Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ինքնաթիռը կործանվել է ռուսական հակաօդային ուժերի հարվածից. Reuters


«Ադրբեջանական ավիաուղիներ»-ին պատկանող ինքնաթիռը կործանվել է ռուսական հակաօդային ուժերի հարվածից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով ադրբեջանական քննությանը մոտ կանգնած չորս աղբյուրների։

Բաքվից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը վթարի էր ենթարկվել երեկ՝ Ղազախստանի տարածքում, 38 մարդ զոհվել էր, 29-ը վիրավորվել։ Ինքնաթիռը վթարից առաջ անցել էր Ռուսաստանի օդային տարածքի այն հատվածով, որտեղ վերջին ամիսներին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգն աշխատում է ուկրաինական անօդաչուների հարձակման դեմ։

Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևը, անդրադառնալով լուրին, որ ինքնաթիռը խոցվել է հրթիռով, ասել է, որ դա նման ենթադրություններն անհիմն են՝ ընդգծելով, որ լուսանկարների հիման վրա եզրակացություններ անելը ժամանակավրեպ է:

Պաշտոնապես ո՛չ Մոսկվան, ո՛չ Բաքուն այս վարկածը չեն հաստատել։ Կրեմլի խոսնակը, պատասխանելով այս մասին հարցին, հորդորել է սպասել քննության արդյունքներին. - «Նախաքննությունը շարունակվում է, ցանկացած ավիացիոն միջադեպ պետք է հետաքննեն ավիացիոն հատուկ մարմինները: Եվ քանի դեռ քննիչները եզրակացություններ չեն արել, որևէ վարկած առաջ քաշելը ճիշտ չի լինի: Այնպես որ, մենք չենք կարող դա անել և ոչ ոք դա չպետք է անի, պետք է սպասենք հետաքննության ավարտին»:

Մեկնաբանություններից հրաժարվել է նաև Ադրբեջանի նախագահը, որն այսօրվա ասուլիսին ասել է, որ վթարի պատճառներն իրենց հայտնի չեն. - «Ինձ միայն ասվել է, որ ինքնաթիռը փոխել է ուղղությունը եղանակային վատ պայմանների պատճառով»:

Ավելի վաղ հարձակման վարկածն առաջ էին քաշել Ռազմական վերլուծաբանները: Վերլուծաբան Յան Մատվեևը «Ազատության» Настоящее Время հեռուստաալիքին ասել է, որ դատելով ինքնաթիռի վրայի հետքերից, չի բացառվում, որ այն կարող էր խոցվել ռուսական "Панцирь-С1" զենիթահրթիռային համալիրի փոքր հրթիռով:

«Զենիթային հրթիռում սովորաբար լինում են ավելի շատ խոցող տարրեր։ Բայց եթե դա զենիթային փոքր հրթիռ է եղել, օրինակ՝ «Панцирь-С1» համալիրի, դրան գումարած այն, որ դա պայթել է ինքնաթիռից շատ հեռու և ինքնաթիռին կարող էին հասնել բեկորների միայն մի մասը, ապա հասցված վնասի պատկերը կարող էր լինել այսպիսին», - նշել է նա:

Մատվեևը, այդուհանդերձ, նշել է, որ այս պահին դեռ չկա որևէ տեղեկություն, որը հարյուր տոկոսով կհաստատի այս վարկածը: Ըստ նրա՝ ուղևորներն առնվազն երկու պայթյունի ձայն են լսել դրսից, ինչը ևս կարող է վկայել հրթիռի կիրառման մասին:

Ավիացիոն փորձագետ Ռոման Սվիտանին ևս կարծում է, որ մեծ հավանականությամբ կարող է հաստատվել զենիթահրթիռային համակարգով հարվածի վարկածը: Փորձագետը, թեև առաջարկել է սպասել փորձաքննությանը, այդուհանդերձ, բացատրել է, թե ինչու է այս վարկածը հավանական:

«Զենիթահրթիռային համակարգերի խոցող տարրերը եզակի են՝ դրանք միանշանակ մնում են խցիկի ներսում, հատկապես՝ ինքնաթիռի նստատեղերում։ Նստատեղերը պետք է լինեն այդ խոցող տարրերի կրողներ, և դրանցից հնարավոր կլինի հստակ որոշել անգամ զենիթահրթիռային համակարգի տեսակը։ Բայց դա տեղի կունենա առաջիկա մի քանի օրվա ընթացքում, նույնիսկ քննության սկզբում ամեն ինչ պարզ կլինի», - ասել է Սվիտանին։

«Ադրբեջանական ավիաուղիներ»-ը վթարից հետո դադարեցրել է թռիչքները Բաքվից Գրոզնի և Մախաչկալա և հակառակ ուղղությամբ՝ մինչև կավարտվի ավիավթարի հետաքննությունը: Ադրբեջանում այսօր սուգ է հայտարարված։

Մինչ այդ Բաքվի օդանավակայանում տուժածների հարազատներն, ընկերները սպասում են, որպեսզի իրենց որևէ տեղեկություն հայտնեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG