Մատչելիության հղումներ

Կադիրովը պարգևատրել է իր եղբորորդուն․ Գրոզնի թռչող ինքնաթիռի կործանման օրը նա հայտնել է ԱԹՍ-ների խոցման մասին. The Insider


Խամզաթ Կադիրով, Ռամզան Կադիրով, արխիվ
Խամզաթ Կադիրով, Ռամզան Կադիրով, արխիվ

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը «Չեչնիայի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար» մեդալ է շնորհել իր եղբորորդուն՝ Խամզաթին, հաղորդում է The Insider-ը՝ նշելով, որ նույն օրն ավելի ուշ հայտնի դարձավ Ղազախստանում Բաքվից Գրոզնի ուղևորվող «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի կործանման մասին։

Ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիում և շտապ վայրէջք է խնդրել Ակտաուում, որտեղ էլ կործանվել է: 38 մարդ զոհվել է, 29-ը վիրավորվել։

Խամզաթ Կադիրովը Չեչնիայի անվտանգության խորհրդի քարտուղարն է։ Նա Instagram-ի իր էջում մրցանակաբաշխությունից տեսանյութ է հրապարակել։

Դեկտեմբերի 25-ի առավոտյան Խամզաթ Կադիրովը սոցիալական ցանցերում գրել էր, որ Չեչնիայում բոլոր ԱԹՍ-ները խոցվել են։

Ավելի վաղ Reuters-ը՝ հղում անելով ադրբեջանական քննությանը մոտ կանգնած չորս աղբյուրների, հայտնել էր, որ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռը կործանվել է ռուսական հակաօդային ուժերի հարվածից։ Նույնն են պնդել նաև մի շարք այլ լրատվամիջոցներ, այդ թվում՝ Euronews-ն՝ նշելով, որ ինքնաթիռը խոցվել է ռուսական «երկիր-օդ» հրթիռով։

Չեչենական ընդդիմադիր NIYSO տելեգրամյան ալիքը հայտնել է, որ "Панцирь-С1" հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգն աշխատում էր Գրոզնիում հենց այն ժամանակ, երբ «Ադրբեջանական ավիաուղիներ»-ի ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր։

Ռուսաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի իշխանությունները դեռ պաշտոնապես չեն մեկնաբանել ինքնաթիռի կործանման պատճառները։

Ինքնաթիռի կործանման դեպքով նախաքննություն է ընթանում։ «Սև արկղերը» հայտնաբերվել են։ Ավելի վաղ շրջանառվում էին թռչունների երամին բախվելու, ինքնաթիռում թթվածնի բաքի պայթյունի և ինքնաթիռի տեխնիկական անսարքության վարկածները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG