Լեհաստանը մարդասիրական օգնություն է տրամադրել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից Հայաստան եկած քաղաքացիներին օգնելու համար։
Ըստ Հայաստանում Լեհաստանի դեսպանության՝ Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Վոյչեխ Գերվելն ընդգծել է, որ Վարշավան այսօր տրամադրում է առարկայական օգնություն, այդ թվում՝ 10 տոննա պարեն և 200 ճամբարային մահճակալ՝ ծածկոցներով, ինչպես նաև 200 հազար ԱՄՆ դոլար՝ ի պատասխան ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի՝ Լեռնային Ղարաբաղից փախստականների հրատապ կարիքների վերաբերյալ դիմումին։
«Մեծ մտահոգությամբ ենք հետևում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից Հայաստան փախչող ավելի քան հարյուր հազար հայ փախստականների։ Մենք ցանկանում ենք այս դժվարին պահերին հայտնել Լեհաստանի աջակցությունը Հայաստանին»,- ասել է Գերվելը՝ հավելելով․ - «Մեր արագ արձագանքը պետք է ընկալվի նաև որպես բարեկամության ժեստ»։
Նա վերահաստատել է Լեհաստանի աջակցությունը Հայաստանի ներքին կայունությանը և մաղթել ներկա դժվարությունների արագ հաղթահարում՝ հանուն ավելի լավ ու խաղաղ ապագայի։
«Լեհաստանը մշտապես հանդես է եկել հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման օգտին: Խաղաղությանն այլընտրանք չկա։ Լիահույս ենք, որ հակամարտությունը շուտով կավարտվի և Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության համաձայնագիրը», - եզրափակել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարարը։