Մատչելիության հղումներ

ԵՄ վիզա ստանալը դեռ մնում է բարդ, խճճված ու վիճակախաղ հիշեցնող գործընթաց


Թեև Բրյուսելը մի քայլ արեց Երևանի հետ վիզաների ազատականացման բանակցությունները սկսելու ուղղությամբ, միևնույնն է՝ մասնագետների խոսքով՝ գործընթացն առնվազն 4-5 տարի կտևի։ Մինչ այդ Երևանում եվրոպական վիզա ստանալու համար հաճախ պետք է անցնել դժոխքի շրջանները հիշեցնող ճանապարհով։

Կարինե Թուխիկյանն օրեր առաջ տեսագրություն է արել Վիզաների կենտրոնի դռների առջև՝ մեկնաբանելով՝ «սա պարզապես խայտառակություն է»։ Նա հարց էր բարձրացնում՝ հնարավո՞ր չէ արդյոք մարդկանց սպասարկել այնպես, որ հսկայական հերթեր չգոյանան։ Այս կենտրոնի միջոցով ստանում են Հունաստանի, Ավստրիայի, Լիտվայի և Խորվաթիայի մուտքի արտոնագրեր։

Այսօր արդեն «Ազատության» այցելության ժամանակ նախասրահում հերթեր չկային, սակայն այցելուները միևնույնն է՝ դժգոհ են Եվրամիության երկրների՝ Հայաստանում վարած մուտքի արտոնագրերի քաղաքականությունից։

«Առնվազն գոնե 7 տարի է՝ ունենում ենք, բայց յուրաքանչյուր տարի դիմելուց մուլտի վիզայի համար մերժում ենք ստանում, տրամադրում են հստակ օրերի քանակով, ինչքան որ հանգիստը նախատեսած է», - ասում է Աշոտ Եսայանը։

Նա ու իր ընտանիքի մյուս անդամները վերջին անգամ Եվրամիության տարածք՝ Իտալիա են ճամփորդել դեկտեմբերին, միանգամից տեղեկացրել էին, որ ամռանն էլ պատրաստվում են գնալ Հունաստան։ Անգամ այս դեպքում բազմակի մուտքի վիզա չեն ստացել, այլ միայն մեկ մուտքի։ Ու հիմա ստիպված են նորից դիմել։ Չեն հասկանում՝ արդյո՞ք հյուպատոսական ծառայությունները «հաճույք են ստանում անընդհատ նորից թղթերի փաթեթներ ստանալուց ու քննելուց»։

«Նախ մուլտին մերժեցին, երկրորդը՝ նույնիսկ վեց ամսվա համար չտրամադրեցին, որ ձեռք բերած հունական փաթեթից կարողանայինք օգտվել։ {Իտալիա} գնացինք, եկանք, հիմա նոր եկանք, դիմեցինք հունականի», - պատմեց նա։

Ընդ որում, այսօր Հունաստանի վիզայի դիմելու համար գրեթե 6 ամիս առաջ էին գրանցվել՝ օգտվելով զբոսաշրջային ընկերության ծառայությունից լրացուցիչ վճարի դիմաց. - «30 հազար դրամ հավելյալ վճար ամեն անձի համար, 5 անձ՝ 150 հազար»։

Մեկ այլ քաղաքացի էլ պատմեց, որ ինքն էլ ընտանիքով տարվա մեջ մի քանի անգամ կա՛մ աշխատանքի, կա՛մ հանգստի նպատակով ճամփորդում է, բազմակի մուտքի վիզա երբեք չեն ստանում երեխաները, ու ստիպված են անընդհատ հայտնվել վիզա կենտրոնների հերթերում։

«Միշտ մուլտի չեն տալիս, տալիս են տվյալ օրերին, երբ գնում ենք տուրիստականի։ Դա էլ ամեն անգամ բարդացնում է, ամեն անգամ նույն պրոցեսը։ Ոնց որ մարդու ինքնասիրության վրա ազդի, ինչի համար ես պայքարում, այսքան չարչարվում՝ չգիտես, որ մի հատ վիզա են խփում մի քանի օրով», - ասաց նա։

Փորձագետների կարծիքով՝ հաճախ ճամփորդող մարդկանց բազմակի մուտքի վիզաներ տալը կարող է մի փոքր թեթևացնել հերթերը, որոնք որոշ դեսպանատներում հասնում են մյուս տարվան։ Օրինակ՝ Գերմանիայի դեսպանատունը քչերից մեկն է, որ բոլոր դիմողներին հերթագրում է։ Այսօր այնտեղ գրանցվելու դեպքում թղթերը դեսպանատուն կկարողանաք տանել ամենաշուտը 6 ամսից՝ հունվար-փետրվարին։

Ֆրանսիայի դեսպանատունը կարող է ձեզ տալ դիմումի օր, կարող է չտալ, ըստ իրենց հայեցողության։ Չեխիայի ու Լեհաստանի հյուպատոսություններն էլ վիճակախաղ են անցկացնում՝ դուք դիմում եք, կարող է ստացվել, կարող է՝ ոչ։

«Պայմաններին բավարարած բոլոր նամակները կներկայացվեն վիճակախաղի: Մինչև մեր հնարավորությունները լրացնելը դիմումները կընտրվեն պատահականության սկզբունքով, անկախ նրանից, թե երբ են դրանք հասել մեր փոստարկղ», - ասված է Չեխիայի դեսպանատան այսօր տեղադրած հայտարարության մեջ։

Հայաստանի ճամփորդող քաղաքացիները Եվրամիության վիզա ստանալու համար այս բարդ, խճճված ու վիճակախաղ հիշեցնող ողջ գործընթացն անվանում են մեծ գլխացավանք։

ԵՄ-ի հետ համագործակցության հարցերով փորձագետ Մանե Ադամյանն ասում է՝ չի տեսնում բավարար ջանքեր եվրոպական երկրների կողմից վիզաների հերթերը թեթևացնելու ուղղությամբ։

«Պարբերաբար այս հարցը բարձրացվում է։ Ես գիտեմ, որ խնդրի մասին անընդհատ բարձրաձայնում են մեր դիվանագետները։ Ամեն դեպքում, ոչ բոլոր դեսպանատներն են, որ կարողացել են ավելացնել իրենց կարողությունները և պիտի շարունակաբար անեն, մինչև տեղի ունենա վիզաների ազատականացումը, որովհետև, այո, հատկապես այն պիկ սեզոնին մարդկանց համար մղձավանջ է դարձել վիզա ստանալու գործընթացը», - նշեց նա։

Մանե Ադամյանի կարծիքով՝ Հայաստանի արտգործնախարարությունից բացի, Երևանում գտնվող եվրոպական դեսպանատներն էլ իրենց հերթին պետք է փորձեն ազդել իրենց մայրաքաղաքների վրա՝ արագացնելու վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները, ինչի արդյունքում ակնկալվում է, որ գոնե տարիներ անց Եվրոպա ճամփորդելը Հայաստանի քաղաքացիների համար չի լինի մեծ մարտահրավեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG