Մատչելիության հղումներ

Մեթ Գետցը հրաժարվեց, Թրամփը Պամ Բոնդիին կառաջադրի ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում


Մեթ Գետց, Դոնալդ Թրամփ, Պամ Բոնդի
Մեթ Գետց, Դոնալդ Թրամփ, Պամ Բոնդի

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ֆլորիդայի նախկին գլխավոր դատախազ, 59-ամյա Պամ Բոնդիին կառաջադրի ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնում, հաղորդում է Reuters-ը։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Ֆլորիդայից պատգամավոր Մեթ Գետցին այդ պաշտոնում նշանակելու մասին, սակայն նախկին կոնգրեսականը հրաժարվել է քննարկումներից։

Ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովում Գետցի հարցով 2020-ից հետաքննություն է ընթանում։ Նա մեղադրվում է 17-ամյա անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերություն ունենալու և թմրամիջոցների ապօրինի օգտագործման համար: Գետցը չի ընդունում մեղադրանքները։

Նա հայտարարել է, որ իր առաջադրումը գուցե խոչընդոտներ ստեղծի Թրամփի համար նոր վարչակազմի ձևավորման հարցում։

«Արդարադատության նախարարությունը պետք է պատրաստ լինի Թրամփի նախագահությանն առաջին իսկ օրվանից: Ես միշտ հպարտ կլինեմ, որ նախագահ Թրամփն ինձ առաջարկեց այս պաշտոնում, և ես վստահ եմ, որ նա կփրկի Ամերիկան»,- ասել է Գետցը։

Բոնդին 2011-2019 թվականներին եղել է երկրի երրորդ ամենաբազմամարդ նահանգի՝ Ֆլորիդայի, իրավապահ մարմինների ղեկավարը։

Թրամփը հայտարարել է, որ նա իր պաշտոնավարման ընթացքում ապահովել է այս նահանգի անվտանգությունը՝ վստահություն հայտնելով, որ Պամ Բոնդին ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կծառայեցնի իր ճիշտ նպատակին՝ հանցավորության դեմ պայքարին։

Թրամփի իմփիչմենթի հարցով առաջին դատավարության ժամանակ Բոնդին նրա պաշտպանական թիմից էր։ Այդ ժամանակ Թրամփը մեղադրվում էր Ուկրաինայի վրա ճնշում գործադրելու՝ Ուկրինային ռազմական օգնությունը դադարեցնելով՝ Բայդենի նկատմամբ կոռուպցիոն հետաքննություն անցկացնելու համար։ Ավելի ուշ Թրամփն արդարացվեց Սենատի կողմից։

78-ամյա հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 5-ին կայացած ընտրություններում հաղթանակից հետո վերադառնում է Սպիտակ տուն։ Նա արդեն հայտարարել է մի շարք պաշտոններում նշանակումների մասին։ Թրամփի երդմնակալությունը տեղի կունենա 2025 թվականի հունվարի 20-ին։

XS
SM
MD
LG