Վարչապետ Փաշինյանը կրկին անդրադարձել է իրեն ուղղված բողոքներին, որ վերաբերում են արդարադատություն իրականացնող կառույցներին։ Այս անգամ կենտրոնացել է իր կառավարության օրոք ներդրած ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վրա. - «Ինչ որ ասել ենք, անելու ենք, այդ թվում՝ ապօրինի գույքի բռնագանձման մեխանիզմով»։
Այս ռիլին հաջորդեց նաև Փաշինյանի գրառումը. «Ապօրինի կերպով ձեռք բերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ՝ գործընթաց: Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչև վերջ: Առաջիկայում «հատիկ առ հատիկ» հեշթեգով կներկայացնեմ արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը՝ հատիկ առ հատիկ»,- ազդարարել է վարչապետն ու որպես օրինակ բերել Ծաղկաձորի մոտ 25 հազար քառակուսի մետր օտարված հողի վերադարձը պետությանը։
Վարչապետի վերջին ակտիվությունը համացանցում իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը պայմանավորում է 2026-ին սպասվող ընտրություններով։
«Բոլոր հանրային ելույթները միտված են՝ հասարակությանը կերակրելու որոշակի նյութերով, մասնավորապես նաև նախապատրաստելու նոր ընտրությունների։ Այդ համատեքստում կարելի է դիտարկել կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագոչ ելույթները, ինչպես նաև վերջին ելույթը կապված ապօրինի գույքի վերադարձի վերաբերյալ», - ասաց Զարուհի Հովհաննիսյանը։
Փաշինյանը ոչ միայն ակտիվ գրառումներ է անում, տեսանյութեր հրապարակում, այլև ժամանակ գտնում պատասխանելու իր գրառումները մեկնաբանողներին։ Քաղաքացիներից մեկի դիտարկմանը, թե «սկսեք Ձեզանից», Փաշինյանը հարցրել է. «Իմ ո՞ր գույքը կամ ունեցվածքը վերադարձնեմ պետությանը»։
Իսկ մյուսին, որ կասկածի տակ է դնում նրա խոստումն ու այս ամենը համարում քարոզչական հնարք, հարցրել է՝ ի՞նչ նկատի ունի։
Ինչո՞ւ մինչև հիմա իշխող ուժը չի կատարել իր կարևոր խոստումներից մեկը՝ Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից, այդ թվում՝ նախկին նախագահներից տարիներ անց որևէ միավոր գույք չի բռնագանձվել։ Կոռուպցիայի դեմ Փաշինյանի հայտարարած պայքարին հետևող իրավապաշտպան Հովհաննիսյանը կասկածում է, որ այդ խոստումը կկատարվի. - «Նախ կարծում եմ՝ բավականաչափ ժամանակ է տրվել, որ այն ապօրինությունները, որ կարող էին բացահայտվել, քողարկվեն, մյուս կողմից՝ կարծում եմ՝ կան պայմանավորվածություններ՝ ձեռք չտալու այն անձանց, ովքեր խաղաղ փոխանցել են նաև իշխանությունը»։
Ներկա ու նախկին պաշտոնյաների ունեցվածքի օրինականությունն ուսումնասիրող դատախազությունը պարբերաբար թվեր է հրապարակում. վերջին վիճակագրության համաձայն՝ 2023-ից մինչև օրս կայացված 11 վճիռներով պետությանն է վերադարձվել շուրջ 17 միլիոն դոլար։
Դատարաններն այժմ քննում են ավելի քան 110 հայց։ Գլխավոր դատախազության այս վարչությունը համակարգող արդեն նախկին դատախազ, այժմ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը օրերս ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ ճանաչվեց։ Իսկ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը դեռ ամիսներ առաջ ԱՊՀ դատախազների հետ հանդիպմանը հպարտացել էր իրենց ցուցանիշներով։
Իրավապաշտպան Հովհաննիսյանը, սակայն, ընդգծում է՝ դատախազությունը պետք է տարանջատեր, առանձնացներ բարձրաստիճաններին, սկզբում քններ նրանց գործերը։ Հրապարակվող վճիռներում հնչեղ անուններ չկան։
Պաշտոնյաների թալանածը հետ բերելու խոստումով ընդունված օրենքը բարձր դատարանում 2022-ի սկզբից վիճարկում են ընդդիմադիր պատգամավորները։ Պնդում են՝ այն հակասահմանադրական է։ Բայց քննությունը երկու տարի է կասեցված է։ Բարձր դատարանի պատասխանը սա է՝ թեև քննությունը կասեցված է, բայց սառեցված չէ։ Կա տեսակետ, որ եթե Սահմանադրական դատարանն օրենքը հակասահմանադրական ճանաչեց, ապա պետությանն անցած գույքերը պետք է վերադարձվեն արդեն նախկին տերերին։
Ամբողջական տարբերակը՝ «Ազատության» ռեպորտաժում.