029 թվականն է որոշել իրականացնել աջակցության ծրագիրը։ Արցախցի ընտանիքի ամեն մի անդամի 2 միլիոնից մինչև 5 մլն է պատրաստվում պետությունը տալ՝ կախված բնակավայրից։ Տեղահանված արցախցիները պետք է Հայաստանի քաղաքացի դառնան, որ միանան ծրագրին։ Թե երբ է կառավարությունը սկսելու ընդունել առցանց դիմումները, դեռ չեն հստակեցնում։

Առաջին փուլով 3 և ավելի անչափահաս երեխա ունեցող կամ զոհվածի, կերակրողին կորցրածի կամ հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ ունեցող անդամով ընտանիքներն աջակցություն կստանան տուն գնելու համար։ Տուն կառուցելու դեպքում ընտանիքից անդամներից առնվազն 2-ն անչափահաս պետք է լինեն:

Արցախցի տեղահանված ընտանիքի ամեն մի անդամը ամենամեծ՝ 5 մլն դրամի աջակցությունը կստանա, եթե ընտրի պետության առաջարկած հիմնականում գյուղական 240 համայնքներից մեկը, դրանց մեծամասնությունը՝ սահմանամերձ։ 4 մլն կտրամադրվի մեկ այլ ցանկում ներառված՝ 148 համայնքներից մեկում տուն գնելու կամ կառուցելու համար։ Պետությունը Արցախից տեղահանված ընտանիքի յուրաքանչյուր անդամի 2 միլիոնական աջակցություն կտա, եթե ընտանիքը հիփոթեք ունենա։

Արցախի տարածքային կառավարման նախկին նախարար Հայկ Խանումյանը վստահ է՝ պետությունն այս ծրագրով ժողովրդագրական պատկերը չի կարողանալու լուծել։ Կանխատեսում է՝ տների գները կբարձրանան անգամ հեռավոր գյուղերում:

Ի՞նչ են անելու միայնակ մարդիկ կամ երկու հոգանոց ընտանիքները, որոնց հասանելիք գումարը բավարար չի լինի տուն գնելու համար, արդյոք կառավարության առաջարկած համայնքներում իրենք կարողանալու են տուն գնել, «Ազատության» հետ զրույցում չնկարահանվելու պայմանով տարակուսում էին որոշ արցախցիներ։ Այս հարցի պատասխանը կառավարությունը դեռ չի տվել։

Արցախցի նախկին պաշտոնյան ասում է՝ իրենք գործադիրին առաջարկել էին արցախցիների համար առանձին բնակավայրերում, օրինակ հենց Սյունիքում կառուցապատում իրականացնել: Տեղում հնարավոր էր լուծել նաև աշխատանքի հարցը: Առաջարկը չեն ընդունել։

Պետությունը, սակայն, անհատույց է տրամադրելու աջակցությունը, թեև նախկինում պաշտոնյաները չէին բացառել, որ գումարը որոշակի ժամկետում արցախցիները պետք է վերադարձնեն։ Հիմա արցախցիներից շատերն են հաշվում, փորձում հասկանալ՝ էլ ինչ կարող են անել, որ պետության աջակցությունը ստանալուց հետո սեփական տուն ունենան։

XS
SM
MD
LG