Վրաստանում ոստիկանությունն այսօր ներխուժել է «Ազգային շարժում», «Գիրչի», «Դրոա», «Ախալի» ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներ և խուզարկություն իրականացրել:
Ընդդիմադիրները ոստիկաններից պահանջել են ներկայացնել խուզարկության թույլտվությունը, ինչից հետո իրավապահները լքել են շենքը՝ առանց որևէ բացատրություն տալու։
Ավելի ուշ վեճ է տեղի ունեցել ոստիկանների և «Ախլի» կուսակցության հիմնադիր, «Կոալիցիա հանուն փոփոխության» խմբի առաջնորդներից Նիկա Գվարամիայի միջև: Ոստիկանները ծեծի են ենթարկել նրան և բռնի ուժով բերման ենթարկել: Ըստ Reuters-ի՝ ընդդիմադիր գործիչը գիտակցությունը կորցրել է ծեծի հետևանքով:
Ընդդիմադիր «Լելո» կուսակցության և «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդներից Սաբա Բուաձեն, ասել է, որ ոստիկանությունը ձերբակալել է իր կուսակցության երեք անդամի:
Ոստիկանության աշխատակիցները խուզարկել են նաև «Ազգային շարժում» կազմակերպության երիտասարդական թևի գրասենյակը և մի քանի ակտիվիստների բնակարանները: Նրանք չեն պարզաբանել, թե ինչու են խուզարկություն անում և ինչու են բերման ենթարկում ընդդիմադիր գործիչներին:
Վրաստանում բողոքի ակցիաներն սկսվեցին, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը կասեցնում է Եվրամիության հետ բանակցությունները: Արդեն մեկ շաբաթ է՝ կառավարության հրաժարականի պահանջով հազարավոր քաղաքացիներ Թբիլիսիի փողոցներում ցույցեր են անում, որոնք ուղեկցվում են ուժայինների հետ բախումներով։
Ոստիկանության կողմից հատուկ միջոցների՝ ջրցան մեքենաների, արցունքաբեր գազի կիրառման հետևանքով, տասնյակ մարդիկ են հոսպիտալացվել, ավելի քան 250 ցուցարար է ձերբակալվել: Երեկ գիշեր ևս հատուկ ջոկատայինները հատուկ միջոցներ են կիրառել՝ ցուցարարներին խորհրդարանի շենքի տարածքից հեռացնելու համար:
Վաշինգտոն աջակցություն է հայտնել վրաց ժողովրդին՝ միաժամանակ
մտահոգություն է հայտնելով Վրաստանի իշխանությունների քայլերի վերաբերյալ, որոնք, ըստ Արևմուտքի՝ հեռացնում են Թբիլիսիին Եվրոպայի հետ ավելի խորն ինտեգրման ճանապարհից:
Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել պատժամիջոցներ սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդների նկատմամբ, իսկ Լիտվան արդեն պատժամիջոցներ է սահմանել կուսակցության փաստացի ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի և վրացի 10 պաշտոնյաների նկատմամբ: