Երեկ մեկնարկել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի պաշտոնական այցը Հայաստան։
Հայաստանի նախագահական նստավայրում այսօր տեղի է ունեցել Անջեյ Դուդայի դիմավորման պաշտոնական արարողությունը։ Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Լեհաստանի նախագահն առանձնազրույց են ունեցել։
Հանդիպումից հայկական կողմը դեռ մանրամասներ չի հայտնում։
Ավելի վաղ Լեհաստանի նախագահի գրասենյակը հաղորդել էր, որ երկու երկրների նախագահները նախ առանձին հանդիպում կունենան, ապա բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով, իսկ վերջում կհանդիպեն լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ։
Օրվա երկրորդ կեսին Լեհաստանի նախագահը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ։
Բանակցությունների հիմնական թեմաներից մեկը տարածաշրջանում տիրող իրավիճակն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացն է, ասել է Լեհաստանի նախագահի միջազգային քաղաքականության բյուրոյի ղեկավար Մեսկո Պավլակը։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը շարունակվում է, և մենք հուսով ենք, որ այն շուտով կավարտվի», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Պավլակն՝ ընդգծելով՝ որ երկու շաբաթ առաջ Դուդան Բաքվում մասնակցել է COP29 համաժողովին, հանդիպել Ադրբեջանի նախագահի հետ և քննարկել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում տիրող իրավիճակը և խաղաղության գործընթացը։
«Այժմ հայկական կողմի հետ խոսելու ժամանակն է», - ասել է նախարարը՝ չմանրամասնելով ադրբեջանական կողմի հետ տեղի ունեցած զրույցները։
«ԵՄ ընդլայնումը Լեհաստանի նախագահության առաջնահերթություններից է»
Ընդգծելով, որ հունվարից Լեհաստանն է նախագահելու ԵՄ Խորհրդը՝ Պավլակը՝ շեշտել է՝ ԵՄ ընդլայնումը Լեհաստանի նախագահության առաջնահերթություններից է:
«Հայաստանը չի ձգտում անդամակցել ԵՄ-ին, սակայն վերջին տարիներին շատ ավելի բաց է դարձել Արևմուտքի և ԵՄ-ի հետ համագործակցության համար, և Լեհաստանի նախագահությունը կամրապնդի այդ միտումը», - նշել է նախարարը։
2023-ի հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է մոտենալ Եվրամիությանն այնքան, որքան Բրյուսելը հնարավոր համարի: Եվրամիությունից արձագանքեցին՝ յուրաքանչյուր երկիր ազատ է որոշելու՝ արդյոք ցանկանում է անդամակցել Միությանը, թե ոչ:
Այս քննարկումներն է՛լ ավելի թեժացան, երբ Վրաստանը ստացավ Եվրամիությանն անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Եվրախորդարանը կոչ արեց Եվրամիության գործադիր իշխանությանը՝ նման հնարավրություն դիտարկել նաև Հայաստանի համար:
Սա Լեհաստանի նախագահի առաջին այցն է Հայաստան վերջին 13 տարվա ընթացքում։
Վաղը՝ նոյեմբերի 27-ին Դուդան կայցելի Երասխ՝ մասնակցելու Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության հետ համատեղ պարեկությանը։
2023-ի փետրվարից ի վեր, երբ Հայաստան եկան եվրոպացի դիտորդներ՝ Կապանի, Գորիսի, Ջերմուկի, Եղեգնաձորի, Մարտունու և Իջևանի գրասենյակներից հայ - ադրբեջանական սահմանները դիտարկելու և սահմանամերձ շրջաններում կայունությանը նպաստելու առաքելությամբ, Ադրբեջանը պարբերաբար քննադատում է անզեն դիտորդներին, անգամ լրտեսության մեջ մեղադրում։ Առաքելության մանդատը երկու տարի է։ Ժամկետը երեք ամսից կավարտվի։ Եվրամիությունը դեռ չի հստակեցրել՝ ժամկետի ավարտից հետո ավելի քան 200 քաղաքացիական դիտորդները կշարունակեն մնալ այստեղ, թե ոչ։